ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը կրկին անդրադարձել է 2008թ. մարտի 1-ի իրադարձություններին` փորձելով ինքնարդարացման համար փաստերը ներկայացնել խեղաթյուրված: «Մեզ չեն կարող մեղադրել ո՛չ արյուն թափելու, ո՛չ թալանի մեջ»,- ասել է նա եւ հավելել, թե իրենք կոալիցիա կազմել են 2008 թվականի մարտի 21-ին, ոչ թե մարտի 1-ին, իսկ ինքն անվտանգության խորհրդի քարտուղար է դարձել մայիսի 5-ին։ «Մարտի 1-ը ո~ւր, մայիսի 5-ը ո~ւր: … մարտի 21-ին ստորագրվել է կոալիցիա, մայիսի 5-ին նշանակվել եմ անվտանգության խորհրդի քարտուղար»,- հայտարարել է նա:
Հասկանալի է` Արթուր Բաղդասարյանն ամեն կերպ փորձում է ձերբազատվել մարտի 1-ի պատասխանատվությունից` փաստերը ներկայացնելով խեղաթյուրված, ինչպես իրեն է ձեռնտու: Հաշվարկը պարզ է. մարտի 1-ի դեպքերը տեղի են ունեցել տասը տարի առաջ, եւ այս տասը տարիների ընթացքում միգուցե հասարակությունը մոռացած լինի մանրամասն ժամանակագրությունը: Միայն թե, եթե ոմանք մոռացել են իրադարձությունների ժամանակագրությունը, հիշեցնենք մի քանի փաստ:
Եւ այսպես, 2008թ. փետրվարի 28-ին ՀՀ կառավարությունում տեղի էր ունեցել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հանդիպումը, որի ժամանակ նրանք ստորագրել էին քաղաքական համագործակցության համաձայնագիրը: Այդ օրը Սերժ Սարգսյանը խոսել էր ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ ՕԵԿ-ի միջեւ կոալիցիոն կառավարություն կազմելու մասին, հայտարարել, որ Բաղդասարյանին առաջարկել է ստանձնել ՀՀ նախագահին կից անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը:
Ասել է թե` մարտի 1-ի ոճրագործությունից երկու օր առաջ արդեն ՕԵԿ-ը փաստացի իշխանության մաս էր: Ու իր այդ քայլով՝ Սերժ Սարգսյանին միանալով` մինչ այդ ընդդիմադիր դիրքերից հանդես եկող Արթուր Բաղդասարյանը լեգիտիմացրեց ցուցարարների դեմ իշխանությունների բռնությունները, մարտի 1-ի գիշերվա սպանդը: Հետո արդեն ՕԵԿ-ը կոալիցիոն գործընկերների հետ միասին ԱԺ-ում կողմ քվեարկեց մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելու նախագահի հրամանագրին: ՕԵԿ-ը կողմ քվեարկեց ԱԺ պատգամավորների կալանավորմանն ու մեղադրանք առաջադրելուն` այդպես աջակցելով, որ ՀՀ-ն ունենա քաղբանտարկյալներ:
Այնպես որ, երբ այսքանից հետո Արթուր Բաղդասարյանը փորձում է ձեւացնել, թե իբր իրենք կապ չունեն մարտի 1-ի հետ, նրա քայլերը քամահրանք են հարուցում:
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ չորս ուժերը կոալիցիոն համաձայնագիր կնքեցին մարտի 21-ին, ապա հիշեցնենք` մինչ այդ Երեւանում արտակարգ դրություն է հայտարարված: Ասել է թե` մարտի 1-ը հետաձգեց այդ համաձայնագրի ստորագրումը: