Գյումրիում ճանապարհաշինությունը տեղ-տեղ կանգնած է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիում փողոցաշինական աշխատանքները առանձին վայրերում խոչընդոտվում են, որոշ հատվածներում էլ դադարեցված են ընդհանրապես: Մասնավորապես Տիգրան Մեծ փողոցում շինաշխատանքներն արդեն մի քանի օր է` կանգ են առել: Աշխատանքներն իրականացվում են Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի ֆինանսավորմամբ:
Գյումրու փողոցաշինական աշխատանքների վերահսկողությունը համակարգող աշխատանքային խմբի ղեկավար Արա Մելիքջանյանի փոխանցմամբ` աշխատանքների պաշտաճ կատարման ուղղությամբ վերահսկողություն իրականացվում է, սակայն թերությունները եղել են ավելի շուտ. «Մի քանի օր առաջ եմ խոսել շինարարների հետ, ասացին` վերսկսելու են: Բազալտե նոր եզրաքարեր են ներկրվել, ու աշխատանքները կշարունակվեն: Բերել են, ստանդարտներին չհամապատասխանող բազալտե եզրաքարեր են տեղադրել, բետոնալցում են արել, աշխատողի փող են տվել, գումար են ծախսել, մեր խնդիրը չէ, թե այդ գումարն ինչպես կփոխհատուցվի: Թե ի սկզբանե աշխատանքներն իրականացնեին նախագծին համապատասխան»:

Շինկազմակերպության աշխատակիցները օրեր առաջ բողոքում էին, որ աշխատավարձերն են ուշանում, ինչն էլ կապվում էր նրանց ցածրորակ աշխատանքի հետ: Բացի այդ, խոչընդոտներ կան նաեւ այլ ճանապարհահատվածներում աշխատանքների ոչ պատշաճ կազմակերպման պատճառով. «Որ հատվածում հայտանբերվի թերություն, շինարարությունը կկանգնեցվի: Մինչ համապատասխան որակ չապահովվի, չի շարունակվելու: Աշխատանքները երբեմն կանգնում են օպերատորների կողմից ոչ ճիշտ մալուխների տեղակայման վերաբերյալ տեղեկատվության տրամադրման հետ, մալուխների, ջրագծերի հատմամբ պայմանավորված, որոշ դեպքերում` շինարարների անբարեխիղճ աշխատանքներով պայմանավորված»,-ասաց փոխմարզպետ Արա Մելիքջանյանը:
Ստացվում է` հենց վերահսկողությունն անցավ մարզպետարանին, թերություններն էլ ի հայտ եկան: Հիշեցնենք, որ նախկինում աշխատանքները համայնքապետարանն էր վերահսկում, Սամվել Բալասանյանն էլ դիմել էր կառավարությանը ստեղծելու վերահսկող այլ մարմին, որը կղեկավարեր մարզպետարանի ներկայացուցիչը:

Հեղինե Մանուկյան
Գյումրի




Լրահոս