ՀԱՐՑ. Մայրս ՀՀ քաղաքացի է, ունի 31 տարվա մանկավարժական ստաժ, ունի Ռուսաստանի Դաշնության ժամանակավոր կացության կարգավիճակ: Ցանկանում է իմանալ` կարո՞ղ է ստանալ մանկավարժական թոշակ:
Ռազմիկ Հարությունյան (49 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կենսաթոշակը կենսաթոշակի իրավունք ունեցող անձի գրավոր դիմումի հիման վրա նշանակում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը: Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մասնակի կենսաթոշակ նշանակվում է կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին, եթե լրացել է նրանց 55 տարին եւ ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական ստաժ է:
Մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված ցանկում նշված մասնագիտություններով եւ պաշտոններում մինչեւ 2003 թվականի օգոստոսի 1-ն աշխատած ժամանակահատվածները: «Կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտությունների եւ պաշտոնների ցանկը» հաստատվել է ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի թիվ 665-Ն որոշմամբ:
Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացին ունի ՌԴ-ում ժամանակավոր կացության կարգավիճակ, ապա կենսաթոշակ նշանակելու համար գրավոր դիմումի եւ անհրաժեշտ փաստաթղթերի հետ պետք է ներկայացնի նաեւ ՌԴ-ում իրեն կենսաթոշակ նշանակած չլինելու կամ կենսաթոշակ նշանակված լինելու մասին տեղեկանք:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ կենսաթոշակի իրավունք ունեցող անձը կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացնում է անձամբ:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում: