Հարց քաղաքացիներից` եթե անձը ունի 10 տարվա գիտական աշխատանքային ստաժ և 14 տարվա մանկավարժական, ապա թոշակ ստանալու ինչ տարբերակներ ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ունեմ 10 տարվա գիտական աշխատանքային ստաժ, 14 տարվա մանկավարժական ստաժ: Թոշակ ստանալու ի՞նչ տարբերակներ ունեմ, օրինակ` կարո՞ղ եմ ստանալ մանկավարժական թոշակ:

Աղավնի Մկոյան

ՊԱՏԱՍԽԱՆ.«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մասնակի կենսաթոշակ նշանակվում է կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին, եթե լրացել է նրանց 55 տարին եւ ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական ստաժ է:
Մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված ցանկում նշված մասնագիտություններով եւպաշտոններում մինչեւ 2003 թվականի օգոստոսի 1-ն աշխատած ժամանակահատվածները: «Կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտությունների եւ պաշտոնների ցանկը» հաստատվել է ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի թիվ 665-Ն որոշմամբ:
Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի N 665-Ն որոշմամբ հաստատված «Կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու եւ կենսաթոշակի գործ վարելու կարգի» 30-րդ կետի համաձայն` մասնակի կենսաթոշակի չափը հաշվարկելիս հաշվի է առնվում միայն մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտական աշխատանքային ստաժը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե լրացել է անձի 55 տարին, ունի 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին վերոհիշյալ ցանկում նշված մասնագիտություններով եւ պաշտոններում մինչեւ 2003թ. օգոստոսի 1-ը ձեռք բերած աշխատանքային ստաժ է, ապամասնակի կենսաթոշակ նշանակելու հարցով նա կարող է գրավոր դիմել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության ցանկացած տարածքային բաժին` ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում:  




Լրահոս