Ինձ անշնորհք խոսքեր է ասել ու վիրավորել. հրաժարականի դիմում ներկայացրած գյուղապետից դժգոհ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արմավիրի մարզպետարանը ստուգումներ է իրականացրել Դալարիկի գյուղապետարանում: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ստուգումների ընթացքում Դալարիկի գյուղապետարանում հայտնաբերել են մի շարք խախտումներ: Արդյունքում Դալարիկի գյուղապետ ՀՀԿ-ական Պարգեւ Սաղաթելյանը հրաժարականի դիմում է ներկայացրել եւ ազատվել զբաղեցրած պաշտոնից:

Նշենք, որ Պարգեւ Սաղաթելյանը Դալարիկի գյուղապետի պաշտոնը զբաղեցրել է դեռեւս 1999 թվականից: Ի դեպ, թավշյա հեղափոխությունից հետո Դալարիկի բնակիչները սկսեցին բողոքի ակցիաներ անցկացնել` պահանջելով գյուղապետի հրաժարականը: Նրանք բողոքում էին գյուղապետի կոպիտ պահվածքից, գյուղի անմխիթար վիճակից, չարաշահումներից եւ յուրացումներից: Բայց Սաղաթելյանը մարզպետարանի ստուգումներից հետո միայն հասկացավ, որ չի կարող համայնքը ղեկավարել: Իսկ հայտարարել էր, որ հրաժարականի դիմում ներկայացրել է առողջական խնդիրների պատճառով: Չնայած վերջին երկու ամիսներին բազմաթիվ գյուղապետերի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է. նրանց մեծ մասն իրար հերթ չտալով` հրաժարականների դիմումներ են ներկայացնում`պատճառաբանելով առողջական վիճակը: Այդ թվում եւ Դալարիկի գյուղապետ Պարգեւ Սաղաթելյանը:

Բայց իրականում պատճառը մարզպետարանի կողմից անցկացված ստուգումներն են, որի արդյունքում բազմաթիվ խախտումներ են բացահայտվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, օրինակ, Դալարիկում համայնքի ավագանու կողմից համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների պաշտոնյային դրույքաչափերը սահմանելիս չի պահպանվել հավասարության սկզբունքը: Արդյունքում վարորդի աշխատավարձը ավելի բարձր է եղել, քան մասնագիտական գործունեություն իրականացնող 1-ին եւ 2-րդ կարգի մասնագետներինը:

Նաեւ մի շարք բնակիչների սեփականություն հանդիսացող 7.8157 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողերի վրա հիմնել են ծիրանի այգիներ: Բայց գյուղապետը այդ վարելահողերի գործառնական նշանակությունը փաստաթղթով չի փոփոխել: Ինչով եւ խախտել է ՀՀ հողային օրենսգրքի որոշ կետեր: Մինչդեռ ըստ ՀՀ հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ կետի` գյուղապետը պետք է կանխարգելեր, կասեցներ եւ վերացներ ապօրինի հողօգտագործումը համայնքի վարչական սահմաններում, իսկ խախտողների նկատմամբ կիրառեր վարչական տույժեր եւ իրավասու մարմիններ ներկայացներ հաղորդումներ` իրավախախտում թույլ տված անձանց օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ պահանջը:

Ավելին` «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 54-րդ հոդվածի համաձայն` հողամասը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելը, հողամասերի գործառնական նշանակության եւ հողատեսքերի ինքնակամ փոփոխությունը չկանխելը պաշտոնատար անձանց նկատմամբ առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով: Այս դեպքում խոսքը 8 մլն 250 հազար դրամի մասին է: Նկատենք, որ այս խնդիրը առկա է ՀՀ գրեթե բոլոր գյուղերում, երբ գյուղապետերի մեծ մասը ջանք չի գործադրել փաստաթղթով փոփոխել հողատարածքների գործառնական նշանակությունը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կոնկրետ Դալարիկում 12 անձանց վարելահողերը վերածվել են ծիրանի այգիների: Ի դեպ, մարզպետարանի ստուգումներից հետո արդեն դրանց նշանակությունը փոփոխվել է:

Արմավիրի մարզպետարանը բացահայտել էր նաեւ, որ Դալարիկ համայնքի ավագանու 8 անդամները դիմում են ներկայացրել գյուղապետին` սոցօգնություն ստանալու համար: Այսպես` հատկացվել է ընդհանուր գումարով 500 հազար դրամ, նիստին մասնակցել են 8 անդամները եւ քվեարկել են կողմ, ստորագրել եւ ստացել գումարը: Բացի այս, ավագանու անդամ Թենիկո Ալբուրովան մասնակցել է նիստին եւ կողմ է քվեարկել իր հորը 60 հազար դրամ սոցօգնություն հատկացնելու համար: Ավագանու մեկ այլ անդամ Վարուժան Հակոբյանն էլ կողմ է քվեարկել իր եղբոր` Արմեն Հակոբյանին 20 հազար դրամ սոցօգնություն վճարելու համար: Ավագանու այս անդամը չի մոռացել անգամ իր հորեղբորը սոցօգնություն վճարելուն կողմ քվեարկել: Վերջինս ստացել է 20 հազար դրամ: Իսկ ավագանու մյուս անդամը`Արմեն Ալեքսանյանը, իր կնոջ` Լալա Սիմոնյանին, երեխաների ուսման վարձի համար 100 հազար դրամ սոցօգնություն հատկացնելու համար մասնակցել է քվեարկությանը եւ կողմ քվեարկել, ապա ստացել գումարը: Մինչդեռ ՏԻՄ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն` ավագանու անդամը պարտավոր է չմասնակցել ավագանու այն որոշման քվեարկությանը, որն առնչվում է իր հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց շահերին:

Գյուղապետի գործելաոճից եւ կոպիտ վերաբերմունքից դժգոհ դալարիկցիները դիմել են նաեւ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն: Օրինակ` նրանցից Թամարա Հարությունյանը հունիս 6-ին դիմել է նախարարություն եւ նշել. «Պարգեւը 1.20 հա հողը առավ ձեռիցս, խոստացավ փողը տար, սակայն չտվեց: Նա այդ հողը գրանցեց իր վրա: Ես պահանջում եմ հետ վերցնել իմ հողերը»: Բայց, չգիտես ինչու, նույն քաղաքացին 20 օր անց բացատրագիր է գրել, որտեղ նշել է հետեւյալը. «Ես` Թամարա Հարությունյանս, իմ սեփական հողամասը` 1.20 հա, վաճառել եմ Պարգեւ Սաղաթելյանին 1000 դոլարով, որի 500 դոլարը տվել է եւ 500 դոլարն էլ տալու է: Ես բողոք չունեմ»:

Հունիսի 5-ին ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը ստանում է հերթական բողոքը: Այս անգամ Դալարիկի մեկ այլ բնակիչ` Սուսաննա Ահարոնյանը դիմում է. «Ես` Սուսաննա Հարությունյանս, ապրում եմ շատ վատ վիճակում, հիվանդ կին եմ, ապրում եմ միայնակ, ինձ գյուղապետը վիրավորել է, երբ գնացել էի օգնություն խնդրելու, ինձ անշնորհք խոսքեր է ասել ու ձեռ առնելով` վիրավորել է ինձ եւ հետ ուղարկել եւ ասել է, որ նույնիսկ ավագանուն կասի, թե երբ ես գնամ օգնություն խնդրելու, նրանք ինձ մերժեն: Ես խնդրում եմ ձեռք առնել միջոցներ, որպեսզի նա իր չափը ճանաչի եւ ինձ վիրավորելու համար անձամբ ներողություն խնդրի…»:

Բայց արդեն հունիսի 26-ին նույն անձը հայտարարության տեքստ է գրել, որտեղ նշել է, որ չի բողոքում նախորդ նամակի բովանդակությամբ ներկայացված պահանջների համար, քանի որ ինքը նամակը չի կարդացել, միայն ստորագրել է: Դալարիկի բնակիչ Հովհաննես Ասոյանը եւս դիմել է ՏԿԶՆ եւ նշել, որ ունի 1.5 հա խաղողի այգի, սակայն Պարգեւ Սաղաթելյանը` իմանալով, որ չի մշակվում այն, առանց սեփականատերերին զգուշացնելու օգտագործել է: «Երբ ես իմացա այդ մասին, գնացի նրա մոտ եւ զայրացած ասացի, որ նա ինչ իրավունք ունի այդ բանը անելու, բայց նա մարդկանց ներկայությամբ ինձ ապտակեց եւ իր ձեռքի բանալիների խրցով խփեց իմ երեսին եւ այլն… »: Բայց հունիսի 26-ին Ասոյանը բացատրագիր է գրել, որտեղ նշել է, որ ինքն անձամբ է վաճառել այդ հողակտորը եւ ոչ մի բողոք չունի:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս