ՀՀ առողջապահության նախարարի 2017 թվականի հրամանը` դասամիջոցների տեւողության մասին, անհարմար դրության մեջ է գցել ոչ միայն դպրոցների տնօրեններին, այլեւ սաների ծնողներին: Նշենք, որ 5 րոպե տեւողությամբ դասամիջոցը դարձել է 10 րոպե, իսկ 10-ը` 20 կամ 30:
Ըստ ՀՀ առողջապահության արդեն նախկին նախարար Լեւոն Ալթունյանի 12-Ն հրամանի` դասամիջոցների տեւողությունը կազմում է 10-ական րոպե, մեծ դասամիջոցինը` 20-30 րոպե, հնարավոր է կազմակերպել 2 դասամիջոց 20-ական րոպե: Մեծ դասամիջոցը կազմակերպվում է 2-րդ կամ 3-րդ դասաժամերից հետո: Հրամանը ստորագրվել է 2017 թվականի մարտի 28-ին, ուժի մեջ է մտել նույն տարվա մայիսի 12-ից: Սակայն հրամանը արդեն հասցրել է խիստ մտահոգել ոչ միայն ուսուցիչներին, տնօրեններին այլեւ դպրոցների սաների ծնողներին:
Անդրանիկ Գրիգորյանը, ով «Ժառանգություն» կուսակցության միջազգային հարցերով քարտուղարն է եւ Բյուրեղավանի Սամվել Վարդանյանի անվան ավագ դպրոցի պատմության ուսուցիչը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ այս դեպքում աշակերտը 40 րոպե ավել է մնում դպրոցում, որը հավասարազոր է մոտ մեկ դասաժամին: Ապա զարմացած հետաքրքրվում է` արդյոք մենք ունենք համապատասխան դպրոցական միջավայր ամեն օր երեխային մոտ մեկ դասաժամ դպրոցում ավել պահելու համար: Նրա պատմելով` իրենց դպրոցում դասամիջոցի տեւողությունը սեպտեմբերի 3-ից վերոնշյալ հրամանին համապատասխան է:
«Առանց սննդի հարց լուծելու ինչպե՞ս կարելի է երեխաներին առավոտյան 8:30-ից սկսած մինչեւ 14:55 րոպեն ներառյալ պահել դպրոցում, այն դեպքում, երբ Հայաստանում աղքատությունը պաշտոնապես 29.4 տոկոս է կազմում, նրանցից 1.8 տոկոսը ծայրահեղ աղքատներն են, 8 տոկոսը` շատ աղքատներ, իսկ մնացած 19.6 տոկոսը` ուղղակի աղքատ է: Այսինքն ստացվում է այնպես, որ տաս երեխայից 3-4 չեն կարողանալու հոգալ իրենց սննդի հետ կապված հարցերը, իսկ 1-2-ը վեց ժամուկես անոթի կմնան դպրոցում»,- նկատեց Անդրանիկ Գրիգորյանը:
Ի դեպ, տեղեկացնենք, որ Հայաստանում մինչեւ 5 տարեկան երեխաների 17.6 տոկոսը` յուրաքանչյուր 6-րդ երեխան, թերսնուցման խնդիր ունի: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` Հայաստանում մինչեւ 5 տարեկան երեխաների մոտ ավելորդ քաշի խնդիրն ավելի տարածված է, քան թերաճության խնդիրը: Երեխաների 13.6 տոկոսն ավելորդ քաշի խնդիր ունի, իսկ 9 տոկոսը` թերաճության խնդիր: Մինչեւ 5 տարեկան երեխաների 16 տոկոսը, իսկ 15-49 տարեկան կանանց 13 տոկոսն անեմիա ունի:
Մանսագետի խոսքերով` հանրակրթության տեսանկյունից գաղափարը առաջադիմական է, սակայն այն պահանջում է նաեւ համապատասխան միջավայրի ստեղծում: Ըստ նրա` առանց սննդի սպասարկման համապատասխան միջավայրի ներդրման նշված որոշումը հղի է տարատեսակ վտանգներով: Մյուս կողմից հայտնի է, որ այսօր Հայաստանի հանրակրթական դպրոցների գերակշիռ մասը չունի աշակերտներին սնունդ տալու հնարավորություն, նրանք ստիպված օգտվում են դպրոցամերձ տարածքների կրպակներից: Իսկ այնտեղ, գաղտնիք չէ, որ սննդի որակ վերահսկելը բավականին դժվար է:
«Եվրոպական լավագույն քոլեջները հարմարեցված են հանգստի եւ սննդի սպասարկման համապատասխան միջավայրով, որը, ցավոք, մեր հանրակրթական տիրույթի համար դեռեւս երազանք է: Պահել երեխային մեր իրականության դպրոցներում առանց լուծելու նրանց հանգստի եւ սննդի խնդիրները, կարծում եմ, սխալ ռազմավարություն է: Հետո պատկերացրեք այն երեխային, որը չի կարողանում օգտվել սննդի սպասարկման հարակից օբյեկտներից: Արդեն ութ տարի է` աշխատում եմ հանրակրթության ոլորտում եւ պետք է նշեմ` երկու ձեռքով կողմ եմ հանրակրթության ոլորտում նոր մեթոդներին, ինչպես նաեւ նոր ուղղությունների զարգացմանը, սակայն վերցնել եվրոպական լավագույն քոլեջների պրակտիկան ու առանց համապատասխան մշակման ու միջավայրի ստեղծման ներդնել մեր հանրակրթության բնագավառում, միանգամայն սխալ է»,- լրացրեց Անդրանիկ Գրիգորյանը` ընդգծելով, որ մեր հանրապետությունում կան դպրոցներ, որոնք գտնվում են նաեւ վթարային վիճակում: Եւ դրանց թիվը քիչ չէ:
Ինչ վերաբերում է առողջապահության նախկին նախարարի հրամանին, ապա այդ կապակցությամբ բացատրական աշխատանքներ չեն տարվել դպրոցներում ո՛չ տնօրենների, ո՛չ էլ սաների ծնողների հետ: Նրանց մեծ մասը անակնկալի են եկել` իմանալով առողջապահության նախարարի 2017 թվականի մարտի 28-ին ստորագրած հրամանի մասին: Ինչպես միշտ, մեր հանրապետությունում օրենքներ են ընդունվում առանց համապատասխան ուսումնասիրություն անցկացնելու: Սակայն ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հրահանգը էլ ավելի անհարմար վիճակի մեջ է գցել տնօրեններին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իր հերթին ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հրահանգել է դպրոցների տնօրեններին լուծել աշակերտների սննդի հարցը: Բայց բազմաթիվ դպրոցներ կան, որոնք դեռ չեն կարողանում լուծել սննդի հարցը: Օրինակ` Բյուրեղավանի Սամվել Վարդանյանի անվան ավագ դպրոցի տնօրեն Կարինե Խաչիկյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայատարարեց, որ իրենք մրցույթ են հայտարարել դպրոցում սննդի կետ բացելու պահանջով, այն դեռ ընթացքում է: «Եթե դասամիջոցները երկարել են, բնականաբար երեխաների սնունդը պարտադիր պետք է լուծենք: Իսկ այս հարցը դեռ չենք կարողացել լուծել, այն ընթացքում է: Մրցույթ ենք հայտարարել, որպեսզի որեւէ մեկը գա եւ դպրոցում բուֆետ կամ ճաշարան բացի: Իրոք մենք սննդի պայմանը չենք կարողացել բավարարել, բայց մյուս կողմից իսկապես երեխաները մեղք են, որովհետեւ 14.55-ին են վերջացնում դասը»,- նկատեց դպրոցի տնօրենը: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին` ինչպես է իրենց դպրոցում աշակերտը անցկացնում 10 կամ 20 րոպե տեւողությամբ դասամիջոցը, դպրոցի տնօրենն արձագանքեց. «Մեր դպրոցին հարակից խանութներ կան, եւ երեխաները դուրս են գալիս, այնտեղից են գնումներ անում»:
Սյունէ Համբարձումյան