ՀՀԿ-ն անկոտրում է. Բաղդասարյան-Փաշինյան հանդիպման հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկվանից Ազգային ժողովի խմբակցությունների հետ սկսել է Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին քննարկումները:
Մինչ այդ վարչապետը հույս հայտնեց, որ հարցի վերաբերյալ խորհրդարանական ուժերի հետ իրենց կհաջողվի համաձայնության գալ, եւ քաղաքացիների աջակցությանը դիմելու անհրաժեշտություն չի լինի։ «Չնայած, եթե կլինի այդպիսի անհրաժեշտություն, հույս ունեմ, որ դուք բոլորդ պատրաստ կլինեք քաղաքական այս գործընթացին ձեր աջակցությունը ցուցաբերել այս կամ այն ձեւով», – ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ անցած շաբաթ էլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն հնարավորինս շուտ, եւ նա չի բացառում, որ դրանք կանցկացվեն արդեն այս տարվա վերջին, չնայած խորհրդարանական խմբակցությունները դեմ են հապշտապությանը:

Եվ ահա, վարչապետի հետ հանդիպումների առաջին ծիծեռնակը «Հանրապետական» խմբակցությունն էր, մասնավորապես ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նիկոլ Փաշինյանն իր խոսքում ընգծել էր` կլինի աշխատանքային հանդիպում, ապա պաշտոնական: Եվ հենց դա է պատճառը, որ աշխատանքային հանդիպումն ավելի սեղմ կազմով է տեղի ունեցել ուշ ժամի:

Նախ նշենք, որ երեկ ՀՀԿ խմբակցությունը գրեթե ամբողջ կազմով խորհրդարանում էր եւ նիստ էր անցկացնում: Չնայած ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նկատեց, թե նման նիստեր ՀՀԿ-ում սովորաբար լինում են լիագումար նիստերից մեկ օր առաջ, եւ արտասովոր ոչինչ պետք չէ փնտրել, սակայն փաստը մեկն է, որ այդ նիստի ժամանակ անդրադարձ է եղել նույն Փաշինյան-Բաղդասարյան հանդիպմանը եւ վարչապետի առաջարկին ու ՀՀԿ-ի հետագա քայլերին:
Ինչպես եւ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստի ժամանակ, երեկ եւս խմբակցության նիստում «Հանրապետական» խմբակցության անդամները դեմ են արտահայտվել Ազգային ժողովի ինքնալուծարմանն ու սահմանադրական փոփոխությունների շնորհիվ խորհրդարանական ընտրություններին հասնելը: Իհարկե, խմբակցության կազմում կան պատգամավորներ, ովքեր բարձրաձայնել են, թե հնարավոր է` Փաշինյանը ճիշտ է, եւ պետք է գնալ այդ ճանապարհով: Սակայն սկզբունքայիններն ավելի շատ են եղել, ովքեր, կարելի է ասել, երկու ոտքը մեկ կոշիկի մեջ դրած` դեմ են արտահայտվել ինքնալուծարմանը` նաեւ ասելով, թե եթե Նիկոլ Փաշինյանն արտահերթ ընտրություններ է ցանկանում, թող Սահմանադրությանը համաձայն հրաժարական տա:

Եվ եթե նախկինում նրանք չէին շտապում կոշտ հայտարարություններ հնչեցնել, հիմա չեն խուսափում դրանից: Եվ նրանք չեն թաքցնում, որ դեմ են որքան հնարավոր է շուտ արտահերթ ընտրություններ անցկացնելու մտադրությանը: «Ես դեմ եմ դրան: ՀՀԿ-ն դեռեւս ամիսներ առաջ ասել է, որ պատրաստ է քննարկել ե՛ւ Ընտրական օրենսգիրքը, ե՛ւ արտահերթ ընտրությունների հնարավորության հարցը: Բայց քննարկել՝ չի նշանակում, երբ Փաշինյանը ձեռքով նշան անի, ԱԺ-ն լուծարենք ու իր քիմքին համապատասխան ԱԺ ընտրենք», – «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Ընդ որում, մյուս խմբակցությունների ներկայացուցիչներն այնքան էլ չեն շտապում միանշանակ հայտարարություններ անել` ասելով, թե ամեն ինչ կախված է Նիկոլ Փաշինյանի ներկայացրած փաստարկներից, սահմանադրական փոփոխությունների փաթեթից: Եվ հենց սա եւս վստահություն է տալիս հանրապետականներին, ովքեր կարծում են, թե կարող են բոլորով միասին պայքարել Փաշինյանի մտադրությունների դեմ:

Բոլոր դեպքերում խմբակցությունների փաստարկները նույնն են. պետք չէ շտապել, պետք է ամեն ինչ ճիշտ կազմակերպել, եւ որպես հակափաստարկ բոլորը բերում են Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագիրը, որտեղ էլ ամրագրված է, որ արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեն մեկ տարվա ընթացքում եւ փոփոխված Ընտրական օրենսգրքով, եւ հիմա բոլորը զարմանում են` ինչու է վարչապետը ցանկանում ամեն ինչ այսքան հապճեպ կազմակերպել:

Ընդ որում, մյուս խմբակցությունների ներկայացուցիչները երեկ նշում էին, թե դեռեւս վարչապետի կողմից հանդիպման որեւէ առաջարկ չեն ստացել, սակայն ստանալու դեպքում պատրաստ են հանդիպել վարչապետին, քննարկումներ անցկացնել եւ ներկայացնել սեփական հակափաստարկները: «Տեսնենք, թե ինչ է ներկայացնում վարչապետը, դրանից էլ կարող են առաջարկներ ծնվել: Ես դեմ եմ, մենք միշտ խոսել ենք, որ ցանկացած իրավական ակտում կատարվելիք կարեւոր փոփոխությունների՝ առավել եւս Սահմանադրության եւ սահմանադրական օրենքների մեջ փոփոխությունների ժամանակ հանրային իրազեկումը անհրաժեշտ է: Ինչպե՞ս կարելի է Սահմանադրական փոփոխություններ կատարել եւ այն պարփակել միայն ԱԺ-կառավարություն պատերի տիրույթում»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նկատեց Գեւորգ Պետրոսյանը:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ երեկ նշեց, թե կողմ են արտահերթ ընտրությունների գաղափարին, սակայն միայն խելամիտ ժամկետներում: Այս խմբակցության անդամները եւս երեկվա դրությամբ վարչապետի կողմից ոչ մի հրավեր չէին ստացել: Իսկ ինչ վերաբերում է «Ելք» խմբակցության մյուս անդամներին, այսինքն ոչ ՔՊ-ականներին, ապա նրանք եւս երեկվա դրությամբ որեւէ հանդիպման մասին տեղյակ չէին: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Էդմոն Մարուքյանը վստահեցրեց, թե իրենք պատրաստ են արտահերթ ընտրություններին` երբ էլ դրանք տեղի ունենան: Ավելին, նա կարծիք արտահայտեց, թե վերջնաարդյունքում «Լույս» դաշինքը կարող է նույնիսկ երկրորդ ուժը լինել:

Ինչեւէ, չնայած այս ամենին, երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված մոմավառությունից հետո էլ գնաց «Արմենիա Մարիոթ» հյուրանոց, որտեղ էլ կայացավ Նիկոլ Փաշինյան-Վահրամ Բաղդասարյան հանդիպումը: Հանդիպումն այնքան էլ երկար չտեւեց: Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը հստակ հայտարարեց, թե հերթական ընտրությունները բացառվում են, եւ այդ հարցում ինքը ՀՀԿ-ի աջակցությունը չունի: Միեւնույն ժամանակ Վահրամ Բաղդասարյանն էլ նշեց, թե ամեն ինչ պետք է կատարվի Սահմանադրությանը համապատասխան: Եվ ստացվում է` երեկվա հանդիպումն էլ մեկ անգամ եւս փաստեց, որ ՀՀԿ-ն ամեն ինչ անելու է արտահերթ ընտրությունների շուտ չգնալու համար, եւ նրանց չի կանգնեցնի անգամ ժողովրդի ընդզվումը: Ընդ որում, այս հարցում նրանք եւս փաստարկ ունեն. իրենք իշխանություն չեն, եւ որեւէ դեպքի համար պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է:

Հ.Գ. Ի դեպ, երեկ ԱԺ նախկին պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը ներկայացրել է ԱԺ արտահերթ ընտրությունների գնալու իրավական տարբերակ. «Ինձ` որպես իրավաբանի, առավել ընդունելի է երկրում ստեղծված կնճիռը լուծել ՀՀ Սահմանադրության անփոփոխելի 2-րդ հոդվածով նախատեսված հանրաքվեի միջոցով` որպես ժողովրդաիշխանության իրականացման անմիջական եւ ունիվերսալ եղանակ»,- գրել է նա ու մանրամասնել:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս