Ինչպիսի արտոնյալ պայմաններ կլինեն` վարկով բնակարան ձեռք բերելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը «Բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրի շարունակության նոր փուլի վերաբերյալ որոշում է կայացրել: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերով` այս որոշմամբ երիտասարդ ընտանիքները կարող են արտոնյալ պայմաններով բնակարան ձեռք բերել: Ավելին` եթե նախկինում երիտասարդ էր համարվում այն ընտանիքը, որտեղ ամուսինների առավելագույն տարիքը 65-ն էր, ապա այն հիմա դարձել է 70: Ըստ վարչապետի` երիտասարդ ընտանիքները կարող են երկրորդային շուկայից, այսինքն` ոչ նորակառույց շենքից բնակարան ձեռք բերել հետեւյալ պայմաններով` Երեւանում հիփոթեքային վարկի տոկոսադրույքը կլինի առավելագույնը 7,5 տոկոս, մարզերում` 5,5 տոկոս:

«Ընդ որում, խոսքն առավելագույն տոկոսի մասին է, որովհետեւ որոշակի բանկային մրցակցության պայմաններում այդ տոկոսներն ավելի ցածր կարող են լինել: Ես խոսել եմ կենտրոնական բանկի նախագահի հետ եւ նա ասաց, որ արդեն կան բանկեր, որ ավելի ցածր տոկոսով վարկեր կտան»,-հայտարարել է Փաշինյանը:

Հաջորդ կարեւոր փոփոխությունը, որը վարչապետը շտապեց հայտնել, այն է, որ եթե նախկինում պահանջվում է կանխավճար բնակարանի արժեքի 30 տոկոսի չափով, հիմա այն կարող է լինել 10 տոկոս, եթե առկա է երկրորդ գույքի գրավ, կամ բնակարանի արժեքի 20 տոկոսի չափով ապահովագրություն. «Այսինքն` հնարավոր է, որ երիտասարդ ընտանիքը բնակարան է ձեռք բերում եւ ծնողներից մեկի բնակարանը գրավ են դնում, երբ կփակեն վարկը, բնակարանը գրավից դուրս կգա»: Իսկ նորակառույց բնակարանների համար վարկի մարման ժամկետը կկազմի 30 տարի, իսկ երկրորդային շուկայից բնակարան ձեռք բերելու դեպքում ժամկետը կլինի 20 տարի:

Վարչապետը փոխանցեց նաեւ, որ այս ծրագրով բնակարան ձեռք բերող քաղաքացիները հետ կստանան իրենց եկամտահարկը: Այսինքն` նրանց համար շատ դեպքերում կգործեն անտոկոս վարկեր, այսինքն 30 տարով անտոկոս վարկ: «Ես կարծում եմ` սա շատ լավ հնարավորություն է: Ես հույս ունեմ, որ այն մարդիկ, որոնք միջինից բարձր վճարվող աշխատանք ունեն, այս հնարավորությունից կօգտվեն»,-հույս հայտնեց Նիկոլ Փաշինյանը:

Բայց որոշման այս նախագիծը պաշտոնապես հայտնի կդառնա կառավարության առաջիկա նիստերից մեկում: Թե երբ կարող են երիտասարդները արտոնյալ պայմաններով բնակարան ձեռք բերել, դեռեւս հայտնի չէ:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս