ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ը` ՄԵԿ ԱՇԱԿԵՐՏՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում տարեցտարի ավելանում է այն գյուղերի թիվը, որտեղ դպրոցները փակվում են: Արտագաղթի ու սոցիալական ծայրահեղ ծանր պայմանների հետեւանքները կրում են նաեւ կրթական օջախները: Արդյունքում Հայաստանի բազմաթիվ դպրոցներում, որոնք մեծամասամբ գտնվում են գյուղերում, այս տարի առաջին դասարանցիների համար սեպտեմբերի 1-ի զանգը կա՛մ չի հնչի, կա՛մ էլ կհնչի, բայց 1-2 աշակերտի համար:

«Ժողովուրդ» օրաթերթը որոշ գյուղապետերից հետաքրքրվեց, թե ինչպիսի պատկեր է ստեղծվել իրենց գյուղում եւ այս տարի առաջին դասարանի քանի աշակերտ են ունենալու: Պարզվում է, մեկ տասնյակից ավելի գյուղերում սեպտեմբերի մեկը սովորական, ոչնչով չտարբերվող օր է լինելու, քանի որ որոշ գյուղերում դպրոց, որոշներում էլ գրեթե աշակերտ չկա:
Օրինակ` ՀՀ Արագածոտնի մարզի Արեւուտ գյուղում այս տարի առաջին դասարան կհաճախի ընդամենը մեկ աշակերտ: Արեւուտի գյուղապետ Ֆայզո Ամոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մեծ ափսոսանքով նկատեց, որ անցած տարում առաջին դասարանի աշակերտները երկուսն էին, իսկ այս տարի ընդամենը մեկը: «Գյուղի դպրոցի աշակերտների թիվը ընդհանուր 14-ն են: Մարդիկ գնացել են Ռուսաստան, բնակություն են հաստատել, աշխատանք են գտել, այստեղ անելու ոչինչ չունեն: Բայց տարիներ առաջ դպրոցի աշակերտների թիվը 80-ից անցել է»,- հիշեց գյուղապետը: Նա միաժամանակ նկատեց, որ եթե դպրոցը փակվի, ապա գյուղի աշակերտները չեն կարող հաճախել հարեւան գյուղի դպրոց, քանի որ ձմռան ամիսներին ճանապարհները փակվում են առատ ձյան պատճառով եւ անանցանելի են դառնում:
Նույն մարզի Վարդաբլուր գյուղում առաջին դասարանի աշակերտ մեկն է, բայց հաճախելու է ոչ թե գյուղի, այլ հարեւան Ծաղկահովիտի դպրոց: Նշենք, որ Վարդաբլուրը խոշորացված համայնք է, իսկ համայնքային կենտրոնը Ծաղկահովիտն է: «Ափսոս, որ Վարդաբլուրում երեխա չկա: Այս գյուղը դատարկվել է: Միջնակարգ դպրոց ունեն, լավ սարքած է, ընտիր դպրոց է, բայց աշակերտների թիվը քիչ է»,- «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց Ծաղկահովիտի գյուղապետ Նորաին Հակոբյանը:
ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշեն գյուղում այս տարի առաջին դասարանի աշակերտ երկուսն են, իսկ նախորդ տարի չորսն էին: Տուֆաշենի գյուղապետ Արտակ Եգորյանի խոսքերով` այս ամենի պատճառը գյուղում ծնունդների թվի զգալի նվազումն է:
Վայոց Ձորի մարզի Սարավանում առաջին դասարանցի մեկն է: Սարավանի վարչական ներկայացուցիչ Ռազմիկ Վարդանյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով այս խնդրին, հայտարարեց. «Ծնելիության տոկոսը ընկել է, մարդիկ չեն ամուսնանում: Աշխատատեղ չկա, չեն կարողանում ընտանիք պահել, դրա համար էլ չեն ամուսնանում: Շատ ցավալի է, բոլոր գյուղերում նույնն է, նույն խրոնիկական հիվանդությունը: Ամեն բան անում ենք, որ պայմանները բարելավենք, գյուղում խաղահրապարակ կա, կառատեի դպրոց անգամ ունենք, փողոցները ասֆալտապատված են, ջրագծերը նոր են, ուղղակի աշխատատեղ չկա: Այս ամենը բավարար չէ, որ գան, ապրեն»:
Նույն մարզի Սերս համայնքի վարչական ներկայացուցիչ Բաբկեն Մուրադյանի խոսքերով` այս տարի առաջին դասարանի ընդամենը մեկ աշակերտ կա: «Բոլորը գնացել են, դուրս են եկել գյուղից: Հիմա դպրոցն ունի 8 աշակերտ, բայց տարիներ առաջ 80-100 էին»,- նկատեց Բ. Մուրադյանը: Ապա զրույցի ընթացքում փոխանցեց, որ թեեւ առաջին դասարանցի մեկ աշակերտ ունեն, բայց սեպտեմբերի 1-ը անպայման տոնելու են:
