ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` ծննդի գրանցումն ի՞նչ կարգով է իրականացվում:
Լիզա Եփրեմյան (30 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ երեխայի ծննդի ակտի գրառման մեջ ամուսնության մեջ գտնվող հայրը եւ մայրը գրառվում են որպես երեխայի ծնողներ` նրանցից որեւէ մեկի դիմումի հիման վրա: Ծննդի ակտի գրառման մեջ երեխայի հայրանունը գրառվում է հոր անվամբ: Եթե երեխայի ծնողներն ամուսնության մեջ չեն գտնվում, ապա երեխայի հոր մասին տեղեկությունները լրացվում են՝
ա) հայրության որոշման ակտի գրառման հիման վրա,
բ) երեխայի մոր գրավոր հայտարարության հիման վրա, եթե հայրությունը որոշված չէ: Այս դեպքում երեխայի հոր ազգանունը գրառվում է մոր ազգանվամբ, հոր անունը եւ նրա հայրանունը` մոր ցուցումով:
Ծնողների տարբեր ազգանունների առկայության դեպքում երեխայի ազգանունը գրառվում է հոր կամ մոր ազգանվամբ` ծնողների համաձայնությամբ: Մեկ տարեկան եւ ավելի դարձած երեխայի ծննդի պետական գրանցումը բժշկական կազմակերպության կամ բժշկի կողմից ծննդյան մասին տրված սահմանված ձեւի փաստաթղթի առկայության դեպքում իրականացվում է ծնողների /ծնողներից մեկի/ կամ շահագրգիռ այլ անձանց գրավոր դիմումի հիման վրա: Երեխայի չափահաս դառնալուց հետո նրա ծննդի պետական գրանցումն իրականացվում է երեխայի դիմումի հիման վրա:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ եթե երեխայի ծնողներն ամուսնության մեջ չեն գտնվում, մոր ցանկությամբ երեխայի ծննդի ակտի գրառման մեջ կարող են չլրացվել երեխայի հոր մասին տեղեկությունները: Ծննդի ակտի գրառման մեջ երեխայի անունը գրառվում է ծնողների համաձայնությամբ:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում: