Ինչպես արդեն հայտնի է, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է Երեւանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները: «Իմ քայլը» դաշինքն ստացել է քվեարկությանը մասնակցած 370365 քաղաքացիների 81.1% ձայնը: Երկրորդ տեղում «Բարգավաճ Հայաստանն է», որի օգտին քվեարկել է քաղաքացիների 7%-ը: Երրորդ տեղում «Լույս» դաշինքն է՝ 5 %-ով: «Ժողովուրդ» օրաթերթը ընտրությունների արդյունքի, ընդհանուր տպավորությունների եւ սպասելիքների մասին զրուցել է Երգիչ, երգահան Էդուարդ Զորիկյանի հետ:
Իհարկե, սրանք այն ընտրություններն էին, որոնց մասին մենք երազել էինք: Ես կանխատեսել էի, որ «Իմ քայլը» դաշինքն առնվազն 60-65 % ձայն կհավաքեր, բայց, փաստորեն, սպասելիքներս գերազանցվեցին: Մեր երկրում, իսկապես, իրավիճակ է փոխվել: Հիմա ցանկությունս այն է, որ Հայկ Մարությանը ձեւավորի աթոռը, ոչ թե աթոռը՝ իրեն: Կյանքը ցույց է տվել, որ, ցավոք, փափուկ աթոռները մարդկանց ձեւավորելու հատկություն ունեն: Իմ տպավորությամբ՝ Նիկոլ Փաշինյանի պարագայում այդպես չէ, եւ ուրախ եմ, որ քաղաքապետն էլ նրա թիմից է լինելու:
Ամենակարեւորն այն է, որ այն, ինչ խոստացել էր Հայկ Մարությանը, ամբողջ ծավալով կատարվի: Երեւանի քաղաքապետարանն ամենակոռուպացված կառույցներից էր, եւ հիմա շատ դժվար է լինելու այնտեղ կարգ ու կանոն հաստատելը: Որքան ներքեւ ես իջնում, այնքան կոռուպացված մարդկանց քանակն ավելանում է: Ճիշտն այն է, որ կառավարությունը, քաղաքային իշխանությունը վերեւից գործի, ժողովուրդն էլ՝ ներքեւից: Այդ ժամանակ կհասնենք ցանկալի արդյունքին, մանավանդ որ երկուսս էլ նույն բանն ենք ուզում:
Աննա Բաբաջանյան