«ԱՄԵՆԱԶՎԱՐՃԱԼԻ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ԱՇՈՏՅԱՆՆ ՈՒ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆՆ ԵՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է դերասանուհի, ռեժիսոր Լիլի Էլբակյանը: Մենք փորձել ենք բացահայտել նրա էությանը ամենաբնորոշ գծերը: Լիլին խոսել է իր կյանքի ամենավառ պահերի մասին, նշել, թե ինչի համար է ափսոսում, իր կյանքի որ որոշումն է դժվարությամբ կայացրել եւ ինչ կարեւոր խորհուրդներ է ստացել իր ծնողներից: Լիլին տվել է լավ ընկերոջ եւ սիրող տղամարդու բանաձեւերը:

-Լիլի՛, Ձեր արտասանած առաջին բառը:
-Չգիտեմ, երեւի «մամա»:
-Գույն, որը բարձրացնում է Ձեր տրամադրությունը:
-Կարմիրը. նախ, որովհետեւ այն շատ է սազում ինձ (երբ կարմիր եմ հագնում, լրիվ ուրիշ մարդ եմ դառնում), եւ հետո կարմիրն իր մեջ շատ տարբեր խորհուրդներ ունի՝ կյանքի, կրքի…Կարմիրը բնավորություն ունի:
-Հիշելով դպրոցական տարիները՝ ափսոսում եք, որ…
-Լավ չեմ սովորել: Կարող էի ավելի շատ ջանք թափել: Հիմա փորձում եմ այնպես անել, որ դուստրս այդ բացթողումը չունենա: Օրինակ՝ մաթեմատիկայից ես «զրո էի»: Ուսուցչուհիս ասում էր. «Լիլի, դու զրոյական վեկտոր ես» (ծիծաղում է): Փոխարենը շատ էի սիրում լեզու եւ գրականություն, բոլոր այն առարկաները, որոնք տանում էին դեպի թատրոն:
-Շարունակեք միտքը. «Նա, ով իսկապես քո ընկերն է…»
-Կստիպի քեզ դառնալ ավելի լավը, քան դու կաս:
-Եթե չլինեին «Ֆեյսբուքն» ու «Ինստագրամը»…
-Կյանքն անհետաքրքիր կլիներ:
-Ձեր ծնողները մի շատ կարեւոր բան են սովորեցրել Ձեզ…
-Շատ բաներ են սովորեցրել, բայց ամենակարեւորն այն է, որ պետք է սիրել Աստծուն եւ փորձել մարդու մեջ տեսնել դրականը, նրա լավագույն հատկանիշները, ոչ թե թերությունները:
-Ոչինչ այնքան չի կոտրում մարդուն, որքան…
-Հիասթափությունը:
-Ո՞ւմ կենսագրությունն է մշտապես հիացրել Ձեզ:
-Տարբեր մարդկանց կարող եմ նշել, բայց այս պահին կառանձնացնեմ Վիլյամ Սարոյանին: Նրա մարդասիրությունն իսկապես հիացնում է եւ օրինակ է ինձ համար:
-Ինքներդ Ձեր մասին լսած ամենազվարճալի բամբասանքը:
-Չգիտեմ (ծիծաղում է), ես բամբասանքներին ուշադրություն չեմ դարձնում, քնում եմ եւ մոռանում եմ դրանք:
-Շարունակեք միտքը. «Տղամարդը սիրում է քեզ, եթե…»
-Հոգ է տանում քո մասին:
-Ամենազվարճալի քաղաքական գործիչը:
-Երկուսին կառանձնացնեմ՝ Արմեն Աշոտյան եւ Գալուստ Սահակյան:
-Եթե նոր նախարարություն բացեիք, այն կկոչվեր…
-«Արվեստագետների եւ արվեստից հասկացողների նախարարություն»:
-Շարունակեք միտքը. «Կրոնը ստեղծվել է, որպեսզի…»
-Դասակարգի հավատքը: Կրոնը դեռ հավատք չէ: Հավատքն ավելի խորը, լայն եւ ազատության ձգտող հասկացություն է:
-Որոշում, որը դժվարությամբ եք կայացրել:
-Շատ են այդպիսի որոշումները, բայց երեւի ամենացայտուններից մեկը ռեժիսուրական բաժին ընդունվելն էր: Սկզբում շատ էի ուզում դերասանական բաժին ընդունվել, բայց հայրս ասաց, որ լավ երեւակայություն ունեմ եւ ուղղորդեց ռեժիսուրայի բաժին: Չեմ ափսոսում դրա համար. հիմա ե՛ւ ռեժիսոր եմ, ե՛ւ դերասան, իսկ հակառակ դեպքում կախված կլինեի որեւէ ռեժիսորից:
-Մի բան, որ դպրոցում երբեք չեն սովորեցնում:
-Շնորհակալ լինել: Երեւի դա սովորեցնելը ծնողների գործն է:
-Հոգեվիճակ, որից վախենում եք:
-Եղբորս կարոտելը, այդ անդառնալիության եւ կորստի զգացումը՝ թաթախված կարոտի մեջ, ուղղակի անտանելի է:
-Նշեք Ձեր կյանքի երեք ամենավառ պահերը:
-Իմ ծնվելը, ամուսնությունը եւ երեխաներիս ծնունդը:
-Ո՞ր ֆիլմի գլխավոր դերում կխաղայիք:
-«Սիրունիկը» ֆիլմում, Ջուլիա Ռոբերթսի փոխարեն (ծիծաղում է): Հաճույքով այդ կերպարը կմարմնավորեի:
-Եվ վերջում՝ այս հարցերից ո՞րը Ձեզ ամենաշատը դուր եկավ:
-Վերջինը. դե, դերասանին ի՞նչ է պետք՝ հարցնել իր նախընտրելի դերերի մասին…

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

ՀՈՒՅՍ ԿԱ, ՈՐ «ՉՆՉԻԿ»-Ը ՎԵՐՋԱՊԵՍ ԷԿՐԱՆ ԿԲԱՐՁՐԱՆԱ

Օգոստոսի 22-ին կինոռեժիսոր Արամ Շահբազյանը ՀՀ մշակույթի նախարարության շենքի դիմաց անժամկետ հացադուլ էր սկսել: Պատճառը նրա` մշակույթի 3 նախարար փոխած «Չնչիկ» ֆիլմն էր, որը դեռեւս 2010 թվականին պետք է ավարտվեր, սակայն անհրաժեշտ գումարն այդպես էլ չտրվեց ֆիլմին` չնայած բոլոր խոստումներին:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը «Չնչիկ»-ի՝ օդից կախված լինելու վտանգի մասին ահազանգել էր դեռեւս երկու տարի առաջ: Այն ժամանակ բարձրաձայնել էինք, որ 2010-ին կինոժապավենը հանձնվել էր Մոսկվայի «հՈսՈՎՈվՊՐՈ» լաբորատորիա: Քանի որ գումար չէր եղել, որպեսզի ֆիլմը սքան արվեր (դրա համար անհրաժեշտ էր շուրջ 2.5 միլիոն դրամ), այն մնացել էր լաբորատորիայում: Ռեժիսորը, սակայն, տեղեկացել էր, որ լաբորատորիան փակվել է: Հաջողվել էր պարզել, որ ժապավենը տեղափոխել էին այլ արխիվ (թՏրՒՌսՖՎՏՒՏվՊ ՀԺ): Այն ժամանակ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը խոստացել էր կարճ ժամանակահատվածում լուծել խնդիրը, սակայն չէր կատարել իր խոստումը: Հետագայում այս խնդիրը լուծվեց, սակայն ֆիլմի աշխատանքները կրկին կիսատ մնացին: Արամ Շահբազյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ պետությունը պարտավոր է որոշակի գումար տրամադրել՝ աշխատանքներն ավարտին հասցնելու համար. «Հարկավոր են ֆինանսներ ֆիլմի հնչյունային մոնտաժի, միքսաժի, երաժշտության համար, սակայն այս խնդիրն այդպես էլ չի լուծվում: Խոսքը 18 միլիոն դրամի մասին է»,-ասաց կինոռեժիսորը:
Նա ուրախությամբ տեղեկացրեց, որ հացադուլն արդեն դադարեցրել է, քանի որ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն անձամբ անմիջապես արձագանքել է խնդրին, տարվել են բանակցություններ. «1 ժամից ավել խոսել եմ նախարարի հետ, ներկայացրել եմ խնդիրը: Նախարարն ասաց, որ արդեն գործընթաց են սկսում՝ պարզելու համար՝ որն է խնդրի առաջացման պատճառը, եւ ինչ է հնարավոր անել այն լուծելու ուղղությամբ: Իրենք հասկացան, որ խնդիրը նախորդ իշխանությունների սխալ գործելոճի հետեւանքն է: Ինձ խոստացան ամենաթափանցիկ ձեւով քայլ առ քայլ վեր հանել պրոբլեմը»:
Հարցին, թե սպասում էր արդյոք, որ արձագանքն այսքան արագ կլիներ, ռեժիսորը պատասխանեց. «Անկեղծ ասած՝ պատրաստ էի ամենավատ տարբերակից՝ հիվանդանոց ընկնելուց մինչեւ ամենալավ տրաբերակին՝ բանակցություններին: Հիմա արդեն հույս կա, որ «Չնչիկ»-ը օդից կախված չի մնա»:
Նշենք, որ «Չնչիկ»-ի հիմքում իրական մի դեպք է, որը պատահել է Հայաստանի գյուղերից մեկում: Երիտասարդ աղջկա հայրը սպանել էր դստերը, որը համարձակվել էր առանց ամուսնանալու` հղիանալ: Վախենալով, որ իր ընտանիքը կարող է ադաթով ապրող համագյուղացիների մոտ ծիծաղի արժանանալ, ընտանիքի հայրը գերադասել էր առանց ավելորդ աղմուկի «ջնջել» իր դստեր հետքը: Իսկ «չնչիկ» բառը բարբառով նշանակում է՝ «չնչին». այդպես են կոչել գյուղացի աղջկան եւ նույնիսկ մոռացել նրա իսկական` անձնագրային անունը:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

ԽԱԽՏՈՒՄ ՉԻ ԵՂԵԼ
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերջերս վերընտրված Արթուր Գեւորգյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում Բուդապեշտից անդրադարձել է հայկական բռնցքամարտի ներկայացուցիչների բողոքի ակցիային ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության շենքի մոտ: Բռնցքամարտի մարզիչներն ու մարզիկներն օգոստոսի 22-ին հավաքվել էին նախարարության շենքի մոտ՝ իրենց աջակցությունը հայտնելով Ա. Գեւորգյանին՝ նշելով, որ ՀԲՖ նախագահի ընտրությունն անցել է առանց խախտումների: Ա. Գեւորգյանն այս օրերին գտնվում է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, որտեղ մասնակցում է Եվրոպական ասոցիացիայի գործադիր կոմիտեի համաժողովին: «Տեղեկացա, որ տղաները բողոքի ձայն են բարձրացրել, հորդորեցի, որպեսզի նրանք գնան տուն՝ տեսնելով նախարարի կողմից արհամարհական վերաբերմունքը բռնցքամարտի մասնագետներին: Այժմ ես Եվրոպայում եմ եւ մասնակցում եմ Եվրոպական ասոցիացիայի գործադիր կոմիտեի ժողովին, այստեղ քննարկվել է այդ հարցը: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ոչ մի ապօրինություն չի արել, ընտրություններն անցել են ճիշտ՝ ԱԻԲԱ-ի կանոնադրությանը համապատասխան: Դրա մասին կհայտարարվի ու գրությամբ կտեղեկացվի: Եվրոպական ասոցիացիայի գործադիր կոմիտեի համաժողովում խնդրի մասին տեղյակ են: Միջազգային կառույցը հիմա հստակ պատասխանում է, որ չի եղել ոչ մի խախտում եւ, առհասարակ, ոչ մեկ իրավունք չունի միջամտելու մեր աշխատանքներին»,-ասել է նա:

 

 

ԿԼԻՆԵՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վադիմ Սկրիպչենկոն խոսել է թիմի անհաջող ելույթների ու «Գանձասար-Կապանի» դեմ Հայաստանի Բարձրագույն խմբի չորրորդ տուրի խաղի մասին. «Թիմի տրամադրվածությունը շատ մարտական է, ամբողջ թիմը պատրաստ է շտկելու այս իրավիճակը, եւ դա զգացվում է եւ՛ մարզումների, եւ՛ թիմային քննարկումների, եւ՛ անհատական զրույցների ժամանակ: Դեռ պետք է բացահայտել շատ ֆուտբոլիստների հնարավորությունները, եւ մենք կանենք հնարավորինս, որպեսզի հաղթահարենք այս անհաջողությունների շարքը եւ հաղթանակ տանենք: Մենք եւ «Գանձասար-Կապանը» խաղացել ենք երկու օր առաջ եւ հավասար պայմաններում ենք: Իհարկե, «Փյունիկի» հետ խաղից հետո կլինեն փոփոխություններ: «Գանձասար-Կապանը» բավականին հավասարակշռված թիմ է՝ լավ կատարողների ընտրությամբ»:

 

 

ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ՝ ԾՆՈՂՆԵՐԻՆ
Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարի ծնողները ստանում են ֆուտբոլիստի՝ գովազդներից ստացած հասույթի 85 տոկոսը: Այս մասին տեղեկացնում է Folha de Sao Paulo-ն: Նախորդ մրցաշրջանում 26-ամյա բրազիլացին գովազդերում նկարահանվելու շնորհիվ ստացել է 20 միլիոն եվրո: Ստացված հասույթի 85 տոկոսը ստանում է NR Sport ընկերությունը, որը ղեկավարում է Նեյմարի հայրը՝ Նեյմար դա Սիլվա Սանթոսը:




Լրահոս