Վերահսկողական ծառայությունը բուհերում. որտեղ ինչ է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետին կից պետական վերահսկողական ծառայությունը շարունակում է ստուգումներ իրականցնել բարձրագույն ուսումնական հաստատություններում: Ծառայության պետ Դավիթ Սանասարյանի խոսքերով` ագրարային համալսարանում ուսումնասիրությունն ընթացքի մեջ է, աշխատավարձերի ու գնումների հարցերում բազմաթիվ խախտումներ են գտնել: Ագրարայինին հաջորդելու է Երեւանի պետական համալսարանը, իսկ անհրաժեշտ փաստաթղթերն արդեն իրենց մոտ են:

Այս թեմայի շուրջ «ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ եւ տեղեկացավ, որ իրենց բուհում ստուգումները ընթացքի մեջ են: «Նախ ստուգումները դեռ չեն վերջացել, քանի որ արձակուրդային շրջան էր, բայց չնայած դրան` փաստաթղթերի էլեկտրոնային օրինակներն ենք տվել իրենց, որպեսզի ուսումնասիրեն: Իրենք խնդրել են, մենք էլ տվել ենք:

Ամեն տարի էլ ստուգումներ են իրականացվում համալսարանում, դրա մեջ արտառոց ոչինչ չկա: Սա երրորդ ստուգումն է, ֆինանսների նախարարությունն էլ է ստուգել, պետական եկամուտների կոմիտեն էլ, հիմա էլ հերթը վերահսկողական ծառայությանն է»,- նկատեց ռեկտորը: Մեր զրուցակցի խոսքերով` մայր բուհում այս տարվա մեջ սա էլ երրորդ ստուգումն է. «Ամեն տարի որ գերատեսչությունը ստուգման իրավունք ունի, որպես կանոն, գալիս է ու ստուգում է»:

«Ժողովուրդ» օրաթերթի հարցին` ինչ վախեր կամ մտահոգություններ ունի, Սիմոնյանն արձագանքեց. «Բացարձակ վախեր չունեմ: Ստուգումները ընդհատվել են, որովհետեւ արձակուրդային շրջան էր, կշարունակվեն, երբ իրենք նպատակահարմար կգտնեն»:

Իսկ ահա Երեւանի տնտեսագիտական պետական համալսարանը դեռ չի հասցրել հայտնվի վերահսկողական ծառայության տեսադաշտում: Այս բուհի ռեկտոր Կորյուն Աթոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ իրենց բուհում ծառայությունը դեռ ստուգումներ չի իրականացրել: «Մեզ մոտ չեն մտել: Հավանաբար հերթով ստուգում են: Բայց մենք չենք մտահոգվում, որովհետեւ խախտումներ չենք արել»:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս