Ինչպես հայտնի է, Երեւանի ավագանու թեկնածուների ցանկում ընդգրկված են նաեւ մշակույթի գործիչներ: Նրանց թվում են ռեժիսորներ, դերասաններ, երաժիշտներ եւ այլն: «Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ցուցակում ընդգրկված երգչուհի, երգահան, ճարտարապետ Լիլիթ Պիպոյանն է: Նա մշտապես աչքի է ընկել նախկին իշխանությունների նկատմամբ իր քննադատական դիրքորոշմամբ, իսկ հեղափոխության օրերին էլ Նիկոլ Փաշինյանի կողքին էր: Երգչուհին անգամ երգեց Հանրապետության Հրապարակում:
-Տիկի՛ն Պիպոյան, ընտրվելու դեպքում ո՞րն է լինելու Ձեր դերը ավագանու կազմում: Ձեր գործառույթը հստակ պատկերացնո՞ւմ եք: Գուցե այս պարագայում դեր խաղա այն հանգամանքը, որ Դուք նաեւ ճարտարապետի կրթություն ունեք:
-Այո, քանի որ այդ կրթությունն ունեմ, ներգրավված կլինեմ քաղաքաշինական հարցերի շուրջ քննարկումներում: Իհարկե, իմ դերը կունենամ մշակութային խնդիրների բարձրացման եւ լուծման գործում: Այնպես որ հիմնական անելիքս այս երկու ոլորտում է լինելու:
-Մասնակցո՞ւմ եք «Իմ քայլը» դաշինքի քննարկումներին, ի՞նչ տպավորություններ ունեք, ստացվո՞ւմ է երկխոսություն: Այս պրոցեսներին ներգրավվելը սահուն ստացվե՞ց, թե՞ ոչ այնքան:
-Անկեղծ ասած՝ այդ ֆորմարտն ինձ համար բոլորովին նոր է եւ ինչ-որ առումով էլ խորթ: Ես անկուսակցական եմ եւ միշտ էլ լինելու եմ այդպիսին: Ինձ համար խորթ են նաեւ «Մենք պետք է հաղթենք», «Մեր թիմը լավագույնն է» եւ այլ լոզունգները: Արդեն մեկնարկել է քարոզարշավը, բայց ես չեմ կարող մասնակցել դրան թե՛ ֆիզիկապես, թե՛ բարոյապես: Իմ դերն ավագանիում այլ է: Կարծում եմ՝ ավագանին իսկը իմ տեղն է: Ես բնիկ երեւանցի եմ, եւ մայրաքաղաքի խնդիրները ընտանեկան խնդիրներին հավասար քննարկել ենք, հայրս՝ նկարիչ Սուրեն Պիպոյանն է, այդ առումով բավական ակտիվ է եղել: Եվ հետո մշտապես բարձրաձայնել եմ Երեւանին առնչվող ինձ հուզող խնդիրների մասին, բայց իմ ձեռքում երբեւէ գործիք չի եղել, որպեսզի դրանք լուծեմ, իսկ հիմա դրա հնարավորությունը տրվում է:
-Ինչպե՞ս եք վերաբերվում ավագանու ցուցակում մեծ թվով արվեստագետների ներգրավվածության փաստին: Սա լա՞վ է, թե՞ վատ:
-Կարծում եմ՝ նրանց թիվն, ամեն դեպքում, չպետք է շատ մեծ լինի, կա չափ, որ պետք չէ անցնել: Ավագանիում պետք է մեծապես ներգրավված լինեն կոնկրետ գիտելիքներով նեղ մասնագետներ, որպեսզի խնդիրներին կոնկրետ լուծումներ տրվեն:
-Դաշինքի ցուցակը գլխավորում է դերասան, պրոդյուսեր Հայկ Մարությանը: Նրա թեկնածության մասին ի՞նչ կասեք: Կարծիքներն, ըստ էության, բավական հակասական են:
-Երբ առաջին անգամ լսեցի Հայկ Մարությանի թեկնածության մասին, արձագանքս եղավ այնպիսին, ինչպիսին շատերի մոտ է: Ես նույնպես, ինչպես նրանք, առհասարակ ծանոթ չէի Հայկ Մարությանի անձին եւ նրան նույնացնում էի իր մարմնավորած կերպարների հետ: Բայց երբ ծանոթացա նրա ծրագրին, շփվեցի, լսեցի խոսքը, նկատեցի գործարար ջիղը, ցանկությունը իր գործը լավ անելու: Իմ առջեւ արդեն բոլորովին այլ մարդ էր կանգնած: Ինձ թվում է՝ պատահական չէ, որ Հայկ Մարությանին առաջադրել են այդ պաշտոնում: Փաստորեն, նա ունի պոտենցիալ, քաղաքապետին բնորոշ հատկություններ:
-Ի՞նչ կասեք երեւանցիներին, որոնք նաեւ պոտենցիալ ընտրողներ են: Նրանք հույսեր կապե՞ն քաղաքային իշխանության հետ, որ նոր է գալու:
-Վստահ եմ, որ անկախ այն բանից, թե որ կուսակցությունը, դաշինքն է մեծամասնություն կազմելու ավագանիում, երեւանցիների կյանքը բարելավվելու է: Մթնոլորտն այնպիսին է, որ կա մրցակցություն, իսկ դա թիմերին կստիպի լավ աշխատել:
Աննա Բաբաջանյան