Հարց քաղաքացիներից` ինչպե՞ս կարելի է վերականգնել աշխատանքային գրքույկը, եթե այն կորցրել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Աշխատանքային գրքույկս կորցրել եմ: Խնդրում եմ` ասեք` ո՞ւր դիմեմ եւ ի՞նչ անեմ այն վերականգնելու համար:

Գայանե Գեւորգյան (59 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 89-րդ հոդվածով սահմանված` աշխատանքային պայմանագիր կնքելու համար աշխատանքային գրքույկ պահանջելու գործատուի պարտավորության մասին դրույթը ուժը կորցրած է ճանաչվել 2017 թվականի հունվարի 1-ից:
Եթե աշխատանքային գրքույկն անհրաժեշտ է կենսաթոշակ նշանակելու նպատակով աշխատանքային ստաժը հաշվարկելու համար, ապա «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` աշխատանքային գրքույկի կամ դրանում համապատասխան գրառումների կամ ստաժը հաստատող` Կառավարության սահմանած այլ փաստաթղթերի բացակայության դեպքում աշխատանքային ստաժը հաստատվում է արխիվային տեղեկանքով, իսկ դրա բացակայության դեպքում` դատական կարգով:
Աշխատանքային ստաժը հաստատող արխիվային տեղեկությունները անհրաժեշտության դեպքում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը հարցման միջոցով ստանում է պետական արխիվից, եթե դիմումին կից ներկայացվել են հարցման համար անհրաժեշտ տվյալներ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Որքան էլ աշխատանքային գրքույկ պահանջելու դրույթն այլեւս ուժի մեջ չէ, սակայն քաղաքացուն անհրաժեշտ է վերականգնել իր աշխատանքային գրքույկը: Ուստի վերոնշյալ պատասխանից ելնելով` խորհուրդ ենք տալիս դիմում ներկայացնել, ապա դիմել պետական արխիվ:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում:   




Լրահոս