Երեւանի ավագանու ընտրություններում խախտումների վերաբերյալ նախապատրաստվող թվով 5 նյութեր մերժվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում և Երևան քաղաքի վարչական շրջանների քննչական բաժիններում 2018թ. սեպտեմբերի 27-ին՝ ժամը 24-ի դրությամբ, ստացվել է 30 հաղորդում-ահազանգ՝ սեպտեմբերի 23-ին Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։

Ինչպես հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից, 27.09.2018 թվականի դրությամբ Երևան քաղաքի վարչական շրջանների քննչական բաժինների վարույթում նախապատրաստվող 30 նյութերից 5-ը մերժվել է:

Մասնավորապես՝ նյութերի նախապատրաստման արդյունքում ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի վարույթում նախապատրաստվող թվով երկու և Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի վարույթում նախապատրաստվող թվով երեք նյութերով մերժվել է քրեական գործ հարուցելը՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ սեպտեմբերի 23-ին նախատեսված Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ ՔԿ իրավասությանը վերաբերող հաղորդումների քննարկումների օպերատիվ կազմակերպումը, քննությունն առավել փորձառու քննիչների կողմից իրականացումը համակարգելու նպատակով։




Լրահոս