ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀԿ-ն փոշմանել է ու «հայհոյանք դրել». Նիկոլ Փաշինյանին տհաճ անակնկալ է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀԿ-ի ներսում հետաքրքիր գործընթանցեր են տեղի ունենում: Մեր նախորդ համարներից մեկում գրել էինք, որ Հանրապետական խմբակցությունն արդեն որոշել է` ոչ մի գնով չպետք է գնան արտահերթ խորհրդարանական ընտրությունների եւ այդ առումով նույնիսկ դաշնակիցներ են գտել: Իսկ այժմ էլ նրանք որոշել են այլեւս որեւէ պատգամավորի նկատմամբ չվարվել այնպես, ինչպես ամիսներ առաջ վարվեցին ԵԿՄ նախկին նախագահ, պատգամավոր Մանվել Գրիգորյանի դեպքում: Ասել է թե` որոշել են ԱԺ-ում մերժել ցանկացած պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու, մեղադրանք առաջադրելու եւ կալանավորելու` ՀՀ գլխավոր դատախազության ներկայացնելիք միջնորդությունները: ՀՀԿ-ում այս առումով «հայհոյանք են դրել»:

Ինչպես հայտնի է, Ազգային ժողովը հունիսի 19-ին 77 կողմ, 3 դեմ ձայներով պատգամավորական անձեռնմխելիությունից զրկեց Հանրապետական խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին։ Քվեարկությանը մասնակցել էր 104 պատգամավորներից 82-ը, անվավեր՝ 2 քվեաթերթիկ։ Իսկ մեկ այլ քվեարկությամբ էլ խորհրդարանը կողմ էր արտահայտվել Մանվել Գրիգորյանի դեմ քրեական գործ հարուցելուն։ Այս դեպքում էլ 104 պատգամավորներից 81-ը կողմ էր քվեարկել, 3-ը՝ դեմ։  Պատճառն էլ Ազգային անվտանգության ծառայության բացահայտումներն էին, երբ նրանք խուզարկություն էին իրականացրել Գրիգորյանի առանձնատանն ու ամառանոցում, հայտնաբերել մեծ քանակությամբ զենք-զինամթերք, բանակի եւ զինվորների համար նախատեսված գույք եւ սնունդ։

Սխալված չենք լինի, եթե ասենք, որ այս դեպքը թավշյա հեղափոխությունից հետո հասարակական մեծ հնչեղություն ստացած առաջին դեպքն էր: Եվ Մանվել Գրիգորյանի շուրջ բացահայտումները դարձան սուր քննադատության առարկա ոչ միայն հասարակության կամ այլ քաղաքական գործիչների, այլ հենց «Հանրապետական կուսակցության» ներկայացուցիչների կողմից, ովքեր միաբերան նշում էին, թե նման արարք թույլ տված անձը պետք է պատժվի: Անողոք գտնվեց անգամ Մանվել Գրիգորյանի անբաժան եւ վաղեմի ընկերը` Սեյրան Սարոյանը:

Այս դեպքերից ամիսներ անց ՀՀԿ-ի ներսում իրավիճակ է փոխվել: Մեր տեղեկություններով` նրանք օրեր առաջ քննարկում են ունեցել, հստակ որոշել ու «հայհոյանք» դրել, որ այսուհետ ինչ էլ պատահի, ինչ տեսանյութ էլ հրապարակվի որեւէ այլ պատգամավորի մասին, նման կերպ չեն վարվի եւ պատգամավորին չեն զրկի անձեռնմխելիությունից: Նրանք անգամ միմյանց մոտ հիշատակել են, թե տեսանյութերն անգամ իրենց չեն համոզի եւ սրտնեղել` ասելով, որ փոշմանել են, քանի որ այն ժամանակ գործել են հասարակական ճնշման, պահի ազդեցության տակ եւ չեն փորձել հասկանալ` ճիշտ էր, թե ոչ, նաեւ դրա ժամանակը չունենալով:  Եվ հիմա որոշել են` ինչ էլ լինի, այդպես չեն վարվելու:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նախ ընդգծեց, թե Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու քվեարկության օրն ինքը Հայաստանից բացակայում էր եւ չէր մասնակցում, սակայն ընդգծեց, թե իրենք այդպես են վարվել հենց Մանվել Գրիգորյանի խնդրանքով: «Ես այդ օրերին Հայաստանում չեմ եղել, քննարկմանը եւ քվեարկությանը չեմ մասնակցել եւ որքանով ինձ է հայտնի, «Հանրապետական կուսակցությունում» նման քննարկում չի ծավալվել, եւ Մանվել Գրիգորյանի հետ կապված նման քննարկում եղել է, որովհետեւ հենց ինքն է կոչով հանդես եկել պատգամավորներին, որպեսզի կողմ քվեարկեն եւ քննչական մարմնին հնարավորություն տան ճշտել ամբողջ գործընթացը: Եվ բացի այդ, որեւէ պատգամավորի անձեռնմխելիության հարցով ինձ հայտնի չէ սպասվող որեւէ դեպք»,- նշեց նա:

Դիտարկմանը, այսինքն` նման քննարկում չի՞ եղել, ի՞նչ կանեք հետագայում, նա ընդգծեց. «Ինչու պետք է նման քննարկում լինի: Քննարկումները լինում են փաստերի հիման վրա: Եթե չկա, ապա ինչու մենք մեր ուղեղները պետք է ծանրաբեռնենք ոչ օգտակար ինֆորմացիայով կամ թվացյալ փաստերով»:

 Անդրադառնալով այն մեկնաբանությանը, թե ՀՀԿ-ականները փոշմանել են Մանվել Գրիգորյանի հետ այդպես վարվելու համար` նա նշեց. «Քվեարկությունը եղել է Մանվել Գրիգորյանի կոչին համապատասխան: Նա ինքը կոչ արեց, հորդորեց, իր պատգամավորներ-գործընկերներն էլ իր հորդորին արձագանքել են դրականորեն, ինչպես ճիշտ  է գտել գեներալը»:

Իսկ ահա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները վստահ են` եթե Մանվել Գրիգորյանի շուրջ տեղի ունեցած դեպքի պես որեւէ այլ բան բացահայտվի, ապա ՀՀԿ-ականներն այդքան համարձակություն չեն ունենա չքվեարկելու: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը նշեց. «Ես չեմ կարծում, որ այնպիսի հնչեղություն ունեցող հարց լինի, ինչպիսին Մանվել Գրիգորյանինն էր, եւ ՀՀԿ-ականները համարձակվեն կողմ չքվեարկել: Այդպիսի իրավիճակ չի կարող լինել: Ճիշտ է` վերջին ժամանակներս Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ասպարեզ գալու հետ մեկտեղ իրենք բավականին ոգեւորված, խանդավառված են, բայց այդուհանդերձ նրանք չպետք է կորցնեն իրականության զգացումը, որովհետեւ ժողովրդի անվերապահ վստահությունը վայելող իշխանությունը կարող է կատարել այնպիսի  քայլեր, որոնք կարող են իրենց սրտով չլինել»: 

Դիտարկմանը` այսինքն այլընտրանք չկա՞ եւ կրկին ճնշումներ կլինե՞ն, նա նշեց. «Եթե այդպիսի հնչեղության հարց լինի, իրենք չեն համարձակվի, քանի որ հասարակական հսկայական հնչեղություն ունեցող հարց է, եւ իրենք կդժվարանան հիմնավորել իրենց տեսակետը: Իհարկե, նրանք փոքրիկ քայլերով ուզում են ուշքի գալ եւ կատարել հեղափոխությանը դեմ քայլեր եւ միջոցառումներ, բայց իմ խորին համոզմամբ` իրենք չեն հաջողի»:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս