Արդեն մեկ շաբաթ է, ինչ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի բնակիչները պայքարում են հավերի, ճտերի անկման դեպքերի դեմ: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Թալինի տարածաշրջանի գյուղերում արդեն տեւական ժամանակ է` հավերի, ճտերի, հնդկահավերի մասսայական անկման դեպքեր են գրանցվել: Ըստ ֆերմերների` նախնական տվյալներով հավերը անկում են ժանտախտ հիվանդությունից:
ՀՀ Արագածոտնի մարզի Մաստարայի գյուղապետ Սարգիս Ավետիսյանի խոսքերով` իրենց գյուղում այս օրերին գրանցվել է շուրջ 300 հավի, ճտի անկման դեպք: «Մի քանի ընտանիքի ունեցած հավերն ու ճտերն են սատկել: Նախնական տվյալներով` հավերը սատկում են ինչ-որ կոկորդային, շնչառական օրգանների հետ կապված հիվանդությունից:
Հիմա գյուղում մեր անասնաբույժը ժանտախտի դեմ սրսկումներ է անում»,- տեղեկացրեց Մաստարայի գյուղապետը: Զրույցի ընթացքում գյուղապետը փոխանցեց նաեւ, որ անասնաբույժը երեք անկած հավ է տարել լաբորատորիա` փորձաքննության: «Հինգ աշխատանքային օր հետո միայն մեզ կասեն, թե ինչն է հավերի սատկելու պատճառը: Այս պահի դրությամբ վիճակը հանգիստ է: Մենք երբեւէ ուրիշ հիվանդությունների դեմ հավերին չենք սրսկել, իսկ ժանտախտի դեմ հավերը պատվաստվել են միայն պետական աջակցության ծրագրի շրջանակներում: Ախր, մեր գյուղ տարբեր տեղերից բերում են հավ, ճուտ են վաճառում, իսկ մարդիկ էլ թուղթ չեն պահանջում, որ իմանան` հավը հիվանդ է, թե ոչ, բայց մեծ քանակությամբ գնում են: Ինչ իմանաս` ում բերածից հիվանդությունը մտավ գյուղ»,- նկատեց Սարգիս Ավետիսյանը: Նա ափսոսանքով նշեց, որ Մաստարայի բնակիչներից մեկը այս տարի մեծ թվով հավ է գնել, որ ձուն վաճառի, բայց հիվանդությունից 200 հատ հավ սատկել է:
Փոխարենը ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից պնդում են, որ ՍԱՊԾ-ում ՀՀ մարզերում հավերի զանգվածային անկման դեպքերի հետ կապված ահազանգ չի եղել: Ըստ ՍԱՊԾ-ի` հինգ օր առաջ անկման դեպք է գրանցվել Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի Մաստարա համայնքում: ՍԱՊԾ տեսուչներն այցելել են, նմուշառում կատարել եւ ուղարկել լաբորատոր փորձաքննության:
Պատասխաններն առաջիկա մի քանի օրվա մեջ պատրաստ կլինեն: «Ժողովուրդ» օրաթերթը ՍԱՊԾ-ից տեղեկացավ նաեւ, որ այս պահին թռչունների կեղծ ժանտախտի դեմ պետպատվերի շրջանակներում ՀՀ մի քանի մարզերում պատվաստումներն ավարտվել են:
Սյունէ Համբարձումյան