Ավագանու ընտրությունների արդյունքում պայթեց «առյուծածին» երկրորդ քաղաքական ուժի հզորության միֆը. Եղիշե Պետրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնի է, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է Երեւանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները: «Իմ քայլը» դաշինքն ստացել է քվեարկությանը մասնակցած 370365 քաղաքացիների 81.1% ձայնը: Երկրորդ տեղում «Բարգավաճ Հայաստանն է», որի օգտին քվեարկել է քաղաքացիների 7%-ը: Երրորդ տեղում «Լույս» դաշինքն է՝ 5 %-ով: «Ժողովուրդ» օրաթերթը ընտրությունների արդյունքի, ընդհանուր տպավորությունների եւ սպասելիքների մասին զրուցել է Երաժիշտ, երգահան Եղիշե Պետրոսյանի հետ:

Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ ժողովուրդը պահանջում է հեղափոխության շարունակությունը: Քաղաքացիները եւս մեկ անգամ հաստատեցին, որ տեր են Նիկոլ Փաշինյանին եւ իր թիմին տրված մանդատին եւ որ դեռ միայն նրան են վստահում հեղափոխության շարունակությունն ու երկար սպասված արդյունքի հաստատումը: Ես նույնիսկ մտավախություն ունեի, որ «Իմ քայլը» դաշինքը կարող էր հավաքել ձայների ասենք 95%-ը (ծիծաղում է):

Իհարկե, ինձ համար ավելի գերադասելի կլիներ, եթե այդ ջախջախիչ մեծամասնության մասը կազմեին բոլորիս քաջ հայտնի, տարիներ շարունակ պայքարի կիզակետում պայքարող ուժերը եւս: Բայց, ինչ արած, սա է ժողովրդի կամքը: Ժողովուրդն այլեւս զարթնել է, գիտակցում է, թե ինչ պետք է անի, եւ փառք Աստծո, որ այդպես է: Ինչ խոսք, այս արդյունքները գրանցելուն մեծապես նպաստեցին թավշյա հեղափոխությունն ու նրա լիդերը՝ Նիկոլ Փաշինյանը: Անշուշտ, չի կարելի անտեսել նաեւ Հայկ Մարությանի և նրա գլխավորած թիմում ընդգրկված շատ ու շատ ինձ հայտնի մաքուր մարդկանց գործոնը: Ինչ վերաբերում է քաղաքական մյուս ուժերին, հայտնի դարձավ, որ, օրինակ, ՕԵԿ-ը հավաքել է 1.1% ձայն:

Իսկ ես կարծում էի, որ այդ կուսակցությունը խելք կունենար եւ չէր մասնակցի նաեւ այս ընտրություններին: Ժողովրդի հիշողությունը դեռ թարմ է: Իսկ ամենակարեւոր բաներից մեկը, որ տեղի ունեցավ, այն էր, որ ընտրությունների արդյունքում պայթեց «առյուծածին» երկրորդ քաղաքական ուժի հզորության եւ նրա նկատմամբ համայն ժողովրդի անմնացորդ սիրո միֆը: Պարզվեց, որ այդ ուժը մաքուր ընտրությունների պայմաններում Երեւանում կարող է հավակնել ընդամենը 7 % ձայնի: Հիմա մեր երկիրը նման է ժայթքող հրաբխի, այդ ժայթքման երկունքը պետք է ձգվի մինչեւ խորհրդարանական արտահերթ ընտրությունների ավարտը եւ նոր, արդեն երկար ծանր ու թեթեւով ձեւավորված կառավարության ընտրությունը: Այդ ժամանակ կպարզվի, որ երկիրը երկիր է, մենք էլ ֆանտաստիկ ժողովուրդ ենք:

Աննա Բաբաջանյան




Լրահոս