ՀԱՐՑ. Հայրիկս 1983թ. մինչեւ 2003թ. օգոստոսի 1-ը ներառյալ ունի մանկավարժական 12 տարվա ստաժ: Նույն մարզադպրոցում 3 անգամ կրճատվել, ապա նորից ընդունվել է: 3 կնիքներն էլ տարբեր են, սակայն մեր տարածքային սոցապ բաժինը քաղաքապետարանի կնիքը` 1991-93թթ., հաշվի չի առնում, եւ այդ ժամանակահատվածի ստաժը չի հաշվարկում:
Կնիքի վրայի թվերն է նայում եւ պատճառաբանում, որ չի համապատասխանում: Խնդրում եմ պատասխանել` ինչու չեն հաշվում հայրիկիս 2 տարվա ստաժը:
Տիգրան Եղնկյան (59 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մասնակի կենսաթոշակ նշանակվում է կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին, եթե լրացել է նրանց 55 տարին եւ ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական ստաժ է: Մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված ցանկում նշված մասնագիտություններով եւ պաշտոններում մինչեւ 2003 թվականի օգոստոսի 1-ն աշխատած ժամանակահատվածները:
Միաժամանակ հայտնում եմ, որ Տիգրան Եղնկյանին մասնակի կենսաթոշակ նշանակելու հարցով սպառիչ տեղեկատվություն տրամադրելու համար նրան խորհուրդ է տրվում գրավոր դիմել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության ցանկացած տարածքային բաժին:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ «Կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտությունների եւ պաշտոնների ցանկը» հաստատվել է ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի թիվ 665-Ն որոշմամբ:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում: