Նոր մանրամասներ Սաշիկ Սարգսյանի որդու գործով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանի որդու` Նարեկ Սարգսյանի գործով եւս երեք թիկնապահ է կալանավորվել: Հիշեցնենք` ԱԱԾ-ին քննչական գործողությունների արդյունքում հայտնի էր դարձել, որ Ն. Սարգսյանը 2018թ. հունիսի 22-ին իր թիկնապահ Արտեմ Պետրոսյանի հետ մեկնել է Մոսկվա այնտեղից որեւէ եվրոպական երկիր մեկնելու նպատակով, եւ մինչ ՀՀ տարածքը լքելը Սարգսյանն իր թիկնապահի միջոցով Սերոբ Սահակյանին է փոխանցել Երեւանի Արամի փողոցի շենքերից մեկի բնակարանի բանալին, իսկ արդեն հունիսի 25-ին նույն թիկնապահի միջոցով Սահակյանին խնդրել է վերոնշյալ բնակարանում գտնվող երկու ճամպրուկները տեղափոխել այլ վայր:

Անձնական խուզարկության ժամանակ Վլադիմիր Շահինյանցի եւ Սերոբ Սահակյանի մոտ գտնվող ճամպրուկներում հայտնաբերվել եւ առգրավվել են կոկաին եւ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներ, թվով 4 ատրճանակ, որոնցից մեկը խլացուցիչով, փամփուշտներ, անհայտ ծագման հաբեր, ապակյա եւ պլաստմասսայից խողովակներ` սպիտակավուն եւ սեւ հետքերով, կաթոցներ, որոնք ամենայն հավանականությամբ ծառայել են թմրանյութ օգտագործելու նպատակով, եւ այլ իրեր: Արդյունքում Ա. Պետրոսյանի եւ Ն. Սարգսյանի նկատմամբ հուլիսի 6-ից հայտարարվել էր հետախուզում: Պետրոսյանը հետախուզվում էր ՀՀ քր. օր. 235-րդ հոդվածի 2-րդ (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) եւ 266-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) մեղադրանքներով: Նրանց նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: Ավելի ուշ Ա. Պետրոսյանը ինքնակամ ներկայացավ իրավապահներին եւ վերջինիս պաշտպանը հայտնել էր, որ նա իրավապահներյն  հայտնել է, որ կատարվածի հետ կապ չունի: 

Ինչեւէ,  մեզ հասած տեղեկությունների համաձայն` այս քրեական գործի շրջանակներում  կալանավորվել են Ն. Սարգսյանի եւս երեք թիկնապահները: Ասել է թե` այս պահի դրությամբ 4 թիկնապահ գտնվում  է կալանքի տակ: Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ կալանավորվածներն են` Սամվելը, Հարությունը, Հովհաննեսը, Արտեմը:

Քնար Մանուկյան

 




Լրահոս