ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե աշխատակցի հետ առողջության ապահովագրության պայմանագիրն ի՞նչ ժամկետով է կնքվում. ե՞րբ է այն ուժի մեջ մտնում: Եվ խնդրում եմ ասեք` սոցփաթեթի հաշվում առկա դրամական միջոցները ե՞րբ է հնարավոր կանխիկացնել:
Լիդա Պետրոսյան (35 տարեկան, մանկավարժ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ առողջության ապահովագրության պայմանագիրը կնքվում է 365 օր ժամկետով: Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ապահովագրական ընկերությանն ապահովագրավճարի կամ դրա` պայմանագրով նախատեսված չափով առաջին մասնաբաժնի վճարման պահից 10 օր հետո, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
Պայմանագրով կարող է նախատեսվել ուժի մեջ մտնելու այլ ժամկետներ, օրինակ` եթե աշխատողը առողջության ապահովագրության պայմանագիր է կնքել հունիս ամսին, ապա նոր պայմանագիրը կարող է կնքվել, օրինակ, փետրվար ամսին, սակայն այն ուժի մեջ է մտնում հունիս ամսին` նախորդ պայմանագրի գործողության դադարման օրը:
Սոցիալական փաթեթի հաշվում առկա դրամական միջոցները հնարավոր է կանխիկացնել կամ փոխանցել ցանկացած ուղղություններով միայն աշխատողի կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու եւ սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի դադարեցման ժամանակ (երբ դադարում է նրա` սոցիալական փաթեթ ստանալու իրավունքը, եւ նրա սոցփաթեթի հաշվին առնվազն երեք ամիս սոցիալական փաթեթի գումարների փոխանցումներ չեն կատարվել) կամ աշխատողի մահվան դեպքում ժառանգի կողմից` սոցփաթեթի հաշվում առկա միջոցներն օրենքին համապատասխան ժառանգաբար նրան անցնելու դեպքում:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Սոցիալական փաթեթի առաջին գումարի փոխանցումը կատարվում է աշխատողի սոցփաթեթի հաշվին դիմումը ներկայացվելու ամսվան հաջորդող ամսվա առաջին 5 աշխատանքային օրերի ընթացքում:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում: