ՄԱՐԶՊԵՏ, ՈՐԸ ԵՐԲԵՎԷ ՉԻ ՊԱՏԺՎՈՒՄ-2

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շարունակում ենք հրապարակել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի կյանքի ու գործունեության վերաբերյալ հոդվածի շարունակությունը` հիշեցնելով, որ մարզպետի ու նրա  հարազատների արարքներից տուժել է գրեթե ողջ Սյունիքը:  Սուրեն Խաչատրյանի հարազատները կարող են ներխուժել Գորիսի  մոտակա բիլիարդանոց, ծեծել դրա տիրոջն այն աստիճան, որ վերջինս երկար ժամանակ գամված մնա անկողնուն, եւ անպատիժ մնալ: Կամ, ինչպես դա արեց մարզպետի եղբայրը` Աղալարը, կարող են խանութում  բռնաբարել մանկահասակ աղջնակին եւ կրկին անպատիժ մնալ: Ընդհանրապես Սուրեն Խաչատրյանն ու իր շրջապատը մարդկանց հետ հարաբերվելու այլ  ձեւ, քան ծեծն ու ահաբեկումն է, չգիտեն: Անգամ, եթե խոսքը վերաբերում է հարազատ որդու դասընկերոջը: Շատերն են հիշում, թե ինչպես 2008թ. նորանշանակ վարչապետը խոստացավ հետաքննություն անցկացնել` պարզելու Լիսկայի կողմից 12-ամյա երեխայի ծնոտը ջարդելու մասին թերթերից մեկի հրապարակած  լուրի իսկությունը եւ պատժելու մեղավորին: ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի ղեկավարած հանձնաժողովը պարզեց, որ Լիսկան, իրոք, իր աշխատասենյակում ծեծել է իր որդու հետ կռիվ արած 12-ամյա տղային` կոտրելով վերջինիս ծնոտը: Բայց  քանի որ  նա  վայելում էր  «վերեւների» անմնացորդ  հովանավորությունը, հանձնաժողովը ստիպված եղավ իրավիճակը լղոզել: Արդյունքում` վարչապետը հայտնվեց ծիծաղելի վիճակում, քանի որ մի կողմից չկարողացավ «անպատասխանատու» թերթին պատասխանատվության ենթարկել, որովհետեւ թերթի տեղեկատվությունը համապատասխանում էր իրականությանը, մյուս կողմից էլ չկարողացավ որեւէ կերպ պատժել Լիսկային, քանի որ դրա համար պարզապես թափը չհերիքեց:Ամենաթողության այս վերջին թույլտվությունից էլ ավելի ոգեւորված` Լիսկայի մտերիմներն ու հովանավորյալները շարունակեցին իրենց  քրեական վարքագիծը: Ընդամենը մի քանի ամիս առաջ Ագարակի  քաղաքապետի  հարազատ եղբայրը` 1975 թ. ծնված  Մհեր Զաքարյանը, 10-12 ընկերների հետ քաղաքի կենտրոնում ծեծի էր ենթարկել ագարակցի Արսեն  Հովհաննիսյանին, իսկ նրա ընկերոջը` դեպքի վայրից մի փոքր հեռու կանգնած Սոս Խաչատրյանին, ենթարկել վրաերթի, ինչի արդյունքում վերջինիս տեղափոխել էին հիվանդանոց: Բնականաբար, Սյունիքի մարզպետը տեղյակ է եղել Ագարակում տիրող իրավիճակին, սակայն, փաստորեն, ոչինչ չի արել իրադարձությունների նման ընթացքը    կասեցնելու համար:    Քրեական «ռազբորկաներից» զատ, Ս. Խաչատրյանը մեծ խախտումներ է թույլ տվել նաեւ մարզպետարանի աշխատանքներում եւ երբեւէ պատասխանատվության  չի ենթարկվել: 2006-2007թթ. քաղաքաշինության եւ բնակարանային կոմունալ տնտեսության բնագավառում կատարված աշխատանքների վերահսկողության ընթացքում արձանագրվել են բազմաթիվ խախտումներ:  Տնտեսագետ-մենեջեր մարզպետի միտքն այնքան է առաջադիմել ստացած  «հիմնարար» գիտելիքներից, որ  որոշել է 2007 թ. կնքված  Սիսիանի Որոտան գյուղի  դպրոցի 105,487.1 հազ. դրամի  հիմնանորոգման աշխատանքների պայմանագրով նախատեսված աշխատանքների մեջ  ներառել դպրոցի 2  մասնաշենքերի տանիքների վերակառուցումը` դրանք վերագրելով մարզպետարանին: Մինչդեռ այդ աշխատանքներն արդեն կատարվել էին  2000թ.` «Փրկեցե՛ք  երեխաներին» կազմակերպության կողմից: Բացի այդ,  նախագծային կազմակերպությունների կողմից նախատեսված եվրոպական արտադրության եւ որակին համարժեք  առավել թանկ արժեցող  մետաղապլաստե դռների եւ պատուհանների փոխարեն մարզի դպրոցներում  տեղադրվել են   թուրքական արտադրության առավել էժան դռներ:  Ինչպես արդեն կռահեցիք, այս ամենի  համար եւս Լիսկան պատասխանատվության չի ենթարկվել: Բերված բոլոր փաստերին ու  մարզպետի անօրինություններին  իրազեկված են բոլոր պատկան մարմիններն ու երկրի ղեկավարությունը, սակայն բարձիթողի վիճակն ու անպատժելիության մթնոլորտը մարզում շարունակվում են,  իսկ Լիսկան պատրաստվում է  մարտի 25-ին նշել իր  պաշտոնավարման 7-րդ  խորհրդանշական տարին:ԱՐՄԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ




Լրահոս