Եթե օրերս պատահաբար չլուսանկարեինք Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի Սեւանա լճի ափին գտնվող ամառանոցը, գուցե «Էլիտար թշվառներ»-ի շրջանակներում չանդրադառնայինք նրան: Բայց դե եղածը եղած է, նա ինքը իր ամառանոցով հայտնվեց մեր ուշադրության կենտրոնում: Ծանոթանալով մարզպետ Պողոսյանի կենսագրությանը, առանձնապես ոգեւորիչ բաներ այնտեղ չհայտնաբերեցինք. «մարզի կառավարիչը» Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտի շրջանավարտ է, մասնագիտությամբ` միջնակարգ դպրոցի ընդհանուր տեխնիկական առարկաների ուսուցիչ: Սակայն երբեւէ իր մասնագիտությամբ չի աշխատել. եղել է ««Սիրիուս» գործարանի կնիքողը» (վերջին հատվածը մեջբերում է նրա պաշտոնական կենսագրությունից): Եւ քանի որ լավ է կնքել, ընդունվել է ՀՀ ոստիկանության համակարգ եւ տարբեր պաշտոններ զբաղեցրել` հասնելով գնդապետի կոչման: Ու չնայած նրա աղքատիկ կենսագրական տվյալներին (կրթության մասով), Պողոսյանը բազմաթիվ պարգեւների է արժանացել` ՍՍՀՄ ժամանակներից սկսած: Նվեր Պողոսյանը Գեղարքունիքի մարզպետ է նշանակվել 2007-ից` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քվոտայով: Մինչ այդ, Պողոսյանը հավանաբար կերազեր Սեւանի ափին անգամ «բուտկա» ունենալու մասին: Բայց այսօր մի ողջ ամառանոցի սեփականատեր է: Ու թեեւ ՀՀ Կառավարության հատուկ որոշմամբ է թույլտվություն տրվում Սեւանի ափին որեւէ հիմնական շինություն կառուցելու, այնուամենայնիվ մարզպետը հաջողացրել է ցեխ շաղախել ու բավականին մեծ հողատարածքի վրա ամառանոց կառուցել` իր ցանկապատով, պահակակետով, բավականին թանկարժեք դարպասներով, անգամ նոր թափած ասֆալտով: Առաջին էջի մեր լուսանկարն ուշադիր նայելիս կարելի է հասկանալ, թե մոտավորապես քանի ծառ է հատել գնդապետ մարզպետը` իր հաճույքի օբյեկտը կառուցելու համար: Նրա առանձնատան առջեւի եւ հետեւի մասերում խիտ եղեւնիներ են, որոնց «ընկերները զոհվել» են Պողոսյանի գործուն ջանքերով: «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ ՀՀ բնապահպանության նախարարության Կենսառեսուրսների վարչության պետ Արտաշես Զիրոյանի հետ` պարզելու, թե ո՞վ է մարզպետ Պողոսյանին թույլ տվել Սեւանի ափին գրեթե կպած հիմնական շինություն կառուցել: «Ես անկեղծ ասած տեղյակ չեմ, ասեմ որ դրանք համայնքային հողեր են, դրանք արդեն Սեւան Ազգային Պարկի մեջ չեն մտնում: Բայց հիշեցնեմ, որ միայն թույլատրվում է 1905 մետրից բարձր նիշի վրա շինություն կառուցել»,- նշեց Զիրոյանը: Զանգահարեցինք նաեւ մարզպետ Նվեր Պողոսյանին` պարզելու, թե ի՞նչ թույլտվությունների հիման վրա է իրականացրել շինարարությունը: «Դա ոչ թե իմ, այլ իմ տղայի առանձնատունն է, իրեն հարցրեք»,- ի պատասխան տեղեկացրեց մարզպետը: Մեր հարցին, թե ինքը, այնուամենայնիվ, որպես մարզպետ տեղյակ չէ՞, թե Սեւանա լճի ափին` Շորժայի հատվածում, ինչ շինարարություն է իրականացվել, մարզպետն ասաց. «Զանգահարեք իմ տղային»: Եւ այս խոսքերը նա ասում էր բավականին դանդաղ` հավանաբար այդ ընթացքում հասցնելով զանգահարել որդուն` զգուշացնելու, որ լրագրողներից պետք է իրեն զանգահարեն: Դա էր պատճառը, որ Նվեր Պողոսյանի երիտասարդ տղան այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին` ավելի անհարմար վիճակի մեջ դնելով հորը եւ պարզապես մատնելով, որ ամառանոցն ընդամենը իր անունով է ձեւակերպված:Ինչեւէ, այսքանով սահմանափակենք Նվեր Պողոսյանի ամառանոցի թեման` խորը թերահավատություն ունենալով նրա ասածների նկատմամբ: Առանձին հրապարակումներով կանդրադառնանք նաեւ Նվեր Պողոսյանի գործունեությանը, որտեղից պարզ կլինի, թե ինչ գումարներով է ՀՀ պետական պաշտոնյան առանձնատուն կառուցել Սեւանի ափին:ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ
ՄԱՐԶՊԵՏԻ ՈՒՆԵՑՎԱԾՔՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