Արմավիրի մարզի Կողբավան համայնքն էլ մի քանի տարի է, ինչ դպրոց չունի, իսկ աշակերտները հաճախում են հարեւան Վանադ գյուղի դպրոց: Կողբավանի գյուղապետ Սերոբ Սերոբյանը «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց, որ իրենց գյուղը այս տարի առաջին դասարանի աշակերտ չունի: Իսկ ահա Սյունիքի մարզի Շրվենանց համայնքում դպրոցը արդեն մի քանի տարի է, ինչ փակված է, մինչդեռ տարիներ առաջ այն ունեցել է 400 աշակերտ: Նույն վիճակում է նաեւ Արագածոտնի մարզի Օթեւան համայնքը: Իսկ ահա Շիրակի մարզի Լեռնագյուղ համայնքը 14 տարի է` ո՛չ աշակերտ ունի, ո՛չ էլ դպրոց:
Եթե արտագաղթը մեր հանրապետությունում նման տեմպերով շարունակվի, ապա հաջորդ սեպտեմբերին կավելանա փակված դպրոցներ ունեցող գյուղերի թիվը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՋՐԻ ԽՆԴԻՐ
Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Վրաստանին սահմանակից Բագրատաշեն եւ Դեբեդավան գյուղերում խմելու ջրի հիմնահարցը դարձել է լուրջ խնդիր: 2016թ. սեպտեմբերի 18-ից այդ գյուղերը խոշորացված Այրում համայնքի մաս են կազմում: 2800 բնակիչ ունեցող Բագրատաշենի խմելու ջրի պոմպակայանը գտնվում է Դեբեդ գետից 3մ հեռավորությամբ, բագրատաշենցիները խմում են գրունտի մեջ ներծծված Դեբեդի ջուրը: Խորհրդային տարիներին Բագրատաշենի խմելու ջրի պոմպակայանը գտնվել է գետից 25մ հեռավորությամբ: Դեբեդի մեջ մեծ է Լոռու հանքարդյունաբերական ձեռնարկությունների արտանետած ծանր մետաղների` պղիձի, կապարի, արճիճի եւ այլնի պարունակությունը, այդ մետաղները մարդու օրգանիզմում կուտակվելու, քաղցկեղածին հատկություն ունեն: Բագրատաշենին մատակարարված խմելու ջուրը կոշտ է, այն եռացնելուց հետո թեյնիկի հատակին մեծ քանակի կիր է գոյանում: Բագրատաշենի շատ բնակիչներ այլ բնակավայրերից մեքենաներով խմելու ջուր են ներկրում: Բագրատաշենի վարչական ղեկավար Արկադի Մակյանը հայտնեց, որ գյուղին խմելու ջուրը մատակարարում է «Տավուշ» ՋՕԸ-ն, որը նույն պոմպակայանով նաեւ ոռոգման ջուր է մղում: Համայնքը մատակարարված խմելու ջրի դիմաց վճարում է ՋՕԸ-ին: 2016թ. ջրային տնտեսության պետական կոմիտեի եւ ԻՖԱԴ-ի ֆինանսավորմամբ Բագրատաշենում կառուցվել է խմելու ջրի ներքին ցանց, վերանորոգվել է օրվա կարգավորիչ ջրամբարը, հաշվիչների համար դիտահորեր են կառուցվել: Արդեն երկու տարի է անցել, ի՞նչն է պատճառը, որ Բագրատաշենի բնակչությանը Ստեփանավանի սարից հոսող որակյալ ջուր չի մատակարարվում: Ա. Մակյանը, մեր հարցին ի պատասխան, ասաց, որ համայնքի ավագանու որոշմամբ գյուղի խմելու ջրի ցանցը հանձնվել է «Վեոլիա ջուր» ընկերությանը, իրենք սպասում են, թե երբ «Վեոլիա ջուր» ընկերությունը Բագրատաշենի խմելու ջրի ներքին ցանցը կընդունի իր հաշվեկշիռ, սպառողների համար ջրաչափեր կտեղադրի, որից հետո բագրատաշենցիները կօգտվեն Ստեփանավանի ջրից: 798 բնակիչ ունեցող Դեբեդավանում բնակվում են Ադրբեջանի Վարդաշենի շրջանի Ճալեթ գյուղից, Կուտկաշենի եւ Խանլարի շրջաններից 1988թ. Հայաստան վերաբնակվածները: Դեբեդավանը գյուղամեջում գտնվող միակ աղբյուրի հույսին է, որի մոտ միշտ հերթեր են գոյանում: Դեբեդավանի վարչական ղեկավար Վանյա Դամիրչյանն ասաց, որ գյուղի տարածքում գտնվող արտեզյան հորից երկու օրը մեկ ջուր է մատակարարվում, սակայն այն պիտանի չէ խմելու համար, բնակիչներն այն օգտագործում են տեխնիկական կարիքների համար: Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը հայտնեց, որ Ստեփանավանի խմելու ջրագիծը հասցված է մինչեւ Դեբեդավան, սակայն գյուղում բացակայում է խմելու ջրի ներքին ցանցը: Նա ասաց, որ իրենք դիմել են կառավարություն, որպեսզի Դեբեդավանում խմելու ջրի ներքին ցանցի կառուցման ծրագիր իրականացվի:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ




Լրահոս