Լոռու մարզի Ճոճկան գյուղի բնակիչ, 1982 թվականին ծնված Արթուր Պապինյանը մեղադրվում է 2017թ. հոկտեմբերի 4-ին` ժամը 21.30-ի սահմաններում, Նոյեմբերյան քաղաքին հարակից անտառ տանող ճանապարհին ՌԴ քաղաքացի, 36-ամյա կնոջ հետ, նրա կամքին հակառակ, սեռական հարաբերություն ունենալու մեջ:
Արթուր Պապինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին մասով` Բռնաբարություն: Նա 3 ամիս գտնվել է կալանքի տակ, հետո նրա խափանման միջոցը փոխվել է, գրավով ազատ է արձակվել: Տուժողը բնակվում է Մոսկվայում, նախաքննության ավարտից հետո մեկնել է Ռուսաստան, Բերդ քաղաքում կայացող դատական նիստերին չի մասնակցել: Արթուր Պապինյանը մեզ հետ զրույցում ասաց, որ քրեական այդ գործով իրեն անմեղ է համարում, համաձայն չէ անգամ իր պայմանական ազատազրկմանը: Նախաքննության ընթացքում նա ինքնախոստովանական ցուցմունք է գրել, հետագայում հրաժարվել դրանից: Քրեական գործում առկա է նաեւ նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը:
Քրեական գործով մեղադրող, Տավուշի մարզի դատախազության դատախազ Ներսես Չիլինգարյանը մեղադրական ճառի ավարտին դատարանին միջնորդել է Արթուր Պապինյանին մեղավոր ճանաչել Բռնաբարության հոդվածով եւ նրան դատապարտել 4 տարի ժամկետով ազատազրկման, այդ ժամկետից հանել նրա կալանքի մեջ գտնվելու 3 ամիսը եւ նրան դատապարտել 3 տարի, 9 ամիս ժամկետով ազատազրկման: Պաշտպանական ճառով հանդես գալով` մեղադրյալի պաշտպան, փաստաբան Սարգիս Խաչատրյանը դատարանին միջնորդել է Արթուր Պապինյանին անմեղ ճանաչել կամ նրա նկատմամբ պատժաչափ նշանակել պայմանական ազատազրկումը:
Օգոստոսի 24-ին Բերդ քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է Արթուր Պապինյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին մասով եւ նրան դատապարտել 2 տարի, 8 ամիս, 4 օր ժամկետով ազատազրկման: Ա. Պապինյանի պաշտպան Սարգիս Խաչատրյանը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկարցրել` խնդրելով բեկանել այդ դատավճիռը եւ կայացնել արդարացման որոշում, Ա. Պապինյանին մեղավոր ճանաչելու դեպքում նրա նկատմամբ նշանակել մեղմ պատիժ` ազատազրկման հետ չկապված, եւ պայմանականորեն չկիրառել այն` սահմանելով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածով նախատեսված փորձաշրջան:
Ոսկան Սարգսյան
Տավուշ