Օգոստոսի 28-ին` երեկոյան ժամը 23:40-ի սահմաններում, կրակոցներ էին հնչել ՀՀ Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի` Կոտայքի մարզի Ձորաղբյուրում գտնվող առանձնատան վրա: 3 անձինք զինված հարձակում էին գործել, սակայն դատարանի նախկին նախագահին եւ նրա որդուն հաջողվել էր վնասազերծել նրանցից մեկին, իսկ մյուս երկուսը փախուստի էին դիմել: Ավելի ուշ իրավապահները հայտնեցին, որ վնասազերծված անձը Գյումրի քաղաքի բնակիչ, 42-ամյա Հովհաննես Ռիժենկոն է, որպես մեղադրյալ ներգրավված երկրորդ անձը 49-ամյա Գագիկ Ղեւոնդյանն է, որի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, եւ նրան հայտնաբերել են Վրաստանում, իսկ այժմ իրավապահները Վրաստանի հետ քննարկում են նրա արտահանձման հարցը:
Նշենք, որ, ըստ մամուլի հրապարակումների, Վրաստանում հայտնաբերված 49-ամյա Գագիկ Դանոյանը երկար տարիներ աշխատել է որպես Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանի թիկնապահ:
Իսկ ահա երրորդ անձը 1985 թվականին ծնված Մայիս Մկրտչյանն է, որը ծառայում էր ՀՀ ոստիկանությունում, կոչումով` ավագ։ Ու մինչ իրավապահները տարբեր անձանց են հարցաքննում, ՀՀ Վճռաբեկ դատարանի նախկին նախագահի տան նկատմամբ իրականացված ավազակային հարձակման գործի շրջանակներում «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կալանավորված Հովհաննես Ռիժենկոյի մտերիմները հայտնեցին, որ կատարվածից ապշել են:
Մեզ հետ զրույցում նրա մտերիմներից մեկը, որի անունը հարգելի պատճառներով չենք հրապարակում, հայտնեց, որ կատարվածի մասին տեղեկացել են լրատվամիջոցներից, որ Հովհաննեսը նման գործողությունների է մասնակցել.«Նա ճիշտ կյանքով ապրող անձ է, համեստ, թե ինչպես են նրան ներքաշել, տարել այս պատմության մեջ, մեզ է մնում է հանելուկ: Մենք մենակ կարող ենք հստակ ասել, որ նա հաստատ կազմակերպիչը չի եղել, իսկ թե ոնց ու ում միջոցով է որոշել գնալ այդ գործողություններին եւ այն էլ ավտոմատով մտնել մարդու տուն, մնում է առեղծված»:
Ինչպես գրել էինք, Հովհեննես Ռիժենկոն ՀՀ Վճռաբեկ դատարանի նախկին նախագահի տան ադամներին հայտնել էր, որ այս քայլին գնացել է, քանի որ շատ պարտքեր է ունեցել: Անդրադառնալով այս ամենին` Հովհաննես Ռիժենկոյի մտերիմները հայտնեցին, թե Հովհաննեսը Ռուսաստանում շատ բարձր վճարվող աշխատանք է ունեցել, եւ նրան միշտ պատշաճ վճարել են, իսկ պարտքեր այն աստիճանի չի ունեցել, որ ավազակային հարձակման դիմեր:
Ի դեպ, մտերիմներից մեզ հայտնի դարձավ, որ վերջինս երկու որդին ունի, եւ նրանք Երեւանում ապրում են վարձով:
Քնար Մանուկյան