Այրում կայարանում հակագազով պետք է շնչել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկաթուղային Այրում կայարան տարածքում երկհարկանի շենքում է գտնվում կայարանի պետի աշխատասենյակը: Այդ շենքի տակ` դեպի հանդիպակաց բլրին գտնվող դարավանդի այգիները, կոյուղաջրի արտահոսք կա: Կոյուղաջրի հոսք կա նաեւ Այրում կայարանի ոստիկանության շենքի բակում:

Կոյուղու խնդիրը լուծելու համար Այրում կայարանի պետ Սամվել Օհանյանը 2010թ.-ին դիմել է այն ժամանակ Տավուշի մարզից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր Միքայել Վարդանյանին: 2010թ. աշնանը Մ. Վարդանյանը այդ նպատակով 1 միլիոն 300 հազար դրամ է նվիրաբերել: Այդ գումարով Այրումի քաղաքապետարանը կոյուղագծում մի քանի հոր է կառուցել, կոյուղագծի խողովակաշարը փոխվել է, տեղադրվել են պլաստմասսայից խողովակներ: Կայարանի պետը հայտնեց, որ այդ աշխատանքներից մոտ կես տարի անց կոյուղագծում նորից խնդիրներ առաջացան:

Այրում կայարանում տիրող գարշահոտը անտանելի է դառնում անձրեւոտ եղանակին: Խնդրի մասին տեղյակ են «Վեոլիա ջուր» ընկերության Նոյեմբերյանի ենթատեղամասում, Հարավկովկասյան երկաթուղու վարչությունում, Տավուշի մարզպետարանում, Այրումի համայնքապետարանում: Ամեն տարի հունիսի 1-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը գործում է Երեւան-Բաթումի մարդատար գնացքը: Այդ ժամանակ Այրում կայարանում ուղեւորների շարժը մեծ է լինում: Ամռանը Հայաստանի հյուսիսային, երկաթուղային դարպասում գարշահոտ է տիրում:

Կայարանապետ Ս. Օհանյանը հայտնեց, որ «Վեոլիա ջուր» ընկերությունը, որն իրականացնում է Այրում քաղաքի եւ այդ թաղամասի ջրամատակարարումը եւ ջրահեռացումը, մոտ երկու շաբաթ առաջ կայարանի կոյուղագծի առանձին հատվածներ վերանորոգել է, խափանված կոյուղագծի մի հատվածը` բացել: Սակայն կայարանի գրասենյակի շենքի դիմաց կոյուղաջրի ճահիճն ավելի է մեծացել, գարշահոտն ավելի է խեղդում: Կայարանի պետի խոսքով` «Վեոլիա ջուր» ընկերությունը առաջիկայում նախատեսում է Գյումրիից Այրում կայարան տեղափոխել կոյուղու խողովակներ, վերակառուցել Այրում կայարանի կոյուղու 3 դիտահորերը, բացել դեպի Դեբեդ գետ տանող կոյուղագիծը: Ս. Օհանյանի վկայությամբ` Հարավկովկասյան երկաթուղու վարչությունը պատրաստակամություն է հայտնել աջակցել Այրում կայարանի խափանված կոյուղագծի նորոգման աշխատանքների ֆինանսավորմանը:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս