Ինչպես հայտնի է, Երեւանի ավագանու ընտրություններում ներգրավված քաղաքական ուժերի ներկայացուցիչների շրջանում քիչ չեն մշակույթի գործիչները։ Նրանց թվում է նաեւ երգիչ Արթուր Իսպիրյանը, որն ընդգրկված է «Իմ քայլը» դաշինքի ցուցակում։ Նա նաեւ Կոմիտասի տուն-թանգարանի ազգային երաժշտական գրադարանի թվայնացման բաժնի տնօրենն է: Ի դեպ, «Բարեւ Երեւան» դաշինքի ավագանու ցուցակում նախկինում ընդգրկված, բայց չընտրված երգիչն ավելի վաղ նշել է, որ միշտ ձգտել է ինչ-որ կերպ օգտակար լինել իր քաղաքին, իր բողոքը տեղ հասցնել։ «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց՝ նախկին փորձը արդյոք չի կաշկանդում իրեն․ «Այն ժամանակ ես չանցա, բայց դա ոչինչ չի նշանակում, հիմա էլ չանցնեմ, չեմ ընկճվի։ Կարեւորն այն է, որ իմ խոսքը տեղ հասնի, Երեւանը դառնա նախանձելի քաղաք, այնպիսին, ինչպիսիք տեսնում ենք Եվրոպայում եւ նախանձում ենք»,-պատասխանեց մեր զրուցակիցը։
Քանի որ ավագանու անդամը վարձատրվող հաստիք չէ, հետաքրքրվեցինք՝ ինչն է ստիմուլացնում երգչին․ «Այնքան շատ եմ սիրում Երեւանը, այնքան լավ գիտեմ ամեն քարը, ընդ որում, ոչ միայն կենտրոնում, այլեւ ծայրամասերում, որ դա բավական է ինձ։ Վարձատրությունն այս դեպքում այնքան էլ կարեւոր չէ։ Պատրաստ եմ անվճար ծառայել իմ քաղաքին»,-մեկնաբանեց նա։
Արթուր Իսպիրյանը նշեց, որ իր գործառույթը տեսնում է ինչպես մշակույթի, այնպես էլ այլ ոլորտներում․ «Ունեմ մշակութային ծրագիր, որը կցանկանայի ներկայացնել։ Բացի այդ՝ ես այս քաղաքում եմ ծնվել-մեծացել, տեսել եմ ե՛ւ հին քաղաքը, ե՛ւ նորը, էվոլյուցիան իմ աչքի առաջ է տեղի ունեցել, հիշողությանս մեջ դեռ թարմ են մնացել Հրազդանի կիրճը, Մոնումենտի այգին, կանաչապատ տարածքները, այնպես որ շատ հարցերում կարող եմ օգտակար լինել, խորհուրդներ տալ։ Մեծ ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ, որ այգիները փոքրանում են, չեն բարեկարգվում, դրանց տարածքում տեղ են գտնում սրճարաններ, բակերի տարածքները աճուրդի են հանվում, այնպես որ, մանրամասն տեղյակ եմ խնդիրներից»,-եզրափակեց Արթուր Իսպիրյանը։
Աննա Բաբաջանյան