Հուսամ՝ թավշյա հեղափոխության արդյունքում մեր երկրում այնքան լավ կլինի, որ ես չեմ ուզենա այլեւս ԱՄՆ գնալ․ Իվետա Եդիգարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հուսամ՝ թավշյա հեղափոխության արդյունքում մեր երկրում այնքան լավ կլինի, որ ես չեմ ուզենա այլեւս Միացյալ Նահանգներ գնալ, որ ստաբիլություն կհաստատվի եւ հնարավոր կլինի ապահովել վաղվա օրվա ապրուստը»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց երգչուհի, դերասանուհի Իվետա Եդիգարյանը։

Նրա խոսքով՝ իր հայրը՝ դերասան Աշոտ Եդիգարյանը, լինելով Միացյալ Նահանգների քաղաքացի, ուզում է մնալ Հայաստանում, քանի որ հավատում է, որ դրական տեղաշարժեր կգրանցվեն։ Հարցին, թե ինքն այդ առումով ինչ է մտածում, Իվետան պատասխանեց.«Ես կցանկանայի պարբերաբար ապրել ե՛ւ Միացյալ Նահանգներում, ե՛ւ Հայաստանում։ Ուղղակի կարոտում եմ ԱՄՆ-ի իմ շրջապատը, ընկերներիս, այնտեղի կյանքը»։

Իվետայի խոսքով՝ քանի դեռ ինքը նկարահանվում է, չի կարող ասել, թե հետագայում ինչ կլինի, որտեղ մշտական բնակություն կհաստատի. «Ինքս արդեն 18 տարի է՝ երգում եմ, բայց գալիս է պահ, երբ զգում ես, որ հոգնել ես ամենօրյա պարտադրված քայլերից, բացի այդ՝ սերնդափոխություն է տեղի ունենում, եւ հարկավոր է տեղը զիջել երիտասարդներին»,-մեկնաբանեց մեր զրուցակիցը։
Մենք հետաքրքրվեցինք՝ թավշյա հեղափոխությունից ունեցած սպասումներն արդյո՞ք իրականացան.«Կարծում եմ՝ փոփոխությունների համար ժամանակ է պետք, միանգամից ոչինչ չի լինում։

Իհարկե, ահագին բան արվել է, եւ ես համոզված եմ, որ դեռ կարվի։ Հուսանք, որ ոչ հեռու ապագայում կապրենք մեր երազած երկրում, եւ ոչ ոք չի ցանկանա արտագաղթել։ Թեեւ քաղաքականությունից հեռու մարդ եմ, բայց կարծում եմ, որ երբ մարդիկ կարողանան իրենց աշխատավարձով նորմալ ապրել, երբ թոշակառուները չեն մտածի իրենց վաղվա օրվա մասին, քաղաքացին կկարողանա հոգալ իր առողջության մասին եւ տարին գոնե մեկ անգամ ճամփորդելու հնարավորություն կունենա, այդ ժամանակ կարող ենք ասել, որ ապրում ենք քիչ թե շատ լավ երկրում»,-եզրափակեց Իվետան։

Անի Անտոնյան




Լրահոս