Ինչու Մանվել Գրիգորյանը մինչև հիմա չի հարցաքննվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած մարտի 1-ի քրեական գործով լուրջ տեղաշարժ է սկսվել, բայց մինչեւ հիմա ՀՔԾ-ում չի հարցաքննվել 2008թ. ՀՀ պաշտպանության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը: Այդ մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց Գրիգորյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը: Մինչդեռ, հիշեցնենք, մարտի 1-ի գործի դրվագներից մեկն էլ վերաբերում է բանակն օգտագործելով սահմանադրական կարգի տապալմանը:

Տեւական ժամանակ է՝ Մանվել Գրիգորյանը կալանավորված է յուրացումների ու ապօրինի զենք-զինամթերք պահելու մեղադրանքով: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկություններ ճշտել Մանվել Գրիգորյանի գործի հետ կապված՝ ի՞նչ փուլում է այն գտնվում, արդյոք գեներալին հարցաքննե՞լ են եւ արդյոք նոր փաստեր ի հա՞յտ են եկել: Սակայն նրա փաստաբան Լեւոն Բաղդասարյանը հրաժարվել է մանրամասներ հայտնելուց` ասելով, որ գործը նախաքննական փուլում է, եւ ինքը չի կարող որեւէ բան ասել:

«Դա նախաքննական գաղտնիք է»,- պատասխանեց նա: Փաստաբանը խոսեց Մանվել Գրիգորյանի առողջական խնդիրների մասին: Լեւոն Բաղդասարյանը նշեց` ճիշտ է պատշաճ բուժօգնություն է ցույց տրվել պարոն Գրիգորյանին, բայց մենք շարունակում ենք պնդել որ նրա առողջական վիճակը անհամատեղելի է կալանքի հետ: «Նա տառապում է քաղցկեղով, վիրահատված է, ունի շաքարային դիաբետ: Սա անհամատեղի է կալանքի հետ: Մենք պատրաստ ենք հասնել մինչեւ Եվրոպական դատարան այս հարցին լուծում տալու համար»,- հավելեց փաստաբանը:

Լուսինե Մինասյան




Լրահոս