ՀՀԿ-ականները Հայաստանի վրա տղա են բերում. ինչ է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ներքաղաքական կյանքը դառնալու է Եվրոպայի քննարկման առարկան: Բանն այն է, որ նախօրեին ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը ԵԽԽՎ քաղաքական հարցերի եւ ժողովրդավարության հանձնաժողովի նիստում բարձրացրել է այս հարցը` խնդրելով, որ ուշադրություն դարձնեն ՀՀ-ում տիրող ներքաղաքական իրավիճակին եւ վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումներին:

Արփինե Հովհաննիսյանը հայտնել է, թե մասնավորապես քննարկման առարկա էր դարձել խոսքի ազատության դեմ ուղղված բռնաճշումները, ատելության խոսքի աննախադեպ բռնկումը եւ տարածումը, երկրորդ նախագահի, բազմաթիվ նախկին պաշտոնյաների եւ նրանց ընտանիքի անդամների դեմ հարուցված քրեական գործերը, հնարավոր սահմանադրական փոփոխությունները` որպես վարչապետի պաշտոնավարումը երաշխավորող լծակ, օրենսդիր եւ դատական իշխանությունների վրա ճնշումները։ Ընդ որում, Արփինե Հովհաննիսյանը եվրոպացիներին ներկայացրել է փաստեր, տեսանյութեր, հրապարակումներ: «Հանձնաժողովը հարցի քննարկման արդյունքում որոշում կայացրեց Քաղաքական հարցերի եւ ժողովրդավարության հանձնաժողովի անունից նամակ ուղղել Մոնիտորինգային հարցերի հանձնաժողովին` առաջարկելով մոնիտորինգ իրականացնել Հայաստանում իրավունքի գերակայության ապահովման, օրենսդիր եւ դատական իշխանությունների անկախության ապահովման, ինչպես նաեւ քաղաքական հետապնդումների կապակցությամբ», – նշել է նա։ Հովհաննիսյանը հասցրել է եվրոպացիներին ներկայացնել նույնիսկ ՀՔԾ պետի եւ ԱԱԾ տնօրենի միջեւ տեղի ունեցած գաղտնալսման փաստը:

Ստացվում է` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը բավականին օպերատիվ է աշխատել` Հայաստանի վրա «տղա բերելու» հարցում: Ի դեպ, այս դեպքում «տղա բերել» ձեւակերպման հեղինակային իրավունքը հենց նախկին իշխանության ներկայացուցիչներին է պատկանում: 2008թ. մարտի 1-ից հետո, երբ բանտերը լցվել էին հարյուրավոր քաղբանտարկյալներով, եւ երբ ընդդիմությունը բարձրաձայնում էր այդ մասին` ներկայացնելով փաստեր, նախկին իշխանությունները մեղադրում էին «տղա բերելու» մեջ: Երբ ընդդիմության ներկայացուցիչները փորձում էին միջազգային ատյաններում բարձրացնել Հայաստանում տիրող իրավիճակի հետ կապված հարցեր, նույն ՀՀԿ-ականները նրանց մեղադրում էին «սպիտակեղենը դուրս տանելու» համար: Եվ սա այն դեպքում էր, երբ այժմյան իշխանության ներկայացուցիչները փորձում էին այդպիսի ատյաններում քննարկման առարկա դարձնել Հայաստանի ներքին քաղաքական, իրավական հարցերը:

Միայն թե, ՀՀԿ-ական պատգամավորուհու արարքը եւ ՀՀ նոր կառավարության նկատմամբ եվրոպայում բացասական վերաբերմունք ձեւավորելն ի սկզբանե դատապարտված է: Նախ` Հայաստանի կառավարությունն այսօր ունի բացարձակ լեգիտիմություն ու վայելում է ժողովրդի աջակցությունը: Բացի այդ, Հայաստանում տիրող իրավիճակը փորձում է դրսում ներկայացնել եւ այդ մասին բարձրաձայնել ու խոսել ժողովրդավարության, իրավականության ոտնահարման մասին ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչը, որն այս պահին խորհրդարանում ամեն դեպքում մեծամասնության ներկայացուցիչ է:

Եվ այստեղ հետաքրքիր է, երբ ՀՀԿ-ն էր իշխանության եւ, երբ ընդդիմությունը մշտապես բարձրաձայնում էր իսկապես Հայաստանում տիրող քաղաքական հետապնդումների եւ կոռուպցիայի մասին, նույն ՀՀԿ-ականները փորձում էին աչք փակել նման հայտարարությունների վրա, սակայն երբ այժմ իսկապես Հայաստանում նոր իրողություն է, եւ իրավիճակ է փոխվել, վերջիններս հիշել են, թե իբր Հայաստանում նման արժեքներ են ոտնահարվում:

Ի վերջո, ինչ ազդեցություն կարող է ունենալ նման կառույցում Հայաստանի հարցի քննարկումը հենց մեր երկրի վրա: Ընդգծենք, որ բնականաբար սա առաջին դեպքը չէ, երբ ԵԽԽՎ-ի պես լուրջ կառույցում քննարկման առարկա է դառնում Հայաստանում տիրող իրավիճակը: Խոսքը հատկապես վերաբերում է 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններից հետո տիրող իրավիճակին: ԵԽԽՎ-ում նաեւ բանաձեւ է ընդունվել, որը կազմված է եղել Վեհաժողովի կողմից մոնիտորինգային գործընթացի վերաբերյալ զեկույցի հիման վրա, որը պատրաստվել էր էստոնացի պատվիրակ Անդրեաս Հերկելի կողմից: Մասնավորապես, ԵԽԽՎ հարցով համազեկուցողները Հայաստան են ժամանել 2012-ի հունվարին եւ ներկայացրել ինֆորմացիա, որը հրապարակվել է 2012 մարտին:

Եվ ստացվում է, որ այժմ եւս մոնիթորինգի համար անձինք պետք է ժամանեն Հայաստան եւ ուսումնասիրեն այն ոլորտները, որոնց մասին էլ բարձրաձայնել է հենց ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը: Եվ հիմա գլխավոր հարցերից մեկն այն է, թե ինչ է լինելու մոնիթորինգից հետո, ինչ եզրակացության կգան մոնիթորինգն իրականացնողները եւ ինչ կլինի հետագայում: Եվ այստեղ երկու սցենար կարող է գործել. կա՛մ մոնիթորինգի անդամները կհայտնաբերեն, որ Հայաստանում ոչ մի այդպիսի խնդիր առկա չէ, կա՛մ էլ կհայտնաբերեն խնդիրներ: Առաջին տարբերակի դեպքում դա միանշանակ լինելու է այդ հարցը բարձրաձայնողների, այսինքն` Արփինե Հովհաննիսյանի եւ ՀՀԿ-ականների համար, իսկ եթե որեւէ ոլորտներում խնդիրներ հայտնաբերվեն, ապա նրանք պարզապես խորհուրդներ են տալու, թե ինչպես պետք է դրանք վերացվեն: Այլ հարց է, թե որքանով նրանց կողմից հայտնաբերված խնդիրները կարող են այդպիսիք լինել հենց Հայաստանի ներկայիս իշխանությունների համար:

Եվ այստեղ իրականում խնդիրները շատ խորն են թաքնված եւ պատահական չէ, որ այդ հարցը բարձրաձայնում է հենց Արփինե Հովհաննիսյանը, ով հանդիսանում է ԵԺԿ խմբակցության անդամ: Բանն այն է, որ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ջոզեֆ Դոլն օրեր առաջ իր մտահոգությունն էր հայտնել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին, ով, ի դեպ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ բավական մտերիմ է: Եվ հետաքրքիր է, որ Ջոզեֆ Դոլն իր մտահոգությունները հայտնած է եղել հենց Արմեն Աշոտյանի հետ հանդիպումից հետո. «Չնայած նրան, որ Քաղաքական ասամբլեայում մեծապես կենտրոնացած ենք եվրոպական ընտրությունների վրա, մենք պետք է նաեւ ուշադիր կերպով հետեւենք Արեւելյան հարեւանությունում տեղի ունեցող իրադարձություններին: Այս առնչությամբ ես հանդիպում եմ ունեցել «Հայաստանի Հանրապետական» կուսակցության միջազգային քարտուղար Արմեն Աշոտյանի հետ, ով բարձրաձայնել է նոր կառավարության օրոք առկա իրավիճակի մասին: Ես կշարունակեմ հետամուտ լինել իրավիճակին եւ լիահույս եմ, որ երկրի վարչապետը կհարգի օրենքի գերակայությունը եւ օրենսդիր մարմնի անկախ լինելը», – նշել էր նա:

Եվ ահա, այս հանդիպումից ու զրույցից հետո Արփինե Հովհաննիսյանն է նման հարց բարձրաձայնում, եւ ակնհայտ է, որ ԵԺԿ նախագահն այս հարցում կանգնած է ՀՀԿ-ականների կողքին:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս