Նախորդ իշխանությունների ձեռնարկած համայնքների խոշորացման ծրագիրը դադարեցվել է: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս ծրագիրը Հայաստանում կասեցվել է մինչեւ խորհրդարանական ընտրություններ: Բայց եւ անորոշ է` ընտրություններից հետո այն կշարունակվի, թե ոչ: Մինչդեռ Կարեն Կարապետյանի կառավարությունը համայնքների խոշորացումը մտադիր էր ավարտել 2018 թվականին:
Անցած տարվա նոյեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններով խոշորացվեց համայնքների կեսից ավելին. 465 համայնքների միավորման արդյունքում ձեւավորվել է 52 համայնք: Այս պահին հանրապետության համայնքների ընդհանուր թիվը 502 է: Տեղեկացնենք, որ նախորդ տարվա նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքում Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերում ավարտվել էր համայնքների խոշորացումը: Սակայն ըստ մասնագետների` նոր ձեւավորված գյուղերը անհամաչափ են եղել: Եթե Վայոց ձորի 44 համայնքի միավորումից ձեւավորվել է 8 համայնք, ապա Սյունիքի մարզի 113 համայնքի միավորումից կազմավորվել է դարձյալ 8-ը: Ի դեպ, Մալիշկան չի ենթարկվել խոշորացման, այլ կերպ ասած` չի միավորվել որեւէ այլ գյուղի հետ: ՀՀ Արագածոտնի մարզի Ապարանի եւ Թալինի տարածաշրջաններում եւս նոյեմբերի 5-ի ընտրություններով խոշորացման գործընթացն ավարտվել է, 48 համայնքի միավորման արդյունքում ձեւավորվել է 4 համայնք:
Վերականգնվել է նախկին Ապարանի շրջանը` 21 գյուղերով, Թալինի շրջանի գյուղերն առանձին միավորում են կազմել: Մարզի եզդիաբնակ 11 գյուղերը միավորվել են Ալագյազ համայնքային կենտրոնի շուրջ: Իսկ ահա հայաբնակ Մելիք գյուղը ոչ մի համայնքի հետ այդպես էլ չմիավորվեց:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունից տեղեկացավ, որ մեր երկրում չխոշորացված համայնքների թիվը 450-ն է: Ըստ պլանավորվածի` խոշորացման գործընթացը պետք է ավարտվի 2019 թվականին: Բայց ըստ որոշ տեղեկությունների` խորհրդարանական ընտրությունների ֆոնին համայնքների խոշորացման ծրագիրը անորոշ ժամկետով կասեցվել է, որպեսզի մեղմեն բնակիչների դժգոհությունը: Չէ որ այս ծրագիրը մարզի բնակիչների կողմից այդքան էլ ոգեւորությամբ չի ընդունվել: Ավելին` համայնքների խոշորացման ծրագրի երկրորդ փուլը քննադատեցին բոլոր նրանք, ովքեր կողմ էին գաղափարին, բայց մեկ վերապահումներ ունեին իրականացման մեթոդների հետ կապված: Կհիշեք` սկզբնական շրջանում անգամ բողոքի ակցիաներ իրականացվեցին ընդդեմ այս ծրագրի: Բայց մյուս կողմից` գործադիրը միջազգային պարտավորություններ ունի այդ ծրագրերի շարունակականության հարցում: Այս պահին դեռ հստակ չէ, թե կոնկրետ երբ կշարունակվի այս ծրագիրը:
ՀՀ տարածքային կառվարման եւ զարգացման նախարարության տեղական ինքնակառվարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանի համոզմամբ` ծրագիրը, այնուամենայնիվ, կշարունակվի խորհրդարանական ընտրություններից հետո: «Քանի որ բնակչության կողմից առկա են դժգոհություններ, այս պատճառով պետք է վերլուծվի, հասկանանք, որպեսզի սխալներ չգործենք: Որեւէ վարչատարածքային բարեփոխումներ, կարծում եմ, տեղի չի ունենա, քանի դեռ խորհրդարանական ընտրությունները չեն կայացել, նոր խորհրդարան չունենք: Վստահ եմ, որ այս ռեֆորմը կիսատ չի մնա, որովհետեւ համայնքների վարչատարաքծային միավորումները ինքնապատակ չէ: Համայնքների միավորումը ենթադրում է նաեւ լիազորությունների ապակենտրոնացում»,- նկատեց Աշոտ Գիլոյանը:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցին` համայնքների խոշորացման այս ձեւը արդյո՞ք նպաստավոր պայմաններ ստեղծել է ՏԻՄ-երի տնտեսական զարգացման համար, Գիլոյանն արձագանքեց. «Համայնքների խոշորացումը տվեց կառավարման արդյունավետության բարձրացում, մրցակցային ավագանի, համայնքների ֆինանսական անկախություն, բացի այդ` խոշորացված համայնքների սեփական եկամուտները աճեցին»:
Սյունէ Համբարձումյան