Սկզբում ոգևորված էի, հիմա միևնույն է. Արմոն՝ հեղափոխության և դրան հաջորդած մտքերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ինձ համար անհասկանալի է, թե  ինչու քաղաքի շատ պրիմիտիվ խնդիրներ  իրենց լուծումը չեն ստանում, բայց ինչ-որ մեկին բռնել, տանել, փակելը լավ ստացվում է: Անկեղծ ասած՝ եթե ամիսներ առաջ ոգեւորված էի քաղաքական դաշտի փոփոխություններով, ապա հիմա ինձ համար ամեն բան միեւնույն է»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց երգիչ Արմոն:

Նրան Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններն այնքան էլ չեն հետաքրքրում, թեեւ ասում է, որ հնարավոր է՝ վերջին պահին որոշի մասնակցել: Ամեն դեպքում, Արմոյին շատ է հուզում, օրինակ, քաղաքի աղբահանությանն առնչվող  խնդիրը: Նա չի հասկանում՝ ինչու պետք է  ավագանու ընտրությունները լինեն, նոր ինչ-որ մարդիկ սկսեն զբաղվել կամ չզբաղվել այդ խնդրով. «Շրջում եմ Երեւանի բակերով եւ իսկապես մտահոգվում եմ մեր երեխաների առողջությամբ. ամենուրեք աղբ է, բոլոր թաղամասերում այդ խնդիրը կա:

Չեմ հասկանում՝ դժվա՞ր է այդ պրիմիտիվ խնդրին լուծում տալ: Եթե պետք է, կարող ենք ամեն մեկս մեր չափով ֆինանսապես աջակցել, ես ինքս պատրաստ եմ ներդրում կատարել: Եթե վաղը մեր երեխաները դրա պատճառով մի լուրջ հիվանդություն ձեռք բերեն, ո՞վ է պատասխան տալու: Թող քաղաքապետի թեկնածուներից ամեն մեկն իր չափով մտածի սրա մասին: Չմոռանանք նաեւ, որ բացի մեր քաղաքացիներից Երեւան այցելում են նաեւ զբոսաշրջիկներ: Որքանո՞վ է հաճելի  նրանց այս դեմքով ներկայանալը»,-մեկնաբանեց Արմոն:

Մենք մի փոքր զրուցեցինք նաեւ գործնական պլաններից: Հարցին, թե ինչու վերջին շրջանում չի երեւում էկրաններին, Արմոն կատակով պատասխանեց. «Մի քանի ամսով հեռացել եմ շոու-բիզնեսից, կվերադառնամ»:

Նա տեղեկացրեց, որ պատրաստվում է իր հեղինակած նոր երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանել: Այն, ի տարբերություն երգչի նախորդ մի շարք ստեղծագործությունների, պարային բնույթի գործ չէ,ավելի հանգիստ եւ մեղեդային երգ է սիրո մասին:

Անի Անտոնյան




Լրահոս