«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է «TheBeautifiedProject» խմբի մենակատար Անդրե Սիմոնյանը։ Մենք փորձել ենք բացահայտել նրա էությանը բնորոշ գծերը, անդրադարձել ենք երգչի նախասիրություններին, սկզբունքներին, կյանքի ամենապայծառ կետերին, մտահոգություններին։ Անդրեն նշել է, որ կյանքում փնտրում է ոչ թե երջանկություն, այլ իմաստ։ Անդրեն վախենում է, որ իր կյանքը կարող է անցնել կայարանում, եւ երբեմն սեփական կյանքին փորձում է կողքից նայել, օբյեկտիվ աչքով։
-Երբ արթնանում եք, առաջինը…
-Հեռախոսս եմ ստուգում։ Սովորաբար, ինտերնետն անջատում եմ, բայց հեռախոսս միացված եմ թողնում։
-Գույներ, որոնք բարձրացնում են Ձեր տրամադրությունը։
-Սեւը եւ կանաչը։
-Արտահայտություն, որը փոխել է Ձեր ամբողջ կյանքը։
-«Թեթեւ տար»։ Թեպետ ինձ ավելի շատ գրավել է արտահայտություն, որ Ռոբերտ Ամիրխանյանն է ինձ ասել․«Սատանան դետալներում է թաքնված»։ Դրանից հետո ամեն ինչին էլ ավելի ուշադիր եմ եւ փորձում եմ կենտրոնանալ մանրամասների վրա, հասկանալ դրանք։
-Շարունակեք միտքը․«Չի կարելի գլուխ դնել այն մարդու հետ, որը…»
-Արժանի չէ քո ժամանակին։
-Դուք փնտրում եք երջանկությո՞ւն, թե՞ իմաստ։
-Ցավոք, իմաստ: Երջանկության աղբյուրներ գտնելն այնքան էլ բարդ չէ, բայց իմաստ գտնելը բավական դժվար է, այդ ճանապարհը բարդ է։ Որքան մեծանում ես, այնքան ուզում ես հասկանալ՝ ինչու ես ծնվել եւ ինչու ես ապրում։
-Մասնագիտություն, որը միշտ գրավել է Ձեզ։
-Խոհարարություն։ Առհասարակ, շատ եմ սիրում պատրաստել, դա իմ ամենամեծ հոբբին է։ Ժամանակ առ ժամանակ պատրաստում եմ։ Ինձ ասում են, որ ամենալավը ստացվում է կիսահում սթեյք պատրաստել։
-Կնոջ մեծագույն հմայքը։
-Խելացի լինելը։
-Ստացվու՞մ է ամենանյարդային պահերին նայել հումորով։
-Ցավոք, ոչ։ Փորձում եմ ամեն ինչին ծիծաղով վերաբերվել, բայց սթրեսային պահերին հումորիս զգացումը կորցնում եմ։
-Բարեկամասե՞ր եք, թե՞ ընկերասեր․ո՞րն է Ձեզ առավել բնորոշ։
-Ընկերասեր եմ։ Դե բարեկամներին, ցավոք, չեն ընտրում, ամեն տեսակ մարդ էլ լինում է նրանց մեջ։ Իհարկե, իմ բախտը բերել է, բոլորն էլ լավ մարդիկ են։
-Վախ ունե՞ք, որ Ձեր կյանքը կարող է անցնել կայարանում, այսինքն՝ ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի սպասելով։
-Այո, սպասելն ահավոր բան է։ Հատկապես մասնագիտության բերումով ստիպված եմ անընդհատ սպասել մե՛կ հոլովակի թողարկմանը, մե՛կ ալբոմի, մե՛կ բեմ բարձրանալուն եւ այդպես շարունակ
-Եթե հանգստանալ, ապա…
-Բնության գրկում։
-Հաճա՞խ եք զղջում Ձեր ընտրության համար։
-Ոչ։
-Ձեզ համարու՞մ եք մանրուքներով ուրախացող մարդ։
-Այո, շատ հասարակ բաներով եմ ուրախանում։ Կարող է անգամ քունս փախչի մի փոքր բանի համար, որն ինձ ուրախացրել է։
-Ձեր կյանքի երեք ամենապայծառ կետերը։
-Ընտանիք՝ ծնողներս, քույրս, արվեստ եւ կենդանիներ։
–Երբեւէ Ձեզ թվացե՞լ է, որ Ձեր սեփական կյանքին կողքից եք նայում։
-Հիմնականում դա իմ նպատակն է։ Փորձում եմ դրսից տեսնել ինձ եւ գնահատել արարքներս։ Ինձ թվում է՝ դա ամենակարեւոր բաներից մեկն է։ Չգիտեմ՝ վերջիվերջո հաջողվում է դա ինձ, թե ոչ։
-Ձեր մասին լսած ամենազվարճալի բամբասանքը։
-Ասում են, թե իբր սատանիստ եմ (ծիծաղում է)։
-Ձեր թշնամիները պետք է իմանան, որ…
-Պայքարող տեսակ եմ։
-Բեմի հետ կապված մի բան, որ երբեք չեք համաձայնի։
-Պարել բեմում։
-Լավ ընկերը նա է, ով…
-Սուսուփուս լալիս է, երբ դու մահանում ես, ոչ թե զանգահարում է ինչ-որ մեկին։
– Ինչ է լինի, Դուք գիտեք, որ…
-Կյանքը կարճ է…
Աննա Բաբաջանյան