ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԶԲԱՂՎԱԾ Է ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս ամիսներ առաջ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ քրեակատարողական հիմնարկներում բունտ է հասունանում, քանի որ թավշյա հեղափոխությունից հետո մի շարք դատապարտյալներ, կալանավորներ բարձրաձայնում են իրենց առաջադրված մեղադրանքների կամ պատիժների մասին` պահանջելով արդար լուծում: Ու մինչ իրավապահ մարմինները կփորձեին քայլեր իրականացնել, քրեակատարողական հիմնարկներում կասկածելի մահվան դեպքերը հաջորդեցին մեկը մյուսին:

Այսպես` օգոստոսի 10-ին ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում մահացել էր ցմահ դատապարտյալ Արտաշես Հովհաննիսյանը, որը, ըստ ՔԿՀ-ում տարածված տեղեկությունների, մահացել էր սրտի կաթվածից:
Դեռեւս 2015 թվականին Արտաշես Հովհաննիսյանը «Դրո» ահաբեկչական խմբի գործով մահապատժի, ապա ցմահ ազատազրկման դատապարտվածների հետ միասին հացադուլ էր հայտարարել` պահանջելով պայմանական վաղաժամկետ ազատ արձակել իրեն, սակայն, ըստ էության, բողոքը տեղ չէր հասել:
Այս դեպքից կարճ ժամանակ անց «Արմավիր» ՔԿՀ-ում հերթական աղմկալի դեպքերը հաջորդեցին միմյանց: Օգոստոսի 11-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցը, գիշերային շրջայց կատարելիս, հայտնաբերել է կալանավորված անձ Վ. Գ.-ի` պատուհանի ճաղավանդակից իր տաբատի գոտիով կախված դին: Այսքանով ամեն ինչ չավարտվեց. օգոստոսի 12-ի առավոտյան ինքնասպան էր եղել «Արմավիր» ՔԿՀ-ի 5-րդ մասնաշենքի դատապարտյալներից մեկը` Համլետ անունով: Նա խցում միայնակ չի պահվել: Բայց երբ առավոտյան խցակիցը դուրս է եկել զբոսանքի, ինքը հրաժարվել է զբոսանքից: Մնալով խցում մենակ` Համլետը սավանի միջոցով կախվել էր մահճակալից:
Այս դեպքից հետո` օգոստոսի 24-ին, կասկածելի հանգամանքներում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավոր Արարատ Նիկողոսյանը մահացավ: Նիկողոսյանը հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու սպանության գործով գտնվում էր կալանքի տակ:
Այս իրավիճակը ըստ էության մտահոգություն է առաջացրել իրավապահ համակարգի մոտ, եւ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` իրավապահ մարմինները սկսել են կոնկրետ քայլեր իրականացնել` քրեակատարողական հիմնարկներում հնարավոր սարսափելի դեպքերը կանխելու համար:
Մասնավորապես «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` այս օրերին ՀՀ ԱՆ տարբեր քրեակատարողական հիմնարկներ են գնում դատախազության աշխատակիցները եւ հիմնարկի ղեկավար կազմից պահանջում են տրամադրել այն բոլոր կալանավորների եւ դատապարտյալների ցանկը, որոնք դիմումներ են ներկայացրել հիմնարկի ղեկավարությանը՝ պահանջելով հանդիպում իրենց գործով դատախազի կամ ՔԿ հիմնարկի համապատասխան վերահսկողություն իրականացնող դատախազի հետ` իրենց նկատմամբ հարուցված քրեական գործերով լուծում տալու համար:
Արդյունքում` ՔԿ հիմնարկների ղեկավարները դատախազությանն են ներկայացրել այդ դիմումները: Ըստ էության իրավապահ համակարգը կոնկրետ քայլեր է անում, որպեսզի դատապարտյալները կամ կալանավորները տեսնեն, որ իրենց գործերով զբաղվողներ կան, եւ ինքնավնասման չգնան:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ՀՀ գլխավոր դատախազությունից պարզել, թե որքանով է տեղեկությունը համապատասխանում իրականությանը, եւ որն է իրենց այս քայլի նպատակը: Ի պատասխան` ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնեցին. «2018թ. հունիսի 14-ին կայացած ՀՀ դատախազության կոլեգիայի նիստում ՀՀ գլխավոր դատախազի կողմից տրվել է հանձնարարություն` ՀՀ գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի կողմից ՀՀ ԱՆ ՔԿ հիմնարկներում պարբերաբար կազմակերպել դրանցում պահվող անձանց ընդունելություն` նրանց բարձրացրած իրավական բնույթի հարցերին, խնդիրներին ծանոթանալու, դատախազության իրավասությունների սահմաններում եւ հնարավորության դեպքում դրանց օպերատիվ լուծումներ գտնելու, անհրաժեշտության դեպքում իրավական խորհրդատվություն տրամադրելու նպատակով:
Այս հանձնարարականի կատարման շրջանակներում նմանատիպ ընդունելություններ, անհրաժեշտության դեպքում նաեւ այլ դատախազների մասնակցությամբ, արդեն իսկ կազմակերպվել են «Կոշ», «Վանաձոր» եւ «Սեւան» քրեակատարողական հիմնարկներում: Գործընթացը կրում է շարունակական բնույթ, ընդունելություններ են կազմակերպվելու նաեւ մյուս ՔԿՀ-ներում:
Այս շրջանակներում ընդունելությունների նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու համար նախապես ՔԿՀ-ներից պահանջվում եւ ստացվում են ընդունելությանը մասնակցելու ցանկություն հայտնած եւ դիմած դատապարտյալների, կալանավորների տվյալները, ինչը բնական, աշխատանքային գործընթաց է»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

«ՆԱԻՐԻՏԸ» ԹԱԼԱՆՈՒՄ ԵՆ
Այս տարվա ապրիլին հափշտակություն է կատարվել «Նաիրիտ» գործարանից: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Գեղամ Մալխասյանին մեղադրանք է առաջադրվել գործով ինքնությունը չպարզված բանվորի եւ զոդումն իրականցրած Մարտիկ Քամալյանի միջոցով գույքի գաղտնի հափշտակության համար: Նրանք 2018 թվականի ապրիլի 22-ին զոդման եղանակով ապամոնտաժել եւ գողացել են «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերությանը պատկանող, Օդանավակայան 50 հասցեին կից տարածքով անցկացված 480 մետր երկարությամբ, 275 մմ տրամագծով առաջատար խողովակաշարը, որից հետո Շմավոն Մարտիրոսյանի կողմից վարած 34 MM 894 հաշվառման համարանիշի բեռնատար ավտոմեքենայով տեղափոխել եւ թաքցրել են Մասիս քաղաքի Նիզամի գյուղի, Ազատության փողոցի 8-րդ հասցեի տան հարեւանությամբ: Իրավապահները պարզել են, որ «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերությանը պատճառվել է 2 միլիոն 868 հազար 886 դրամ գույքային վնաս: Տեղեկացանք, որ Գեղամ Մալխասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չհեռանալու մասին:

 

 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ԴԵՄ
Սուտ մատնություն տալով` մի խումբ անձինք հայտնվել են ամբաստանյալի աթոռին, այս անգամ սուտ մատնություն են տվել ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժնի պետ Գագիկ Դալլաքյանի եւ վերջինիս օպերատիվ գծով տեղակալ Կարեն Մովսիսյանի դեմ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Գոռ Մանուչարյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին` կատարել է հանցագործության մասին սուտ մատնություն` ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժնի պետ Գագիկ Դալլաքյանին եւ վերջինիս օպերատիվ գծով տեղակալ Կարեն Մովսիսյանին հանիրավի մեղադրելով խոշտանգում կատարելու մեջ: Նա նաեւ ոստիկաններին մեղադրել է ակնհայտ ապօրինի անգործության համար կաշառք ստանալու մեջ: Արդյունքում իրավապահները քննություն են սկսել, եւ պարզվել է, որ քաղաքացու տեղեկությունը սուտ է, եւ փոս փորողը ինքը ընկավ փոսի մեջ: Գոռ Մանուչարյանի նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել, քանի որ նա ազատազրկման է դատապարտված եւ այժմ պատիժը կրում է ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկում:

 

 

ԱՆԴՐԱԴԱՐՁ
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի` Երեւանում արած հայտարարությունն այն մասին, որ Գերմանիան պատրաստ է առավել գործնական աջակցություն ցուցաբերել արցախյան հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվող կողմերին: «Ես կարծում եմ, որ դա պետք է որոշեն անմիջապես հակամարտության կարգավորման գործընթացի մեջ ներգրավված կողմերը: Ամեն բան պետք է արվի` կարգավորման ձեւաչափերի արդյունավետությունը հասկանալով: Այս գործոնների ամբողջության մեջ է պետք դիտարկել նման հայտարարությունները»,-ասել է Զախարովան: Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Անգելա Մերկելը հայտարարել է, որ Գերմանիան պատրաստ է աջակցել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը:

 

 

ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ
Բաքու մեկնած թուրքական Մեջլիսի նախագահ Բինալի Յըլդըրըմն անդրադարձել է ղարաբաղյան հիմնախնդրին: Նա ընդգծել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար նախ պետք է լուծվի հայ-ադրբեջանական հակամարտությունը: «Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները չենք տարանջատում Հայաստան-Թուրքիա հարաբերություններից: Այսինքն` Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորման համար նախ պետք է լուծվեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եղած խնդիրները,-ասել է Յըլդըրըմը: Վերջինս վերահաստատել է պաշտոնական Անկարայի տեսակետը` նշելով.-ադրբեջանական հողերն օկուպացված են Հայաստանի կողմից, եւ անհրաժեշտ է ապահովել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: ԵԱՀԿ-ն, ՄԱԿ-ը եւ այլ կառույցները պետք է ավելի արդյունավետ աշխատեն հարցի լուծման ուղղությամբ: Իզուր է սպասելը, թե առանց այդ խնդիրների լուծման, հարաբերությունները կրկին կբարելավվեն: ՄԱԿ-ը գնալով վերածվում է ազդեցություն չունեցող կառույցի: Այն արդեն ի զորու չէ լուծում տալ միջազգային խնդիրներին: Պատճառը ՄԱԿ-ի կառուցվածքն է, որի միջոցով հնարավոր չէ համընդհանուր խաղաղության հասնել: Այդ մեխանիզմները անպայման պետք է վերանայվեն»,- ասել է Յըլդըրըմը:

 

 

ԽԻՍՏ ՉԻ ԵՂԵԼ
ՀՀ ԿԳ նախարանը, խոսելով այն տեսանյութի մասին, որտեղ ինքը ստուգում է տնօրեններից մեկի անգլերենի իմացության մակարդակը, նշել է, որ մանկավարժի հետ խոսելիս խիստ տոն չկար: Նախարարը նշել է, որ առանձին տեսանյութով պետք չէ դատել երկխոսության մասին: «2 ժամանոց տեսանյութ է, անկաշկանդ գործընկերային զրույց է եղել` կատակներով, մտերիմ փոխադարձումներով: Որեւէ նվաստացման երեւույթ չկա»,-մեկնաբանել է նա: Դիտարկմանը, թե ստուգում եք ուսուցչի գիտելիքները, կասկածո՞ւմ եք, նախարարը պատասխանեց հետեւյալ կերպ. «Ո՛չ, այդպիսի մեկնաբանություն չի կարող լինել: Գործընկերային մթնոլորտում ասվել է` եթե ավարտել եք էդ դպրոցը, արդյոք կարո՞ղ եք ասել անգլերեն այն, ինչ ասացիք. խորքային գիտելիք տվե՞լ է այդ դպրոցը: Էս կառավարությունը շատ է տարբերվում նախորդ կառավարություններից»,-ասել է Ա. Հարությունյանը:




Լրահոս