Մենք կառուցեցինք Հյուսիսային պողոտան, և այնտեղ չկա մշակութային որևէ օջախ. Ռուբեն Բաբայան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երեւանին քաղաքային մտածողություն ունեցող մարդ է պետք, քանի որ մեր քաղաքում ապրում է երկրի բնակչության գրեթե կեսը, հարկավոր է այն բեռնաթափել: Իսկ դա կարող է տեղի ունենալ միայն Հայաստանի համաչափ զարգացման արդյունքում»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Երեւանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:
Նա հիշեցրեց՝ ժամանակին փորձեցին Երեւանը դարձնել միլիոնանոց քաղաք, որպեսզի մետրո կառուցեն. «Բայց չեմ կարծում, որ Վիլնյուսը կամ Տալինը ինչ-որ բան են կորցրել՝ չլինելով միլիոնանոց քաղաք»,-ասաց մեր զրուցակիցը:

Պարոն Բաբայանի համոզմամբ՝ շատ կարեւոր է, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը սեփական օրինակով ցույց տա՝ որն է լավ երեւանցու կերպարը. «Այսօր բոլորը խոսում են աղբահանության խնդրի մասին, բայց ես կասեմ, որ եթե նույնիսկ աղբահանությամբ զբաղվող ընկերությունները տասնապատիկ ավելին լինեն, Երեւանը դրանից մաքուր չի դառնա, որովհետեւ մենք՝ երեւանցիներս, այն մաքուր չենք պահում»,-շեշտեց գեղարվեստական ղեկավարը:

Նա ցանկություն հայտնեց, որ Երեւանի կենտրոնում արգելվի որեւէ շինարարություն եւ զարկ տրվի այգիների, պուրակների կառուցմանը. «Երեւանն այսօր թոքեր չունի: Տեսեք՝ որքան տարածված է քաղցկեղը: Պատճառներից մեկը մեր ստեղծած պայմաններն են: Վերացրեցինք կանաչ գոտիները՝ չհասկանալով, որ վերացնում ենք մարդկանց ապրելու միջավայրը: Իրականում չկա առաջնային կամ երկրորդական խնդիր: Կա խնդիրների կոմպլեքս»,-մեկնաբանեց պարոն Բաբայանը:

Նրա կարծիքով՝ Երեւանը պետք է դառնա մշակութային քաղաք, քանի որ նրա դեմքը մշակույթն է, սեփական ճարտարապետությունը, պատմությունը. «Մենք կառուցեցինք Հյուսիսային պողոտան, եւ այնտեղ չկա մշակութային որեւէ օջախ: Ինչո՞վ ենք զարմացնելու մարդկանց, բրենդային խանութներո՞վ, թե՞ անճաշակ շենքերով: Կուզենայի նաեւ, որ ներկայիս քաղաքապետը պահպաներ պատմական, մշակութային կղզյակները, որ մնացել են, հասկանար, որ Երեւանը միայն կենտրոնը չէ, այլեւ արվարձանները, լայնամասշտաբ մտածեր»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս