ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ կապ ունի Արցախի հերոս Արթուր Աղաբեկյանին առաջադրված մեղադրանքը «տուշոնկայի գործի» հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 1-ին` Արցախի հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձից մեկ օր առաջ, ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ Արցախի հերոս Արթուր Աղաբեկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, լինելով «Մարտիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, հիմնադրամի միջոցներն առանձին դեպքերում ծախսվել են կանոնադրությամբ սահմանված նպատակներին ու խնդիրներին հակառակ:

Իրավապահների մրցավազքի հետեւանքը

«Ժողովուրդ» օրաթերթը օրերս հրապարակել էր, որ հայրենի իրավապահները մրցավազքի են դուրս եկել միմյանց հետ, թե ով իր վարույթում քննվող քրեական գործերով առավել հնչեղ անուններ կհրապարակի՝ անկախ նրանից, թե ինչքանով է մեղսագրվող արարքին առնչվում այդ անձը:

Թերեւս այսպիսի հերթական գործի հետ առնչվեցինք, երբ ուսումնասիրեցինք Արցախի հերոս, «Մարտիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Աղաբեկյանի նկատմամբ հարուցված քրեական գործի պաշտոնական հաղորդագրությունը: Մասնավորապես, սեպտերմբերի 1-ին ՀՀ Քննչական կոմիտեն հայտնեց, որ հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում առանձնապես խոշոր չափերի գումարի վատնման դեպքեր են բացահայտվել «Մարտիկ» հիմնադրամում, եւ մեղադրանք է առաջադրվել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Աղաբեկյանին։

Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` հիմնադրամի միջոցներն առանձին դեպքերում ծախսվել են կանոնադրությամբ սահմանված նպատակներին ու խնդիրներին հակառակ: Մասնավորապես, առանձնապես խոշոր չափերի գումարներ են ուղղվել տարբեր անձանց համար ռեստորաններում եւ հյուրանոցներում հյուրասիրություններ կազմակերպելու, հիմնադրամի հետ առնչություն չունեցող տրանսպորտային միջոցների համար պրեմիում տեսակի բենզին ձեռք բերելու, տարբեր անձանց թանկարժեք նվերներ մատուցելու համար»:

Կռիվ՝ հանուն արդարության

Նկատենք, որ վերջին շրջանում իրավապահները տարբեր հայտնի անձանց նկատմամբ մեղադրանք առաջադրեցին, որոնց մեծ մասը լռեց՝ սպասելով քննության ավարտին: Թերեւս միայն Արթուր Աղաբեկյանի դեպքում էր պատկերը այլ: Նա կռիվ է տալիս եւ բացահայտ ներկայացնում այն ամենը, ինչ կատարվում է իր շուրջ: Ավելին՝ նա հայտարարեց, որ առաջադրված մեղադրանքը չի ընդունում.«Ինձ մեղադրանք է առաջադրվել հիմնադրամի խնդիրների եւ ծրագրերի իրականացման ընթացքում հիմնադրամի ֆինանսական ռեսուրսները վատնելու համար: Մեծ պատրաստակամությամբ այս օրերին համագործակցել եմ վարույթն իրականացնող մարմնի հետ: Մանրամասն պատասխանել եմ բոլոր հարցադրումներին` համարելով, որ երբեք առիթ չեմ ունեցել հանգամանորեն ներկայացնելու «Մարտիկ» հիմնադրամի իրականացրած մի քանի հարյուրի հասնող հայրենանվեր ծրագրերը:

Թե՛ բարեգործական, թե՛ ռազմահայրենասիրական եւ թե՛ մարտական ու քարոզչական ծրագրերի իրականացման համար կրել եմ անձնական պատասխանատվություն, որոնք իրականացրել եմ պատվախնդրությամբ, եւ գտնում եմ, որ գործել եմ բացառապես «Մարտիկ» հիմնադրամի գաղափարի եւ կանոնադրության շրջանակներում…:Բարեկամներիս տեղեկացնեմ, որ, չընդունելով մեղադրանքը, շարունակելու եմ համագործակցել քննչական մարմինների հետ: Խոստանում եմ պարբերաբար իմ իրավասության շրջանակում այս մասին տեղեկացնել իմ հեղինակությամբ եւ «Մարտիկ» հիմնադրամի ապագայով մտահոգվող ընկերներիս եւ բարեկամներիս»:

Քաղաքական պատվեր

Այսպիսով, իրավապահները իրենց գնահատականն են տալիս, հիմնական մեղադրյալը իր պնդումներն է անում, եւ վերլուծելով ստեղծված իրավիճակը` ակնհայտ է, որ այս ամենը չէր կարող կատարվել առանց քաղաքական հրահանգի: Իսկ թե որտեղից է եկել քաղաքական հրահանգը, «Ժողովուրդ» օրաթերթը սկսեց իր հետաքննությունը, եւ մի շարք աղմկալի մարամասներ ի հայտ եկան, թե որտեղից է սկսվել այս պատմությունը:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուների փոխանցմամբ` իրականությունն այն է, որ երբ ԱԺ պատգամավոր գեներալ-մայոր Մանվել Գրիգորյանին կալանավորեցին զինվորներից հափշտակված «հայտնի տուշոնկայի» քրեական գործով, իրավապահները նաեւ թիրախավորել են Արթուր Աղաբեկյանին: Ինչո՞ւ, որովհետեւ տեղեկություն են ունեցել, որ Աղաբեկյանը Գրիգորյանի հետ մտերիմ հարաբերությունների մեջ է եւ լինելով ապրիլյան քառօրյա պատերազմին ՀՀ-ից եւ արտերկրից օգնություն ուղարկող հանձնաժողովի իրավաբանական եւ ֆիզիկական անձանց խորհրդատվություն տրամադրող եւ հանձնաժողովի քարոզչական մասով պատասխանատու եւ «Մարտիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ` նրա տանը եւս կարող է տուշոնկա լինել: Այսինքն՝ կարծել են, թե Մանվել Գրիգորյանին «տակից» ինչ-որ բաներ է տվել Աղաբեկյանը` մի բան էլ պահելով իր նկուղում:

Մինչդեռ իրականում Արցախում մեծուփոքր բոլորը գիտեն, որ Մանվել Գրիգորյանն
ու Արթուր Աղաբեկյանը 2015 թվականից չեն շփվում: Ահա այսպես ջուրը չտեսած` բոբիկացան իրավապահները, անակնկալ խուզարկություն իրականացրին Արթուր Աղաբեկյանի հայրական տանը: Ընդ որում՝ ուշագրավն այն է, որ խուզարկության մասին հրապարակային հայտարարեց հենց ինքը` Արթուր Աղաբեկյանը.«Հուլիսի 13-ին խուզարկություն է կատարվել Մեծ Թաղեր գյուղում գտնվող իմ հայրական առանձնատանը, դրա հարակից շինություններում, «Մետաքս կոմբինատում» եւ Տողի «Նոր Կյանք» ջրաշխարհում»: Ըստ նրա` խուզարկությունը նպատակ է ունեցել հայտնաբերելու 2016 թվականի ապրիլին Հայաստանից եւ արտերկրից ստացված օգնություններ եւ օրենքով արգելված այլ իրեր:

Սակայն խուզարկությունը արդյունք չտվեց, եւ իրավապահները ոչինչ չգտան Աղաբեկյանի մոտ:
Ավելի ուշ իրավապահները իրենց վերադասին զեկուցեցին, թե իրենց մոտից «ուտեչկա» է եղել, Աղաբեկյանը պատրաստվել է, բայց իրականում երկու դեպքում էլ անհարմար իրավիճակ էր խուզարկության հրահանգը տվողների համար, քանի որ ե՛ւ «ուտեչկայի», ե՛ւ սխալ ինֆորմացիայի դեպքում պետք է պատասխանատվություն կրեին հենց նրանք:

Մինչեւ վերջ գնալով

Ահա այսպես, չկարողանալով որեւէ բան հայտնաբերել, իրավապահները չհանձնվեցին եւ ամեն գնով որոշեցին պատասխանատվության կանչել Արթուր Աղաբեկյանին՝ գործի դնելով հին մեթոդներն ու «կադրերին»: Որտեղից որտեղ հիշեցին Երեւանի ավագանու «Լույս» դաշինքի թեկնածու Անահիտ Բախշյանի տարիներ շարունակ սեւեռված հայտարությունները, թե «Մարտիկ» հիմնադրամում չարաշահումներ կան: Ու երբ իրավապահներին անհրաժեշտ եղավ կրկին Արթուր Աղաբեկյանի մասին հաղորդում տալ, Անահիտ Բախշյանը չվարանեց եւ կրկին դիմում գրեց:Այսպիսով, դիմումը ունեցավ այն ընթացքը, ինչին ականատես ենք լինում այս օրերին: Բախշյանի երազանքը կատարվեց. Արթուր Աղաբեկյանին մեղադրանք առաջադրվեց, բայց նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից ստորագրությունը չհեռանալու մասին:

Այս իրավիճակում զամանալի է Հայ հեղափոխական դաշնակցության պահվածքը, որը կատավածի քաղաքական գնահատականը չի տալիս, ինչը չես կարող ասել Արցախի իշխանության մասին, որոնք հրապարակավ հայտարարում են, որ Արթուր Աղաբեկյանը այդ անձը չէ, որ կարող էր վատնումներ թույլ տալ, եւ որ մինչեւ վերջ իրենք պաշտպանելու են նրան:

Հ. Գ. «Ժողովուրդ» օրաթերթը եւս հետամուտ կլինի այս գործին, որպեսզի փաստական հանգամանքներով առաջիկայում հնարավորություն ունենանք պայթեցնելու Քննչական կոմիտեի կողմից փչված փուչիկը գեներալի շուրջ:

Քնար Մանուկյան

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս