Երեկ փոփոխություններ են կատարվել դիվանագիտական անձնակազմում: Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Մանվել Բադեյանը հետ է կանչվել Քուվեյթի Պետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից: Մեկ այլ հրամանով Սարմեն Բաղդասարյանը նշանակվել է Քուվեյթի Պետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան: Բացի այդ, Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից էլ ետ է կանչվել Գեղամ Ղարիբջանյանը:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար զանգահարել էր Քուվեյթում արդեն նախկին դեսպան Մանվել Բադեյանին: Պատասխանն, իրոք, ապշեցնող էր. «Ես ՀՀ-ում չեմ: Ռոումինգով եմ խոսում, շատ գումար ա գրում: Էլ էս համարին չզանգեք»,- ասաց պարոն Բադեյանը: Փորձեցինք համառել՝ ասելով, որ կարող ենք զանգահարել վայբերով, սկայպով կամ այլկերպ: Սակայն Բադեյանը հրաժարվեց` անջատելով հեռախոսը:
Երեւի նախկին դեսպանը ծանր է տարել իրեն ետ կանչելու, ասել է, թե աշխատանքից ազատելու լուրը, եւ հիմա որոշել է խնայել ֆինանսական միջոցները` շեշտելով, որ ռոումինգով «շատ գումար ա գրում»: Միայն թե, «շատ գումար գրելու» մասին խոսում է մի անձնավորություն, որ պատկառելի հարստության տեր է:
«Ժողովուրդ» օրաթերթը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով Մանվել Բադեյանի ներկայացրած հայտարարագրից պարզեց, որ նա ունի 497 մլն ՀՀ դրամ, 812 հազար ԱՄՆ դոլար եւ 40 հազար եվրո: Միաժամանակ Բադեյանը հայտարարագրել է անհատական բնակելի տուն եւ բազմաբնակարան շենքում բնակարան: Իսկ մեկ բնակարան էլ նա նախորդ տարում օտարել է 72.4 մլն ՀՀ դրամով: Նախորդ տարում Բադեյանի փոխառություններն էլ կազմել են 1.6 մլն դրամ: Նա որպես եկամուտ հայտարարագրել է շահաբաժինը՝ 18.4 մլն դրամ, տրված փոխառությունների դիմաց ստացած տոկոսները՝ 105.7 հազար դոլար, եւ աշխատավարձը՝ 36 հազար եվրոյի չափով: Մեկ հիշեցում էլ՝ ըստ շրջանառվող լուրերի` Բադեյանին է պատկանում «Եվրոստան ույուտ» ձեռնարկությունը:
Եւ ահա նման հարստության տեր անձնավորությունը հեռախոսազրույցից խուսափում է՝ պատրվակ բռնելով, որ «ռոումինգով է խոսում, շատ գումար ա գրում»:
Հիշում եք՝ 90-ականների սկզբում հայտնի սերիալ կար «Հարուստները նույնպես լաց են լինում» անվամբ: Այդ սերիալի սցենարիստներին, թերեւս, չէր խանգարի իմանալ այս պատմությունը. միգուցե նրանք նույն անվամբ մեկ այլ ֆիլմ նկարեին` դե, իհարկե, չմոռանալով պատմել Մանվել Բադեյանի՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր եղած ժամանակվա մասին եւս, երբ ծառայողական մեքենայի ամենափոքր դետալն անգամ վերանորոգում էր ՀՀ պետբյուջեի հաշվին:
Լուսինե Մինասյան