Շիրակի ԵԿՄ-ում կրքերը լարված են. «Կոռնիձորի» Արոն քարոզարշավ է սկսել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը Շիրակի մարզում քարոզարշավ է սկսել: Վերջինս ԵԿՄ համագումարին ընդառաջ իր թիմակիցների հետ Գյումրի է եկել ու փորձել ներկայացնել իր նախընտրական ծրագիրը: Խուդավերդյանի կողքին Շիրակի մարզից մի քանի հոգի են կանգնած, նրանք Երկրապահ Կամավորական միության Շիրակի մարզային կառույցից «նեղվածներն» են: Վերջիններս վատ հարաբերությունների մեջ են Շիրակի մարզային կառույցի ղեկավար Յուրա Ալեքսանյանի հետ ու վստահեցնում են, որ Ալեքսանյան Յուրան գեներալ Մանվելի կողմնակիցն է եւ պետք է հեռանա երկրապահից:

Օրերս Յուրա Ալեքսանյանի «հակառակորդները» մարզային հեռուստաընկերություններում հայտարարություն էին տարածել, որ ԵԿՄ Շիրակի մարզային կառույցում նախագահի ընտրություններ են տեղի ունենալու: Հայտարարությունը ընդամենը ժամեր անց հերքվեց: Պարզվեց՝ ԵԿՄ Շիրակի մարզային կառույցի նախագահ Յուրա Ալեքսանյանն էլ անակնկալի էր եկել Խուդավերդյանի այցից. «Եկել հասել են Երկրապահի բակը, ես էլ խնդրել էի մեր տղերքին այդտեղ չմնալ, որ արյուն չթափվի: Բայց մեր տղաներին չէի կարողացել համոզել: Մի երեք հոգի եկել են մեր գրասենյակ ու հանդիպել դրանց հետ: Վերջիններս զարմացել են, երբ իմացել են որ Գյումրիում լուրեր են տարածվել այն մասին, որ նախագահի ընտրություն է լինելու: Կոռնիձորի Արոն էլ վստահեցրել է, որ այցի նպատակը միայն քարոզարշավի համար է»,- ասել է ԵԿՄ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Յուրա Ալեքսանյանը:

ԵԿՄ անդամները Կոռնիձորի Արոյին ներկայացրել են, որ վերջինիս թիմը համալրած Շիրակցի ներկայացուցիչները իրականում որեւէ կապ շունեն ԵԿՄ-ի հետ. «Եթե որոշել էին գալ ու մեր մարզում քարոզարշավ անել, նախ պետք է մարզային կառույցի ղեկավարի հետ խոսեին: Ասեին, մեր ամբողջ անձնակազմին կհավաքեի, խնդիր չկար, թող գային իրենց ծրագիրը ներկայացնեին: Հայտարարել է, որ ինձ հետ «չերեզով» է կապ հաստատել»,-ասել է Յուրա Ալեքսանյանը:

Նշենք, որ այժմ կրքերը ԵԿՄ Շիրակի մարզային կառույցում լարված են:

Շուշանիկ Օհանյան




Լրահոս