«Ամերիկահայ միլիոնատեր, պոկերի արքա Դեն Բիլզերյանը Քիմ Քարդաշյանի տղամարդ տեսակն է, ի՞նչ պետք է նրա այցը տա Հայաստանին: Գուցե իր համար Հայաստան գալը փիար քայլ էր, բայց մեզ համար լավ կլիներ, եթե Հայաստան հաճախակի այցելեր, ասենք, Սթիվ Վոզնյակը: Իսկ Բիլզերյանի այցը հերթական իրադարձությունն է, որը քննարկում են պարապ ֆեյսբուքցիները»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեսակետ հայտնեց ռադիո եւ հեռուստահաղորդավար Եգոր Գլումովը:
Մենք խոսեցինք նաեւ քաղաքական թեմաներից: «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց՝ այն սպասումները, որոնք ուներ Գլումովը թավշյա հեղափոխության օրերին, արդյոք իրականացա՞ն. «100 օրը դեռ քիչ է, որպեսզի սպասումների իրականացման մասին խոսենք: Մարդիկ պետք է աշխատեն, որ հասկանանք՝ ինչ է լինելու: Անգամ մեկ տարի անց վաղ կլինի դատողություններ անելու համար»,-պատասխանեց Գլումովը:
Իսկ հարցին, թե արդյոք հնարավո՞ր է Հայաստանում տեղի ունենա հակահեղափոխություն, հաղորդավարը հակադարձեց. «Ինձ չի թվում, որ Հայաստանում հակահեղափոխական ուժեր կան: Հուսով եմ, որ բոլորն էլ հայ ազգի, իրենց հայրենիքի մասին են մտածում, ոչ թե սեփական շահերի: Ի՞նչ հակահեղափոխություն պետք է լինի: Գուցե մարդիկ մտածում են իշխանափոխության մասին, բայց դա հակահեղափոխություն չէ, կամ գուցե ինչ-որ մեկը կամ մի քանիսը ուզում են վերադառնալ իշխանության, դա ուրիշ խնդիր է»:
Մեր զրուցակիցը խոստովանեց, որ ոչ մի կառավարության վրա հույս չի դնում՝ փորձելով հույսեր կապել միայն ինքն իր հետ. «Ամեն դեպքում, փորձում եմ վստահել ներկայիս կառավարությանը եւ հասկանալ, որ այս մարդիկ ճիշտ ուղու վրա են»,-ասաց նա:
Մենք նաեւ հարցրինք՝ Հայաստանին մշակութային հեղափոխություն պե՞տք է, թե՞ ոչ. «Մշակութային հեղափոխություն վերջին անգամ եղել է Չինաստանում եւ ոչ մի լավ բանի չի հանգեցրել: Մշակույթի պարագայում պետք չէ հինը քանդել եւ նորը կառուցել, անհրաժեշտ է օգնել մշակույթին եւ ճիշտ ուղու վրա դնել»,-եզրափակեց Գլումովը:
Աննա Բաբաջանյան