ՖՈՏՈ․ Փոքրիկ հայուհու հաղթանակի շնորհիվ Թուրքիայում հնչել է հայկական դուդուկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանցի փոքրիկ մոդել Միլանա Կարապետյանի շնորհիվ օրերս Թուրքիայում հնչել է հայկական դուդուկը: Գեղեցկուհին մասնակցել է Կուշադասի քաղաքում անցկացված «Little princess world-2018» մրցույթին եւ գրավել է առաջին հորիզոնականը: Բացի դրանից՝ Միլանան արժանացել է մրցանակների եւս երկու անվանակարգերում՝ «TV Star Universe» եւ «Best of the best»: Միլանայի մայրիկը՝ Սոնա Եսայանը, «Ժողովուրդ» օրաթերթին պատմեց, որ մրցույթի ամբողջ ընթացքը տեւել է տասը օր, իսկ մրցութային բուն օրը սեպտեմբերի 28-ին էր:

Սոնայի խոսքով՝ Միլանան տրամադրված էր հաղթանակի, թեեւ մրցակցությունը բավական բուռն է եղել. «Այնուամենայնիվ, ամեն բան շատ գրագետ էր կազմակերպված, այնպես էր արված, որ որեւէ փոքրիկի սիրտ չկոտրվեր, ամեն մեկն էլ որեւէ անվանակարգում ինչ-որ թագի արժանացավ: Եվ հետո կազմակերպիչները հաշվի էին առել, որ դա փոքրիկների գեղեցկության մրցույթ է, որտեղ, օրինակ, լողազգեստներով ցուցադրությունը կամ գրիմը տեղ չունեին»,-նկատեց Միլանայի մայրիկը:Մենք հետաքրքրվեցինք՝ Միլանան ունի արդյոք պրոդյուսեր, եւ ինչ են տալիս նրան նմանատիպ մրցույթները. «Ոչ, դեռ չունի, բայց կան բազմաթիվ առաջարկներ: Նրան առաջիկայում կկանչեն նկարահանվելու գովազդներում, դուստրս արդեն առաջարկ է ստացել դեկտեմբերին Դուբայում մասնակցելու երգի փառատոնի: Ի դեպ, նա հրաշալի երգում է եւ պարում»,- պատասխանեց Սոնան:

Մենք հարցրեցինք, թե ինչպես է Միլանայի տրամադրությունը. «Հրաշալի, ինչ վերադարձել եմ, հասցրել եմ կարոտել մրցույթի մասնակիցներին: Ճիշտ է, հաճախ մենք չէինք հասկանում միմյանց լեզուն, բայց մեծ սիրով եւ ջերմությամբ էինք շփվում իրար հետ»,-ասաց գեղեցկուհին:
Հավելենք, որ մրցույթի գլխավոր կազմակերպիչը «Համաշխարհային գեղեցկության եւ նորաձեւության» լիգայի նախագահ Աշոտ Խաչատրյանն է:

Աննա Բաբաջանյան




Լրահոս