Քաղաքաշինության պետական կոմիտեն անգործության է մատնվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեում, մեղմ ասած, անգործության են մատնված: Բանն այն է, որ այս օրերին «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն են ահազանգում տարբեր քաղաքացիներ եւ խնդրում են օգնել իրենց այդ կոմիտեից անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու հարցում:

Պարզվում է, որ քաղաքացին (որի անունն այս պահին չենք հրապարակում իր իսկ պահանջով) դեռեւս հունիս ամսին հողի նպատակային նշանակությունը փոխելու դիմում է ներկայացրել համայնքապետարան: Արդյունքում համայնքապետարանից օրենքով սահմանված կարգով քաղաքացու դիմումը ուղարկել են ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտե: «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն ահազանգած քաղաքացին նշում է, որ արդեն երեք ամիս է, ինչ իր հարցի պատասխանը չի կարողանում ստանալ, քանի որ համայնքապետարանը հարցի պատասխանը գցում է ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի վրա, իսկ կոմիտեում անգործության են մատնված:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց անձամբ հասկանալ, թե ինչ ճակատագրի արժանացավ քաղաքացու դիմումը, սակայն մեր ճիգերը պատասխան ստանալու մնացին ապարդյուն, քանի որ կոմիտեն պատասխանատվությունը գցում էր համայնքապետարանի վրա` մոռանալով իր պարտականությունների մասին. «Քաղաքացին որտեղ դիմել է, այտեղից էլ պետք է պատասխան ստանա»,- ահա սա էր նրանց վերջնական պատասխանը:

Նկատենք, որ պետական այս կառույցում այն աստիճան բարձիթողի վիճակ է, որ անգամ չգիտեն, թե քաղաքացու դիմումը «ուր է հասել» եւ որ կառույցի վարչությունն է զբաղվում:

Եթե այս ամենը տեղի ունենար նախորդ իշխանությունների օրոք, միգուցե չզարմանայինք: Բայց արի ու տես, որ քաղաքացիների հանդեպ նման վերաբերմունք է դրսեւորում թավշյա հեղափոխության արդյունքում ձեւավորված իշխանությունը: Ու սա այն դեպքում, երբ իշխանության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը մշտապես պնդել է, որ սա ժողովրդի իշխանությունն է: Դեռ այս տարվա հուլիսին` Սյունիքի մարզ այցի ժամանակ, վարչապետ Փաշինյանը հայտարարել էր. «Պաշտոնյաները ծառայում են ժողովրդին: Դուք պետք է ունենաք իշխանություն, որը ծառայելու է ձեզ, դուք ունեք իշխանություն, որը ծառայում է ժողովրդին»:

Բայց արի ու տես, որ պետական կառավարման համակարգում, հանձին Քաղաքաշինության պետական կոմիտեի ղեկավար Ավետիք Էլոյանի ու իր աշխատակիցների, դեռ կան մարդիկ, որոնք չեն շարժվում վարչապետ Փաշինյանի հռչակած սկզբունքներով ու իրենց անգործությամբ քաղաքացիների մոտ նոր իշխանության հանդեպ ձեւավորում են բացասական վերաբերմունք:

Ս. Հ.




Լրահոս