Երեւանի քաղաքապետի բոլոր թեկնածուները թատերական սքեչերիս համար լավ նյութեր են տալիս. Հայկ Պետրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններն էապես տարբերվելու են նախորդ ընտրություններից, քանի որ հիմա թեկնածուների շրջանում առկա է իրական մրցակցություն, եւ «կրկեսային» կանխատեսելի իրավիճակների անձամբ ես չեմ սպասում: Դա արդեն մեծ տարբերություն է, մեծ առաջընթաց»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց դերասան, հումորիստ Հայկ Պետրոսյանը: 

Երեւանի ավագանու ընտրություններում ներգրավված քաղաքական ուժերի ներկայացուցիչների շրջանում Հայկը բազմաթիվ ընկերներ ունի. «Նրանք շատ սրտացավ, քաղաքը սիրող մարդիկ են, եւ ես ողջունում եմ նրանց մասնակցությունն ընտրություններին»,-ասաց դերասանը:

Հայկը որոշ չափով ծանոթ է ավագանու թեկնածուների նախընտրական ծրագրերին, սակայն շեշտում է՝ խոստումները մի բան են, դրանք իրականացնելը՝ մեկ այլ: Դերասանը դիտել է նաեւ կուսակցությունների եւ դաշինքների նախընտրական հոլովակները. «Դրանց, իհարկե, պետք չէ մեծ նշանակություն տալ, քանի որ, օրինակ, մեր երգարվեստում էլ ունենք ներկայացուցիչներ, որոնք հանդես են գալիս փայլուն հոլովակներով, սակայն նրանց ներկայացրած երգը գեղարվեստական առումով եւ իր էությամբ ոչինչ է, գրոշի արժեք չունի: Նույնը կարող է քաղաքապետի թեկնածուների դեպքում լինել»,-նկատեց մեր զրուցակիցը:

Մենք հետաքրքրվեցինք՝ Հայկը կցանկանա՞, որ Երեւանը կին քաղաքապետ ունենա. «Ես չեմ կարեւորում՝ քաղաքապետը կին  կլինի, թե տղամարդ: Ի դեպ, ես չեմ կարող պրոֆեսիոնալ կարծիք հայտնել քաղաքական որեւէ հարցի շուրջ, ինչ ասում եմ՝ որպես քաղաքացի եմ ասում: Բայց կարող եմ մի բան հաստատ պնդել՝ Երեւանի  քաղաքապետի բոլոր թեկնածուները թատերական սքեչերիս համար լավ նյութեր են տալիս, այնպես որ, առաջիկայում իմ ներկայացումներում կտեսնեք  համապատասխան անդրադարձ»,-ծիծաղելով եզրափակեց Հայկը:

Աննա Բաբաջանյան

 




Լրահոս