Օգոստոսի 28-ին` երեկոյան ժամը 23:40-ի սահմաններում, կրակոցներ էին հնչել ՀՀ Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի՝ Կոտայքի մարզի Ձորաղբյուրում գտնվող առանձնատան վրա: 3 անձ զինված հարձակում էին գործել, սակայն դատարանի նախկին նախագահին եւ նրա որդուն հաջողվել էր վնասազերծել նրանցից մեկին, իսկ մյուս երկուսը փախուստի էին դիմել: «Ժողովուրդ» օրաթերթին կատարվածից մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես այն, որ վնասազերծված անձը որոշ մանրամասներ է պատմել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահին, թե ինչու է մտել նրա առաձնատուն:
Ինչպես է տեղի ունեցել հարձակումը
Դեպքը, ըստ պաշտոնական հաղորդագրության, եղել է ժամը 22:00-ի սահմաններում: Այդ ժամանակ տան անդամները` ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանը եւ նրա որդին` Գոռ Մկրտումյանը, տանն են եղել: Վերջիններս տեսախցիկով նկատել են, որ դիմակավորված անձինք են մոտենում առանձնատանը, դարպասի եւ պարսպի վրայով թռչելով` ներխուժում իրենց տուն: Հայր եւ որդի Մկրտումյանները շտապում են կանխել նրանց առաջխաղացումը եւ ավազակային հարձակում իրականացրածների եւ տան անդամների միջեւ սկսվում է դիմադրություն: Արդյունքում, ըստ մամուլի հրապարակումների` Գոռ Մկրտումյանը իր անվամբ, օրինական հաշվառված «Վալտեր» տիպի գազային ատրճանակով կարողանում է վնասազերծել հարձակում գործած անձանցից մեկին` Գյումրի քաղաքի բնակիչ, 42-ամյա Հովհաննես Ռիժենկոյին: Մյուս երկու դիմակավորված անձինք` տեսնելով, որ իրենց թիմից մեկը վնասազերծված է, անկանոն կրակոցներ են արձակում իրենց դիմադրություն թույլ տված տան անդամների ուղղությամբ եւ փախուստի են դիմում:
Ըստ մամուլի հրապարակումների` Հովհաննես Ռիժենկոն 20 օր առաջ է Ռուսաստանից վերադարձել Հայաստան:
Այսպիսով` ընտանիքի անդամների կողմից ենթադրյալ հանցագործների գործողությունը կանխելուց հետո գործին խառնվել են իրավապահները: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ եւ 4-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով: Հովհանես Ռիժենկոն ձերբակալվել է:
Նախաքննություն իրականացնող մարմինը դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել եւ առգրավել է 20 պարկուճ, մեկ ինքնաձիգ` լիցքավորված փամփուշտներով: Առգրավվել են տուժողի տան տարածքում գործող անվտանգության տեսախցիկների տեսագրությունները:
Մշակվել է քննչական պլան, եւ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր գործողությունները` դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, կատարված առերեւույթ ավազակային հարձակմանը մասնակցություն ունեցած մյուս անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Նշանակվել են փորձաքննություններ:
Վնասազերծված «հանցագործը» խոսել է
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` դեպքից հետո, մինչեւ իրավապահների ժամանելը, երբ Ռիժենկոյին բռնել են տանտերերը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի մտերիմները հետաքրքրվել են, թե ինչու են հարձակվել այդ տան վրա: Ի պատասխան` Ռիժենկոն հայտնել է, որ իր հետ եղած անձինք ասել են, որ մի տուն կա, պետք է գնան, գողություն անեն, եւ առաջարկել են իրեն միանալ, եւ ինքը համաձայնել է, քանի որ շատ պարտքեր է ունեցել: Վերջինս տանտերերին հայտնել է, որ այդ քայլին գնացել է, քանի որ շատ պարտքեր ուներ, գողություն կաներ եւ իր պարտքերից կպրծներ: ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահին եւ նրա ընտանիքի անդամներին շատ է հետաքրքրել մեկ հարց, թե ով է եղել երեք հոգուն ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահի տան վրա ուղարկողը՝ հանցագործության կազմակերպիչը:
Սակայն Հովհաննես Ռիժենկոն ասել է, թե չի կարող ասել: Ըստ մեզ հասած լուրերի` վնասազերծված անձը հայտնել է, եթե ինքը ասի, թե ով է եղել իրեն պատվեր տվող անձը, ապա իրեն բերդում կխփեն, դրա համար չի կարող ասել: Մեզ հասած լուրերի համաձայն` ընտանիքի անդամների բոլոր հորդորները, խնդրանքները, որ նա ասի, Հովհաննես Ռիժենկոն հրաժարվել է խոսել:
Ներքին խոսակցությունը
Ինչեւէ, դեպքի վայր ժամանած իրավապահները հետաքրքրվել են ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահից, թե նա ինչ կասկածներ ունի, կարո՞ղ է իր տան վրա հարձակումը կապված լինի իր նախկին գործունեության հետ, սակայն ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահն ասել է, որ իր կարծիքով սա սովորական հափշտակության դեպք է, եւ կարծում է, որ իր տան նկատմամբ հարձակումը գործունեության հետ կապ չունի:
Ավելին` երբ իրավապահները վարկածներ են առաջ քաշել քաղաքական հնարավոր հետապնդման մասին, վերջիններիս ընտանիքը բացառել է նաեւ այդ վարկածը` պնդելով, որ սա սովորական հափշտակություն էր:
Ինչ է արձանագրել տեսախցիկը
Ինչպես հայտնի է` դեպքից հետո նախաքննություն իրականացնող մարմինը` ՀՀ քննչական կոմիտեն, առգրավել է տուժողի տան տարածքում գործող անվտանգության տեսախցիկների տեսագրությունները: Մեզ հասած լուրերի համաձայն` տեսաձայնագրության մեջ չի երեւում հարձակում գործած անձանց դեմքը, քանի որ նրանք եղել են դիմակավորված: Տեսաձայնագրող սարքը արձանագրել է միայն այն, թե ինչպես է տան ուղղությամբ շարժ նկատվում: Ի դեպ, երբ դեպքից հետո իրավապահներն առաջարկել են ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահին իր տան անվտանգությունն ապպահովել, մինչ իրական հանցագործներին հայտնաբերեն, մեզ հայտնի դարձավ, որ Արման Մկրտումյանը հրաժարվել է:
Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում իրավապաշտպան Արթուր Սաքունցը, անդրադառնալով կատարվածին, հայտնեց .«Այն վարկածը, թե Արման Մկրտումյանի տան կատարվածը կարող է կապ ունենալ Ռոբերտ Քոչարյանի գործը ՀՀ վճռաբեկ դատարանում լինելու կամ նրան խափանման միջոցի ընտրության ընթացքի հետ, ապա ես կապ չեմ տեսնում: Այսինքն` այս պահին ես երկու վարկած կարող եմ ասել, կատարվածը կապ չունի ՀՀ վճռաբեկ դատարանի հետ, Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի ընտրության հարցի հետ, ուստի երկու վարկած կա` մեկը, որ երկար տարիներ եղել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ, բնականաբար կարող էր ունենալ որոշակի ունեցվածք, եւ երկրորդը` նույնպես չեմ բացառում, որ կարող է կապ ունենալ ինչ-ինչ դատական որոշումների հետ: Այսինքն` եղել է դատարանի նախկին նախագահ, եւ հայտնի է, որ Արման Մկրտումյանը աչքի չի ընկել որպես բարեխիղճ դատավոր, ինչ-ինչ քրեական գործերի, քաղաքացիական գործերի հետ կապված, եւ մարդիկ որոշել են պատժել»:
Քնար Մանուկյան