Եթե նա գտնում է, որ ես կարևոր անձնավորություն չեմ, որևէ արժեք չունեմ, ապա չեմ կարող հակառակը համոզել. Մարինա Խաչատրյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ օրերս չորս հոգի լքեց «Երկիր ծիրանի» կուսակցությունը` դուրս գալով նաեւ ավագանու ցուցակից: Նրանցից մեկն էլ Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանն էր: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Մարինա Խաչատրյանի հետ։

-Տիկի՛ն Խաչատրյան, ի՞նչն էր պատճառը, որ որոշում կայացրիք դուրս գալ «Երկիր ծիրանի» կուսակցությունից։

-Դե, մոտեցումների լուրջ տարբերություն էր, դրա համար էլ որոշեցի դուրս գալ։ Բաներ կան, որ դրանց շրջանակում ճանապարհները միասին, գեղեցիկ, զուգահեռ չեն գնում, մտածածները, պլանները, ծրագրերը, բայց ամենակարեւորը՝ մոտեցումները, պատկերացումները, մեկ էլ՝ սկզբունքները։

-Ի՞նչը բերեց նրան, որ մոտեցումները տարբերվեցին։

-Մեկ այլ բան է, որ դու մարդուն ճանաչում ես հեռուստատեսությամբ, հեռվից, մեկ այլ բան է, երբ դու իր հետ օրերով աշխատում ես։ Այդպիսով կարծիք ես ձեւավորում։ Եվ բնական է՝ ժամանակի ընթացքում ինձ համար եւ իմ գործընկերների համար նույնպես պարզ էր, որ բաներ կան՝ չեն համապատասխանում մեր սկզբունքներին, մարդիկ այլ ձեւով են շարժվում, իսկ մենք՝ այլ ուղղությամբ։ Այսինքն` այնպես չէ, որ դա մեկ օրում որոշվեց, այնպես չէ, որ խնդիր չկար, հիմա առաջացավ։ Այո, ժամանակի ընթացքում դու ռեալիզացվում ես, հասկանում ես՝ ինչպես կարող ես աշխատել, եւ ինչն է քեզ համար անընդունելի։

Հիմնական խնդիրը կուսակցության ղեկավարի հե՞տ է կապված։

-Ո՛չ, խնդիրը կուսակցության սկզբունքների մեջ է։ Անձնական որեւէ խնդիր տիկին Փոստանջյանի հետ չունենք, մյուսների հետ էլ չունենք։ Ես ինքս գտնում եմ, որ ցանկացած միջավայրում, եթե Դուք քեզ հարմարավետ չես զգում, ճիշտ կլինի, որ շատ հանգիստ ձեւով այդ ամենը դադարեցվի, ոչ թե տարիներ շարունակ տանջվեն, կռվեն, մեկը տառապի, մյուսն ասի, կամ հակառակը, ինչ-որ անհամաձայնություն լինի։

-Քաղաքապետի ընտրություններին ընդառաջ սա եղավ։ Խնդիրը կապված էր հենց ա՞յս գործընթացի հետ։

-Ո՛չ։ Տեսեք, հետո գալու էին խորհրդարանական ընտրություններ, հետո գուցե այլ ընտրություններ գային։ Մենք չգիտենք՝ ինչ կարող է տեղի ունենալ։ Անընդհատ կարող է ընտրություններ լինեին՝ ես հո անընդհատ չեմ կարող իմ սկզբունքները ոտնահարել։ Բայց խնդիրը բացարձակապես կապ չուներ ավագանու ընտրությունների հետ։ Կարող եմ ասել՝ ինձ համար նշանակություն չուներ՝ ես կդառնամ ավագանու անդամ, թե ոչ։ Ես դրա համար չէի պայքարում։ Դա, իհարկե, պաշտոն չի, այլ կարգավիճակ է։ Փառք Աստծո, ես ունեմ կարգավիճակ՝ բժիշկ եմ։ Կարեւորն այն է, որ ես կատարեմ հայանպաստ գործ, որն իմ կարծիքով՝ ես չէի կարողանում կատարել։ Ես դա սրտի ցավով եմ ասում։ Շատ երազանքներ ունեմ, որ կցանկանայի իրականացնել, բայց չկարողացա։ Իհարկե, Դուք հասկանում եք, որ ես կես ճանապարհին կանգնող մարդկանցից չեմ։ Բայց մոտեցումներ, սկզբունքներ կան, որ Դու կարող ես անցնել, կան, որ կարեւոր են, կան, որ անկարեւոր են։ Դուք պատկերացրեք իրավիճակ, որ ընտրություններից հետո ես չանցնեի եւ այդ իրավիճակում հայտարարեի կուսակցությունից դուրս գալու մասին։ Այդ ժամանակ ինչպես պետք է դա ընդունեիք։ Ցանկացած պարագայում կարելի է տարբեր տեսանկյուններից մարդու կյանքը եւ գործողությունները մեկնաբանել։ Իրողությունը սա է․սկզբունքներն են տարբեր, եւ կան մոտեցումներ, որոնք ես պարզապես չեմ կարող զիջել։

-Իսկ Զարուհի Փոստանջյանի հետ զրուցե՞լ եք։ Ի՞նչ է նա ասել։

-Ես երկու անգամ տիկին Փոստանջյանի հետ զրուցել եմ։ Դա եղել է ոչ թե դուրս գալու, այլ սկզբունքների շուրջ։ Եվ ես վստահ եմ, որ տիկին Փոստանջյանը վստահ է՝ ինչի մասին է խոսքը։ Ես վստահ եմ, որ ինքը հավատում է այն բանին, որ այստեղ ոչ ընտրության կամ այլ հարց չի եղել։ Վերջին օրը նամակի միջոցով մենք տեղեկացրել ենք տիկին Փոստանջյանին մեր որոշման մասին։ Մարդիկ, յուրաքանչյուրն իր համար է որոշում կայացրել։

Դուք մյուս անձանց չե՞ք հորդորել, որ դուրս գան կուսակցությունից։

-Ո՛չ, բացարձակ։ Եվ հիմա էլ որեւէ մեկին չեմ հորդորում դուրս գալ։ Ես ուզում եմ, որ յուրաքանչյուրն իր կամքով, իր ցանկացած ձեւով շարժվի։

-Կուսակցությունում կայի՞ն մարդիկ, ովքեր փորձում էին ճնշում գործադրել, իրենց սկզբունքները փաթաթել Ձեր վզին։

-Կոնկրետ ինձ վրա ճնշում չի գործադրվել։ Ես նման բան չեմ կարող ասել։ Ես ամեն տեղ եմ ազատ, եւ դա ինձ մոտ ստացվում է։ Հավատացնում եմ Ձեզ, որ ինտենսիվ աշխատելու դեպքում ե՛ւ ես կանցնեի, ե՛ւ շատերը կանցնեին։ Բայց դա ինձ համար կարեւոր չէր, եւ ես այդ մասին հայտնել էի տիկին Փոստանջյանին։

Եվ չփորձե՞ց Ձեզ ետ պահել տիկին Փոստանջյանը։

– Ո՛չ, որեւէ քայլ չի եղել։ Իմանալով տիկին Փոստանջյանին՝ ես չեմ էլ ակնկալում որեւէ քայլ։ Ես կարծում եմ, որ Զարուհի Փոստանջյանն իր գնահատականներում այնպիսին է, ինչպիսին որ կա։ Նա ինչպես որ մարդկանց գնահատում է, այնպես էլ նրանց հետ վարվում է, մարդկանց վերաբերվում է։ Եվ եթե նա գտնում է, որ ես կարեւոր անձնավորություն չեմ, որեւէ արժեք չունեմ, ապա ես չեմ կարող նրան հակառակը համոզել։ Նա իր հայացքներում միշտ կայուն է, միշտ գիտի՝ ինքն ինչին է հավատում։ Ես էլ իմ հայացքներն ունեմ։ Իսկ տիկին Փոստանջյանի համար պատահական չի, որ ես ասել եմ՝ ինքն անսասան մարդ է։

Հնարավո՞ր է՝ առաջիկայում այլ կուսակցության անդամագրվեք։

– Դեռ պլանավորված ոչինչ չկա, բայց որեւէ բան չի բացառվում։ Քաղաքական դաշտը ես չեմ պատրաստվում թողնել։

Իսկ «Երկիր ծիրանիի» հետ համագործակցությունը բացառո՞ւմ եք վերջնականապես։

– Այո՛, այո՛։

Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ




Լրահոս