Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին ելույթ ունենալիս հետաքրքիր շեշտադրումներ է արել: Մասնավորապես, անդրադառնալով իր վարչապետ ընտրվելուն ու թավշյա հեղափոխությանը` նա նշել է. «Ես վարչապետ ընտրվեցի մի խորհրդարանում, որտեղ ունեի ընդամենը չորս վստահելի ձայն»:
Համաձայնեք` սա հետաքրքիր նրբերանգներ ունի, քանի որ փաստորեն այդպես նա ընդգծում է, թե «Ելք» խմբակցության իր մյուս գործընկերները վստահելի չեն: Մասնավորապես, վարչապետի ընտրության օրը «Ելք» խմբակցության անդամներն էին Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Լենա Նազարյանը, Արարատ Միրզոյանը, Մանե Թանդիլյանը, Արտակ Զեյնալյանը, Էդմոն Մարուքյանը, Գեւորգ Գորգիսանը եւ Արամ Սարգսյանը: Ստացվում է` այն ժամանակվա համար չորս վստահելի ձայն ասելով` նա բացի իրենից նկատի է ունեցել Սասուն Միքայելյանին, Արարատ Միրզոյանին եւ Լենա Նազարյանին, այսինքն ՔՊ-ականներին:
Սակայն հետաքրքիր է, որ ամեն դեպքում այդ ոչ վստահելի ձայներից երկուսին` Մանե Թանդիլյանին եւ Արտակ Զեյնալյանին, ընդգրկել է իր կառավարության կազմում: Երեկ այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Էդմոն Մարուքյանը նշեց. «Հարցրեք Փաշինյանին, միայն ինքը կարող է մեկնաբանել այն, ինչ նկատի է ունեցել: Փաստն այն է, որ Մայիսի 1-ին նա վարչապետի թեկնածու է առաջադրվել «Ելք» խմբակցության կողմից միաձայն»: