ԻՐԵՐՆ ԻՐԵՆՑ ԱՆՈՒՆՆԵՐՈՎ ԿՈՉԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարգելի՛ օձունցիներ, որպես Օձուն խոշորացված համայնքի ավագանու անդամ՝ ուզում եմ իմ կարծիքը հայտնել վերջերս Օձունում կատարվող իրադարձությունների մասին, որոշակի պարզաբանումներ տալ Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանի կողմից իմ եւ հորս՝ «Լոռու ջրանցք» ՋՕԸ-ի նախկին տնօրեն Սամվել Ապրեսյանի հասցեին հանիրավի հնչեցված մեղադրանքների վերաբերյալ:

Ի պաշտոնե Օձունի շահերը պաշտպանող վերոհիշյալ անձը նման փաստերի առկայության դեպքում նախ պարտավոր էր դիմել իրավապահ մարմիններին, բայց, չգիտես ինչու, նա դա չի արել պաշտոնապես, չնայած այդ ընթացքում մի քանի անանուն նամակների ու բողոքների հիման վրա «Լոռու ջրանցք» ՋՕԸ-ում կատարվել են ստուգումներ համապատասխան գերատեսչությունների եւ իրավապահների կողմից, որոնք, սակայն, ոչ մի չարաշահում չեն հայտնաբերել:

Տաքուկ անկյուն գտնելու
եւ կաշին փոխելու մասին
Ուզում եմ նշել, որ վերջին քսան տարում իմ ընտանիքը իշխանական որեւէ թեկնածուի չի սատարել, ինչի համար ենթարկվել է բազմաթիվ ճնշումների: Սատարելով 2007-2008թթ. համաժողովրդական շարժմանը, սակայն շատերի պես բախվելով համապետական ընտրությունների համատարած կեղծմանն ու իշխանության բռնի զավթմանը՝ մեր պայքարը շարունակեցինք՝ ՏԻՄ ընտրություններում սատարելով ՀՀԿ թեկնածուի դեմ առաջադրված, այն ժամանակ անկուսակցական թեկնածու Արսեն Տիտանյանին: Ծանր պայքարի եւ վերաքվեարկության արդյունքում մեր թիմը արձանագրեց հաղթանակ. համայնքապետ ընտրվեց մեր թեկնածուն, իսկ ավագանու կազմում, որում նաեւ ես էի, ունեցանք մեծամասնություն: Ժամանակին մամուլում նույնիսկ հրապարակումներ եղան, որ հեղափոխությունն Օձունից է սկսվում:
Համայնքապետարանի աշխատակազմում կադրերի պակաս ունենալով` գյուղապետն ինձ հրավիրեց աշխատակազմ, եւ ես, վայր դնելով ավագանու իմ պարտականությունները, անցա աշխատանքի:
Կաշին փոխելու մասին խոսող համայնքապետը կարճ ժամանակ անց համալրեց ՀՀԿ շարքերը: Մի քանի անգամ փորձեց ինձ եւս ներքաշել հարազատ կուսակցություն, սակայն բացասական պատասխան ստանալուց հետո անցավ շանտաժի իր սիրելի մեթոդին: 2012թ. խորհրդարանական ընտրություններից առաջ ինձ առաջարկեց գլխավորել համայնքի ընտրատեղամասերից մեկը եւ նույնիսկ ընտրակեղծիքների գնով ապահովել սիրելի կուսակցության հաղթանակը: Դարձյալ բացասական պատասխան ստանալուց հետո ասաց, որ ԱԱԾ-ին է հանձնում Օձունում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը մեր ավտոմեքենայով գնացած բարեկամներիս, այդ թվում եւ ծնողներիս տվյալները: Անպատվաբեր համարելով մարդկային նման տեսակի հետ իմ հետագա աշխատանքը՝ ազատվելու դիմում ներկայացրի եւ անաղմուկ հեռացա՝ հաշվի առնելով Ապրեսյանների ու Տիտանյանների մտերմությունը, եւ որոշմանս իրական դրդապատճառների մասին տեղյակ պահեցի միայն ընտանիքիս անդամներին: Դրանից հետո բոլոր ընտրություններում ՀՀԿ-ին իր կողմից խոստացված ձայների համապատասխան քանակը չապահովելու գլխավոր պատճառներից մեկը գյուղապետը ներկայացրեց իմ ընտանիքի կողմնորոշումը՝ վերեւների ճնշումներն իր վրայից ուղղելով մեր կողմը: Այնուհետեւ բացելով ճղճիմ գործելաոճի իր ողջ զինանոցը՝ դիմեց մանրագույն քայլերի՝ ընդհուպ մանկապարտեզի ամանորյա հանդեսին որդուս նվերից զրկելը, Ուսուցչի օրվա առթիվ մորս ծաղկեփնջի չարժանացնելը, դպրոցի կառավարման խորհրդի կազմում ինձ այլ անձով փոխարինելը…
Ժողովրդական թավշյա հեղափոխությունից հետո սկսեց տաքուկ անկյունների փնտրտուքը, բայց ամեն տեղ պատի դեմ առնելով՝ նյարդերը տեղի տվեցին, եւ սկսեց հրապարակավ մեղադրել մեզ նախկինում ՀՀԿ-ին սատարելու մեջ:
Գյուղում ստեղծված լարված մթնոլորտը լիցքաթափելու եւ հանրապետությունում ստեղծված սիրո եւ համերաշխության մթնոլորտը չփչացնելու համար կոչ եմ անում Օձունի գյուղապետին սթափ գնահատել իրավիճակը եւ խաղաղ հեռանալ զբաղեցրած պաշտոնից՝ ճանապարհ բացելով եռանդով լի նոր, երիտասարդ սերնդի առաջ: Ուզում եմ հավաստիացնել, որ ես բավարարված եմ իմ աշխատանքով եւ որեւէ պաշտոնի չեմ հավակնում:

Հ.Գ. Այսօր պետական ցանկացած պաշտոնյա պետք է ունենա այն գիտակցումը, որ իր ղեկավարած ոլորտը պապի բոստանը չէ, որի հետ կարող է վարվել՝ ինչպես ուզում է: Ավելին` նա պետք է պատրաստ լինի լսելու ե՛ւ քննադատություն, ե՛ւ բողոք, ե՛ւ պահանջ: Նման գիտակցում չունեցող պաշտոնյան այլեւս թանկ է վճարելու:

ԱՐՍԵՆ ԱՊՐԵՍՅԱՆ

 

 

2 ՄԼՆ. ԴՐԱՄ ԳՐԱՎՈՎ ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՎԵԼ
Նախնական քննության տվյալներով` 2018 թվականի մարտի 18-ին` ժամը 17:00-ի սահմաններում, «ՍՕՍ մանկական գյուղեր» ՀԲՀ-ի «Իջեւան» մասնաճյուղի արհեստանոցում այդ հիմնարկության վարպետը անառակաբարո գործողություններ է կատարել 2003թ. ծնված սանի նկատմամբ: Ըստ նախաքննական մարմնից ստացված տեղեկությունների` մանկական գյուղի մասնաճյուղի սարքավորումների եւ կառույցների սպասարկումն իրականացնող վարպետը, ով միաժամանակ զբաղվել է նաեւ երեխաների դաստիարակությամբ, սովորեցնելով գործնական հմտություններ, իր արհեստանոցում, հերթական պարապմունքի ժամանակ անառակաբարո գործողություններ է կատարել երկու անչափահասների նկատմամաբ: ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում այդ կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 142 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Անառակաբարո գործողությունները, որոնք կատարվել են տասնութ տարին չլրացած անձի նկատմամբ ծնողի կամ մանկավարժի կամ ուսումնական կամ բուժական կամ դաստիարակչական հաստատության աշխատակցի կամ այլ անձի կողմից, որի վրա դրված է նրա դաստիարակության կամ խնամքի պարտականություն): Այդ քրեական գործով ձերբակալվել է «ՍՕՍ մանկական գյուղեր» ՀԲՀ-ի «Իջեւան» մասնաճյուղի վարպետը: Նախաքննական մարմինը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան է դիմել «ՍՕՍ մանկական գյուղերի» վարպետին կալանավորելու միջնորդությամբ: Դատարանը վճռել է «ՍՕՍ մանկական գյուղերի» «Իջեւան» մասնաճյուղի իջեւանցի 65-ամյա վարպետի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել 2 միլիոն դրամ գրավը: Սույն քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

 

 

ՏՆՕՐԵՆՆ ԷԼ…
Օգոստոսի 27-ին Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը որոշում է ընդունել այդ օրվանից` օգոստոսի 27-ից լուծել «ՀՀ Տավուշի մարզի Չինչինի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Անդրանիկ Հայրապետյանի հետ մեկ տարի առաջ կնքված աշխատանքային պայմանագիրը: 2017թ. օգոստոսի 30-ին Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանը Ա. Հայրապետյանին դպրոցի տնօրենի պաշտոնում նշանակելով` նրա հետ աշխատանքային պայմանագիր է կնքել 5 տարի ժամկետով: Տավուշի մարզպետարանից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ա. Հայրապետյանը մտադիր է մշտական բնակության մեկնել ՌԴ, եւ ինքն է ցանկություն հայտնել ազատվել պաշտոնից:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
ՏԱՎՈՒՇ




Լրահոս