ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սա ԱԱԾ տնօրենի համար մի փոքր զգուշացում եղավ, որպեսզի ավելի կարգապահ լինի. Ֆելիքս Ցոլակյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնազերծված հեռախոսազրույցի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ պատգամավոր, ԱԱԾ պետի նախկին տեղակալ Ֆելիքս Ցոլակյանի հետ:

-Պարո՛ն Ցոլակյան, երեկ հրապարակվեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի միջեւ հեռախոսազրույցը։ Ի՞նչ գնահատական կտաք տեղի ունեցածին, արդյոք անսպասելի չէ՞ նման լուրջ պաշտոններ զբաղեցնող անձանց հեռախոսազրույցի գաղտնալսումն ու հրապարակումը։

-Զարմանալի չէ, ցավալի է։ Այստեղ զարմանալի բան չկա, այսօր այս զարգացած տեխնիկայի դարում հնարավոր է լսել ցանկացած անձի, ցանկացած հեռախոս։ Դրա համար անհրաժեշտ է ունենալ անհրաժեշտ տեխնիկա։ Տեխնիկական միջոցներ ունեն հատուկ ծառայությունները եւ, ինչպես նշեց ԱԱԾ տնօրենը, դա կարող են ունենալ գերհարուստ մարդիկ։

-Իսկ արտաքին հետք կարո՞ղ ենք տեսնել այս ամենում։

-Ես դա չեմ կարող ասել կամ գնահատական տալ, թե որտեղից է։ Եթե Աստված տա, բացահայտվի, թե որտեղից է, դա այլ հարց է։ Իսկ հիմա դրա մասին խոսելը մի քիչ վաղ է։

-Նշեցիք, որ ոչ թե զարմանալի է, այլ ցավալի։ Սա հարված էր հենց ազգային անվտանգությա՞նը։

-Որովհետեւ սա առաջին հերթին ուղղված է պետության դեմ, ոչ թե անձերի։ Իհարկե, անձերի դեմ էլ է ուղղված, բայց հիմնականում պետության դեմ։ Դա անողը կարող էր անել նաեւ ուրիշ խոսակցություն, մեկ ուրիշ բան, որը, օրինակ պետական գաղտնիք էր։ Դա շատ ավելի հեռուն գնացող վտանգներ է իր մեջ պարունակում, քան այսօրվա խոսակցությունը, որը եղել է եւ որը ես այսօր չեմ համարում արտառող երեւույթ։

-Բովանդակային առումո՞վ էլ։

-Ո՛չ բովանդակային, ո՛չ էլ դեպքը։ Համեմատություն անենք․ Գերմանիայի պես հզոր երկրի կանցլերին լսել են ուղիղ 10 տարի։ Ու ոչ միայն, այլ նաեւ կառավարական ամբողջ ապարատը, Անգլիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ նախագահներին լսել են, իսկ Թուրքիայում լսել են գլխավոր շտաբի պետին, պաշտպանության նախարարին։ Այնպես որ այսօր չպետք է կենտրոնանալ, որ լսել են, լսել են, լսել են։ Կարող է էլի են ինչ-որ բաներ լսել, եւ վաղն էլ այլ բաներ հրապարակվեն։ Այլ բան է, որ այդ լսածը չլինի պետական գաղտնիք, չլինի մի բան, որ կարող է մեր պետությանը վնաս հասցնել։ Իսկ այստեղ ես որեւէ արտառոց բան չեմ տեսնում։

-Երեկ խորհրդարանում գլխավոր թեման եւս այս էր, որքանո՞վ Ձեզ գոհացրին ՀՀ վարչապետի մեկնաբանությունները։

-Ինձ գոհացրեց։ Ասեմ, որ ինձ գոհացրել էր նաեւ ԱԱԾ տնօրենի բացատրությունները։ Գիտեք ինչ, հեռախոսը հեռախոս է, իմն էլ, ԱԱԾ տնօրենի հեռախոսն էլ նույնն է։ Եվ եթե կա լսելու հնարավորությունը, սարքավորումները, կարող են լսել։ Ես չգիտեմ, թե ով է լսել, չեմ կարող ասել դա։ Իսկ եթե եղել է եւ արդեն փաստ է, ցավում եմ դրա համար եւ չէի ցանկանա, որ այդպիսի բան լիներ։ Որեւէ մեկին դուրեկան չէ այդպիսի բանը, բայց դրա դեմ պայքար անպայման պետք է տանել, զբաղվել դրանով եւ կարողանալ բացահայտել։

-Ինչպե՞ս, ի՞նչ քայլեր պետք է հետեւեն այս ամենին։

-Դա արդեն տեխնիկական խնդիրներ են, միայն հատուկ ծառայությանը բնորոշ գործողություններ են։ Ուրիշ մարդ չի կարող դա անել։

-Դուք էլ նշեցիք, թե գերհարուստները կարող էին դա անել կամ հատուկ ծառայությունները։ Այսինքն՝ մարդկանց շրջանակը նե՞ղ է, ո՞վ կարող էր դա անել։

-Թողեք դա ազգային անվտանգությանը, մեր խելքի բանը չէ։ Թող իրենք զբաղվեն, մասնագետներ կան, որ գիտեն՝ դա ում ձեռագիրն է, ով կարող էր անել։ Կզբաղվեն, կբաահայտվեն, եւ սովորական, քաղացիական մարդու խելքի բանը չէ։ Պայքարը զուտ տեխնիկական է, այլ միջոցներ չկան։ Հատուկ ծառայություններն ունեն այդպիսի տեխնիկա եւ կարող են շատ բաներ անել։

-Դուք նշեցիք, որ Ձեզ գոհացրեց ԱԱԾ տնօրենի մեկնաբանությունները։ Այսինքն` այդ պաշտոնյաների հրաժարականի հիմքերը չե՞ք տեսնում։

-Ո՛չ, հիմքեր չեմ տեսնում։ Ընդհակառակը, սա ինչ-որ տեղ նաեւ ԱԱԾ տնօրենի համար մի փոքր զգուշացում եղավ, որպեսզի ինքն ավելի ուշադիր լինի եւ կարգապահ իր գործողությունների մեջ, որին որ հավատում եմ եւ չեմ կարծում , որ իրենից լավ որեւէ մեկը կարող է այդ գործը կատարել, որը նա կատարում է։

-Արթուր Վանեցյանն իր խոսքում նշեց՝ չի կարծում, որ կառույցում դավաճաններ կան, եւ միեւնույն ժամանակ հայտարարեց, թե կադրային փոփոխությունների չի դիմել։ Սա ճի՞շտ եք համարում։

-Նորմալ եմ վերաբերվում։ Մարդիկ, որոնք որ երկար տարիներ աշխատել են, վարժվել են, դա սպեցիֆիկ է եւ նոր մարդու պարագայում դա բարդություն է։ Հատուկ ծառայության դպրոցներ են նաեւ անցնում եւ այսօր կա դպրոց, որտեղ սովորում են։ Դա շատ կարեւոր է, եւ փորձով մարդկանց փոխարինելը հապճեպ չի կատարվում, այլ սերնդափոխությամբ, եւ հետո դուրս եկա։

-Իսկ ձայնագրության բովանդակության մասո՞վ։ Այսինքն՝ կարծում եք, որ Նիկոլ Փաշինյանն ամեն դեպքում չի՞ փորձել ազդել իրավապահ համակարգի վրա։

-Ո՛չ, ես չեմ գտնում այդպես։ Այսօր Փաշինյանը նաեւ հիշեցրեց, որ Վանեցյանն ինքը չի փորձել խոսել դատական համակարգի ներկայացուցչի հետ, այլ հակառակը։ Եվ բացի այդ, Վանեցյանհը միշտ հարցնում է` հիմքերը կա՞ն, թե՞ ոչ։ Ես տողատակերը այդպես եմ հասկացել, բայց կարող են մարդիկ լինել, ովքեր այլ կերպ կհասկանան եւ կմեկնաբանեն։

Զրուցեց` Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս