Թերություններ կլինեն, բայց ինչու ես այդ մասին խոսեմ. Վազգեն Մանուկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը նախօրեի նիստում հաստատեց Հանրային խորհրդի թվով տասնհինգ նոր անդամների կազմը։ Նշենք, որ հարցը չզեկուցվողների թվում էր։ Այսպիսով, Հանրային խորհրդի անդամներ են վերանշանակվել հին անդամները` Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ: Հանրային խորհրդի կատարած աշխատանքի եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Վազգեն Մանուկյանի հետ։

֊Պարո՛ն Մանուկյան, Հանրային խորհրդի տասնհինգ անդամներ ընտրվեցին, եւս տասնհինգը կընտրվեն եւ արդեն նախագահի հա՞րցը կմնա։

֊Տեսեք՝ խորհրդի տասնհինգ անդամներին նշանակեց կառավարությունը, հիմա 30 օր ժամկետ է տրվելու, որպեսզի ձեւավորվեն հանձնաժողովները։ Այսինքն` տարբեր, ոչ կոմերցիոն կազմակերպություններ կարող են իրենց ներկայացուցիչներին ուղարկել, որպեսզի նրանք ընդգրկվեն հանձնաժողովների մեջ։ Ձեւավորվելու է 15 հանձնաժողով, որոնք փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրելու են իրենց նախագահներին։ Այդ նախագահները կլինեն Հանրային խորհրդի հաջորդ տասնհինգ հոգին։ Հետո արդեն այդ երեսուն հոգով հավաքվելու են եւ փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրելու են եւս տասնհինգ հոգու։ Այդ քառասունհինգ հոգին երբ լինեն, արդեն կառավարության կողմից կնշանակվի խորհրդի նախագահ եւ կսկսի աշխատել։

֊Եվ ի՞նչ ժամկետում խորհուրդը նախագահ կունենա։

֊Դա երկար է տեւելու, մոտ երկու ամիս կտեւի։

֊Դուք նորից Հանրային խորհրդի կազմում եք։ Սա նշանակում է, որ ցանկություն ունե՞ք կրկին խորհուրդը ղեկավարելու։

֊Ցանկություն բառը… ես չեմ իմանում։ Համենայնդեպս, հիմա հանրային խորհրդում եմ։ Խորհուրդը վերջնական կձեւավորվի, հետո կտեսնենք..։ Դրանից հետո նոր կձեւավորվի իմ ցանկությունը եւ կտեսնենք։ Հիմա դեռեւս դրա մասին չխոսենք։

֊Խորհրդի նախորդ կազմի աշխատանքը եթե վերլուծելու լինեք, ի՞նչ սխալներ, բացթողումներ կային։

֊Գիտեք` ինչ, ես գտնում եմ, որ Հանրային խորհուրդը բավական արդյունավետ աշխատել է։ Եթե Դուք հարցնեք՝ մաքսիմալ արդյունավետ, աշխարհում չկա մի աշխատանք, որ ես ասեմ՝ իդեալական է։ Իհարկե, բազմաթիվ թերություններ կլինեն, բայց ինչո՞ւ ես այդ մասին խոսեմ։

֊Չե՞ք ցանկանում բարձրաձայնել եղած թերությունների մասին։

-Խոսքն ուրիշ բանի մասին է. թերություններն ուրիշ տեղ են։ Հանրային խորհուրդը տալիս է եզրակացություններ տարբեր հարցերի վերաբերյալ։ Բայց եզրակացություններն ընդունվո՞ւմ են, թե՞ չեն ընդունվում։ Անհաջողություն ես համարում եմ այն դեպքում, երբ լավ եզրակացություն ենք տվել որեւէ հարցի շուրջ, բայց չի ընդունվել կառավարության կողմից։ Այսինքն` թերություն ասելով՝ ես դա նկատի ունեմ, որովհետեւ չի եղել այնպես, որ մենք որեւէ հարցի մասին որոշում տանք, հետո տեսնենք, որ այդ որոշումը սխալ էր։ Ո՛չ։ Մենք համոզված ենք եղել, որ մեր որոշումները ճիշտ են եղել, բայց երբեմն ընդունվել են, իսկ երբեմն չեն ընդունվել։

֊Այժմ իրավիճակ է փոխվել. նոր կառավարություն, նոր իշխանություն է հաստատվել երկրում։ Իրենց հետ ինչպե՞ս եք աշխատելու։

֊Դե ժամանակը կգա, կերեւա։

֊Կարծում եք՝ կառավարության դիրքորոշմամբ, աշխատանքո՞վ է պայմանավորված, թե որքանով Հանրային խորհրդի ձայնը տեղ կհասնի։

֊Դա կախված է Հանրային խորհրդից, կախված է նաեւ նրանից, թե իշխանությունները որքանով են պատրաստ ընդունել այն եզրակացությունները եւ այն առաջարկները, որ անում է Հանրային խորհուրդը։ Բնական է, որ իշխանությունը չի կարող 100 տոկոսով վերցնի, ընդունի բոլոր առաջարկությունները։ Այդ դեպքում կստացվի, որ Հանրային խորհուրդն է իշխանությունը։

֊Ձեզ գոհացնո՞ւմ է խորհրդի ներկայիս կազմը, թե՞ ավելի հաջող կարող էր լինել։

֊Գոհացնում է։

Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ




Լրահոս