Դե վերջ, էդ ա. ՕԵԿ փոխնախագահը՝ ավագանու ընտրությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համամասնական ընտրակարգով Երեւանի ավագանու առաջին ընտրությունները տեղի են ունեցել 2009 թվականին, որին մասնակցող 7 ուժերից մեկը ՕԵԿ-ն էր: Լինելով այն ժամանակ իշխող կոալիցիայի անդամ, տիրապետելով ֆինանսական ու վարչական լուրջ ռեսուրսների (որոնք, բնականաբար, գործածվել են), վայելելով իշխող ՀՀԿ աջակցությունը` ՕԵԿ-ին հաջողվեց ստանալ 20 հազար 160 ձայն. իհարկե, այն ժամանակ էլ դա բավարար չեղավ, որ ՕԵԿ-ը Երեւանի ավագանու կազմում ընդգրկվի:

Ավագանու հաջորդ ընտրություններին, որոնք տեղի ունեցան 2013 թվականին, այն ժամանակ էլ ՕԵԿ-ը կոալիցիայի անդամ էր, ու այն ժամանակ էլ նրանք ձախողվեցին. չորս տարում ՕԵԿ-ը ձայների լուրջ կորուստ ունեցավ. 2013թ. գործածելով վարչական ու ֆինանսական ռեսուրսները` հաջողվել էր հավաքել 15 հազար 732 ձայն: Երեւանի ավագանու 2017-ին տեղի ունեցած ընտրություններին ՕԵԿ-ը չմասնակցեց. մեկ ամիս առաջ տեղի ունեցած ԱԺ ընտրություններում ՕԵԿ-ին չէր հաջողվել հավաքել խորհրդարանում հայտնվելու համար նվազագույն 5 տոկոսի շեմը, եւ նրանք ուշքի չէին եկել տապալումից: Ուստի ՕԵԿ-ը չմասնակցեց 2017թ. Երեւանի ավագանու ընտրություններին: Փոխարենը այս տարի նրանք մասնակցեցին Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին. տեղի էր ունեցել թավշյա հեղափոխություն, նոր իշխանությունն ընտրությունները կազմակերպեց լիովին ազատ եւ արդար, եւ այս պայմաններում ՕԵԿ-ը ստացավ ընդամենը 3 հազար 948 քվե: Իհարկե, այսքանից հետո ՕԵԿ-ը, ինչպես նաեւ մի շարք այլ կուսակցություններ, ճիշտ կանեն մտածեն ինքնալուծարման մասին, այլապես ընտրություններում նրանք ստանալու են հազիվ 1-2 տոկոս քվե: Ի վերջո, ինչպես ցույց են տալիս մի քանի տարիների ցուցանիշները, «Օրինաց երկիր» կուսակցության վարկանիշն արագորեն անկում է ապրում:

Ինչեւէ: «Ժողովուրդ» օրաթերթը այս եւ Երեւանի ավագանու ընտրություններին վերաբերող մի քանի հարցերի շուրջ զրուցեց «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանի հետ:

-Տիկի՛ն Բիշարյան, ընտրությունների արդյունքներն արդյոք սպասելի՞ էին Ձեզ համար:

-Իսկ Դուք ի՞նչ եք կարծում` ի՞նչ պետք է պատասխանեմ Ձեր հարցին:

-Պարզապես ուզում ենք հետաքրքրվել` սպասո՞ւմ էիք, որ հազիվ 3 948 ձայն կհավաքեք:

-Ընտրությունները բացարձակապես ընթանում էին հեղափոխության էյֆորիայի տակ: Բնական է: Հեղափոխությունից հետո միշտ էլ էդպես է լինում: Ամենագլխավոր խնդիրն այն է, որ ընտրություններին մասնակցեց Երեւան քաղաքի բնակչության 43 տոկոսը:

-Այնուամենայնիվ, ո՞րն է պատճառը, որ այդքան քիչ ձայն հավաքեցիք:

-Իսկ ո՞վ ամենաշատ ձայները հավաքեց:

-«Իմ քայլը» դաշինքը:

-Դե վերջ, էդ ա: Ես գտնում եմ, որ ժողովուրդը պարզապես ընտրության չգնաց: Ի վերջո, 40 տոկոս մասնակցություն է եղել: Այսինքն` ընդամենը 30 տոկոսն է իր ձայնը տվել «Իմ քայլ»-ին: Մասնակցությունը եղել է հանուն «Իմ քայլի» թեկնածուի: Մեծ մասը չմասնակցեց, դրա համար էլ մյուսները չկարողացավ ձայներ հավաքել:

-Կուսակցություններ կան, որ սրանից հետո մտածում են ինքնալուծարման մասին: «ՕԵԿ»-ը մտածո՞ւմ է այդ ուղղությամբ:

-Կարծում եմ` սուտ եւ անհեթեթ ինֆորմացիա է: Նման բան չկա: Մենք էլ բնականաբար չենք մտածում այդ մասին:

-Խորհրդարանական ընտրություններին մասնակցեցիք «Հայկական վերածնունդ» կուսակցությամբ, ավագանու ընտրություններում` «ՕԵԿ»-ով: Ուրիշ ի՞նչ տարբերակով եք պատրաստվում մասնակցել մյուս ընտրություններին:

-Կլինի՞, որ դա մենք որոշենք: Թողեք, մենք կորոշենք:

Լուսինե Մինասյան




Լրահոս